Հաննա Ալասուտարի. Ներառական կրթության ներդրումը մեկ օրվա գործ չէ - Mediamax.am

exclusive
44226 դիտում

Հաննա Ալասուտարի. Ներառական կրթության ներդրումը մեկ օրվա գործ չէ

Հաննա Ալասուտարին
Հաննա Ալասուտարին

Լուսանկարը`


Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սկսել է հանրակրթական պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացը։ Տեղի եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ մշակված փաստաթղթերը սահմանելու են առարկայացանկը, գնահատման համակարգը, դասավանդման մեթոդները, հենքային ուսումնական պլանը, կարողունակությունները, որ պետք է ունենա դպրոցն ավարտող աշակերտը։

 

Հայաստանում ներառական կրթության ներդրման, այդ գործընթացում ուսուցչի դերի եւ կարծրատիպերը հաղթահարելու մասին Մեդիամաքսը զրուցել է Հաննա Ալասուտարիի հետ։ Նա Համաշխարհային բանկի կրթության գլոբալ պրակտիկայում ներառական կրթության հարցերով գլոբալ թեմատիկ ղեկավարն է եւ կրթության մասնագետ։

 

- Հայաստանը պատրա՞ստ է անցնել համընդհանուր ներառական կրթության։ 

 

- Համաշխարհային բանկի հայաստանյան թիմին միանալուց հետո հնարավորություն եմ ունեցել համագործակցելու տեղի գործընկերներիս հետ եւ ուսումնասիրելու երկրի կրթական համակարգը։ Ներառական կրթության ներդրումը գործընթաց է, որը չի կարող իրականացվել մեկ օրում։ Այս գործընթացում մարդկային ռեսուրսը կարեւորագույն գործոններից է։ Անհրաժեշտ է, որ ուսուցիչները, ուսուցչի օգնականները, հատուկ մանկավարժները, դպրոցների տնօրենները եւ մյուս մասնագետներն աջակցեն բոլոր երեխաների կրթության ապահովմանը։

 

Շատ ոգեւորիչ է տեսնել, թե Հայաստանն ինչպես է ծրագրում եւ իրականացնում  բարեփոխումները, օրինակ, ուսուցիչների կրթության եւ ուսումնական ծրագրերի վերանայման ուղղությամբ։ Համոզված եմ, որ Հայաստանը պատրաստ է շարունակել կրթական համակարգի ամբողջական բարեփոխումը, այդ թվում՝ ներառական կրթության զարգացումը: 

 

-  Ուսուցիչների անփոխարինելի դերի մասին եք խոսում նաեւ «Կրթություն բոլորի համար․ուսուցիչների առանցքային դերը ներառական կրթության մեջ» հոդվածում։ Ինչպե՞ս պատրաստել ուսուցիչներին՝ ներառական կրթության համակարգում աշխատելու համար։

 

- Շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր ուսուցիչ վերապատրաստվի եւ գործնականում աշխատի ներառական կրթության համակարգում՝ նախքան մանկավարժական գործունեությամբ զբաղվելը: Կարեւոր է նաեւ մասնագիտական շարունակական  զարգացման ծրագրերի հասանելիությունը։ Բացի այդ, ավելի փորձառու ուսուցիչները եւ այլ մասնագետները պետք է ռեսուրս դառնան մյուսների համար։ Որպեսզի ներառական կրթությունը բարեհաջող ներդրվի, շատ կարեւոր է ուսուցչին միայնակ չթողնել։ Նա ունի դպրոցի տնօրենի, այլ ուսուցիչների եւ մասնագիտական ռեսուրսի կարիք։ 

 

Կարեւոր է ծանոթ լինել ներառական կրթության գլոբալ փորձին եւ այլ երկրներում դրա կիրառման եղանակներին։ Մյուս կողմից,  յուրաքանչյուր երկիր եզակի է եւ կարիք ունի վերլուծելու իր կրթական համակարգը ներառականության տեսանկյունից եւ կառուցելու ներառական կրթության սեփական համակարգը։

Բոլոր երեխաների կրթության ապահովմանն աջակցելը Հայաստանի կրթական բարեփոխումների հիմքում է, եւ հենց դա է ներառական կրթությունը։ Բացի այդ, ուսուցիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, գիտելիքի ընդլայնմանը, տարբեր կարիքներով աշակերտներին դասավանդելու հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումները, ուղեկցված մանկավարժական տարաբնույթ մոտեցումներով, աջակցում են յուրաքանչյուր երեխայի կրթությանը։ Ամեն աշակերտ պետք է վստահ լինի, որ դասարանում իրեն սպասող ուսուցիչը կանխակալ մոտեցում չունի։

 

- Հայաստանում ներառական կրթություն ասելով՝ շատերը հասկանում են թեքահարթակներ եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներ։ Բայց ներառականությունը շատ ավելի ընդգրկուն է եւ խնդիրներն էլ ավելի շատ են՝ նյութերի հասանելիություն, դասավանդման մեթոդներ… Ինչի՞ց է պետք սկսել։

 

- Շատ կարեւոր է, որ ներառական կրթության համակարգի զարգացման վերաբերյալ Հայաստանի հասարակության ընկալումները եւ կառավարության տեսլականը նույնը լինի։ 

 

ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները, հատկապես՝ 4-րդը, հիշեցնում են բոլոր երեխաների որակյալ կրթության ապահովման կարեւորության մասին։ Հայաստանը վավերացրել է նաեւ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան։ Կարեւոր է, որ հաշմանդամություն ունեցող աշակերտներին կենտրոնացված մոտեցում ցուցաբերվի, որովհետեւ շատ համակարգերում նրանք ամենախոցելի խումբն են, շատ երկրներում նրանց պարզապես թաքցնում են։ Երբեմն ընտանիքները հաշմանդամություն ունեցող երեխաներին դպրոց չեն ուղարկում, որովհետեւ այնտեղ նրանք մերժված են եւ չեն ստանում բավարար աջակցություն։

 

Ներառական կրթության համակարգի եւ հասարակության ձեւավորումը պետք է դիտվի որպես համակարգային գործընթաց եւ համընդհանուր բարեփոխման մաս։ Ներկայիս իրավիճակը պետք է հանգամանորեն վերլուծվի եւ առաջարկվեն գործողություններ՝ առկա բացերը լրացնելու համար։

Ներառական կրթության ներդրման հաջողված շատ օրինակներ կան, ունենք նաեւ  դեպքեր, երբ կարելի էր ամեն ինչ այլ կերպ անել։ Ամեն երկիր պետք է գործի ինքնուրույն։ Կարեւոր խնդիր է ստեղծել ներառական կրթության այնպիսի համակարգ, որը հարմարեցված կլինի տեղական կարիքներին եւ հիմնված՝ հասարակության կողմից ընդունված արժեքների ու նորմերի վրա։

 

Հիշում եմ՝ Միացյալ Նահանգներում մի շատ տպավորիչ հանդիպում ունեցա քիմիկոս գիտնականի հետ, որն ի ծնե կույր էր։ Ավագ դպրոցում նա շատ հետաքրքրված է եղել քիմիայով, մինչդեռ բոլորը պնդել են, որ չի կարող զբաղվել դրանով ու անգամ չմտածի գիտնական դառնալու մասին։ Դպրոցն ավարտելուց հետո գիտաժողովներից մեկի ժամանակ նա լսում է մի կույր քիմիկոսի ելույթը։ Այդ հանդիպումը փոխում է նրա կյանքը։ Մոտենում է այդ պրոֆեսորին, ծափահարում ու հարցնում, թե ինչպես կարող է հետեւել նրա օրինակին։ Պրոֆեսորը պատմում է, որ չնայած գիտության մեջ իր ներդրմանը՝ գործընկերներից ոմանք չեն հավատում, որ նա ինքնուրույն է կատարում փորձերը։ Իրականում, նա գործում է ինքնուրույն՝ մի գիտաշխատողի օգնությամբ, որը նրա համար նկարագրում էր այդ փորձերը։ 

 

Եթե դուք կարճատես եք, ուրեմն ձեզ ակնոց է պետք։ Իսկ այդ պրոֆեսորը մի գիտաշխատողի կարիք ուներ։ Որպեսզի նպաստենք յուրաքանչյուր աշակերտի սովորելուն, անհրաժեշտ է փոխել ոչ միայն կրթական համակարգը, այլեւ՝ մարդկանց վերաբերմունքը։

 

- Հայաստանում  մտավոր եւ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ ընկալվում են որպես «արտասովոր երեւույթ»։ Ինչպե՞ս հաղթահարել կարծրատիպերով պայմանավորված խնդիրները։

 

- Իմ կարծիքով՝ ներառական դպրոցը էթնիկ, լեզվական եւ մշակութային բազմազանություն ունեցող աշակերտական համայնք է։ Մի վայր է, որտեղ կարող են սովորել եւ աջակցություն ստանալ մտավոր եւ ֆիզիկական հաշմանդամություն եւ վարքային խնդիրներ ունեցող երեխաները։ Որպեսզի այս համակարգն աշխատի, կարիք ունենք բավարար մարդկային ռեսուրսի՝ ճիշտ մտածելակերպով, հմտություններով եւ գիտելիքներով, ինչպես նաեւ՝ դպրոցական առաջնորդության։ Անհրաժեշտ է այնպիսի համակարգ, որը կապահովի միջոլորտային աջակցություն ներառական կրթությանը։

 

Խոսքը երբեմն մի առանձին սենյակի մասին է, որտեղ անհրաժեշտության դեպքում կարող եք հանգստանալ, կամ անհատական գրասեղան՝ մեկ այլ դասարանում։ Երբեմն հատուկ մանկավարժի կարիք կա, որը մենթորություն կանի եւ կուղղորդի ուսուցիչներին դասարանում կամ կաջակցի թիմային ուսուցման հարցում։ 

 

Երբ այս մոտեցումը դառնա նորմ, կարող է իսկապես փոխել աշակերտների մտածելակերպը եւ ավելի լավ պատրաստել նրանց հետագայում հանդիպող բազմազանությանը՝ հաշմանդամությանը, կրոնական, ազգային պատկանելությանը կամ ինքնությանն առնչվող այլ տարբերություններին, որոնք գլոբալիզացվող աշխարհում մեր կյանքի մի մասն են։ Անգամ եթե մենք գործում ենք տեղական մակարդակում, գլոբալ ներկայությունն ու փոխկապակցվածությունն առկա են յուրաքանչյուր հասարակությունում։

 

- Այս տարի մի շարք հատուկ դպրոցներ վերակազմավորվեցին՝ դառնալով աջակցության կենտրոններ։ Այս փոփոխությունը դժգոհություններ առաջացրեց․ որոշման հետ համաձայն չէին փակվող դպրոցների ուսուցիչները, ծնողները եւս ունեին անհանգստություններ։ Ի՞նչ է ասում միջազգային փորձը, հատուկ դպրոցների կարիք այլեւս չկա՞։

 

- Հատուկ դպրոցներն ու սեգրեգացված համակարգերը սովորաբար չեն ապահովում նույն հնարավորություններն ու իրավունքները, ինչ սովորական կրթական հաստատությունները, երբ խոսքը երկարաժամկետ կրթության հնարավորությունների, հմտությունների եւ գիտելիքների մասին է, որոնք անհրաժեշտ են հասարակության եւ աշխատանքային գործունեության համար։ Այդուհանդերձ, պետք է հիշել, որ յուրաքանչյուր դեպք բացառիկ է։ Ամենակարեւորը կրթությունը քննարկումների կենտրոնում պահելն է։ 

Շատ համակարգեր, հատկապես՝ նախկինում բավականին սեգրեգացվածները,  հետեւում են ռեսուրսային կամ աջակցման կենտրոններ ունենալու մոդելին։ Կան համակարգեր, որոնք նախկին հատուկ դպրոցների հիմքի վրա կառուցել են ազգային ցանց՝ աջակցելով ամբողջ ազգի կրթությանը։ 

 

Բայց կարեւոր է, որ այդ կենտրոնները չշարունակեն գործել հատուկ դպրոցների նման, չլինեն մի վայր, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները, մեկուսացված աշակերտական համայնքից, կանցկացնեն իրենց ամբողջ ժամանակը։

 

Երբ տարբեր երկրներում սկսում են փակել հատուկ դպրոցներն ու ինստիտուտները, աշխատակիցները հաճախ անհանգստանում են՝ մտածելով, որ այլեւ իրենց կարիքը չի լինի, որ կորցնելու են աշխատանքը։ Բայց դա տեղի չի ունենա, որովհետեւ միշտ կլինի նրանց փորձի կարիքը։ 

 

Եվ վերջապես, շատ կարեւոր է տուն-դպրոց համագործակցությունը, որպեսզի ծնողները լսված, տեղեկացված եւ վստահ լինեն, որ երեխային դպրոց ուղարկելիս պետք չէ անհանգստանալ նրա անվտանգության եւ կրթական կարիքների բավարարման համար։

 

Հաննա Ալասուտարիի հետ զրուցել է Լուսինե Ղարիբյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին