Նիկոլայ Լուգանսկի. Ռախմանինովի, Չեխովի եւ էյֆորիայի մասին - Mediamax.am

exclusive
10645 դիտում

Նիկոլայ Լուգանսկի. Ռախմանինովի, Չեխովի եւ էյֆորիայի մասին

Նիկոլայ Լուգանսկին
Նիկոլայ Լուգանսկին

Լուսանկարը` Jean Baptiste Millot

Լուսանկարը`


Սեպտեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Լուգանսկին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ նա կկատարի Պրոկոֆեւի եւ Չայկովսկու ստեղծագործությունները:

 

2018 թվականին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում Մեդիամաքսի թղթակցին հնարավորություն ընձեռնվեց զրուցել Նիկոլայ Լուգանսկու՝ վիրտուոզի, նուրբ մտավորականի եւ ռոմանտիկ անձնավորության հետ։

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ այդ զրույցից։

 

Ռախմանինովը

 

Առաջին անգամ նվագեցի Ռախմանինով կատարեցի («Բարկարոլա» Op. 10), երբ 9 կամ 10 տարեկան էի: Մի քանի տարի անց, ուսուցչուհուս հանձնարարությամբ, սովորեցի երկու էտյուդ՝ «Մրրիկը» ու «Ծովն ու ճայերը», եւ այդ ժամանակից ի վեր Ռախմանինովն իմ կյանքում հատուկ տեղ ունի։

 

Այսօր Ռախմանինովի գործերը իմ նվագացանկի էական մասն են կազմում: Ամեն տարի կատարում եմ նրա հինգ համերգներից առնվազն չորսը:

 

Ռախմանինովի երաժշտությունը շատ բազմաբնույթ է. այն կարող է լինել եւ՛ քամու թեթեւ շունչ եւ՛ գետի հոսանք։ Ամենակարեւորն այն է, որ այն արտահայտում է մարդկային ամենաուժեղ զգացմունքները՝ կրքի ծնունդը, սերը, երբեմն՝ ատելությունը։ Այս տրամադրությունները՝ բացառությամբ մի քանի մեծագույն բանաստեղծությունների, բառերով «հասարակ» են դառնում, բայց դրանք շատ ճշգրտորեն արտահայտված են երաժշտության մեջ՝ Շոպենի, Վագների եւ, առաջին հերթին, Ռախմանինովի մոտ։

 

 

Այլ կոմպոզիտորները

 

Կան կոմպոզիտորներ, որոնք ժամանակի ընթացքում դարձել են «իմը»։ Օրինակ՝ Լիստը: Երիտասարդ տարիքում մտածում էի, որ նրա մոտ շատ է թատերականությունն ու հանդիսատեսին հաճոյանալը: Այժմ ես Լիստին բոլորովին այլ կերպ եմ ընկալում. նա իսկապես մեծ կոմպոզիտոր է:

 

Ինձ համար դեռ չբացահայտված կոմպոզիտորներից է Բեռլիոզը։ Վերդիի օպերաների հետ կապ չեմ զգում: Մանկուց ի վեր ավելի շատ լսում էի գերմանական օպերաներ՝ Մոցարտ, Վեբեր, Վագներ, եւ ինձ ավելի դժվար է ընդունել Վերդիին. դա մշակույթի բոլորովին այլ լեզու է: Կարծում եմ, որ ժամանակի հետ դա գա։

 

Երաժշտությունից «ազատ ժամանակ»

 

Բավականին շատ հետաքրքրություններ ունեմ: Սիրում եմ սպորտը, մինչ օրս խաղում եմ սեղանի թենիս, բադմինտոն, ավելի քիչ՝ ֆուտբոլ: Շատ եմ սիրում շախմատը, ընկերներ ունեմ շախմատիստների շրջանում:

 

Շատ եմ կարդում, թեեւ խոսում եմ երեք լեզվով (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն), լուրջ գրականությունը կարդում եմ ռուսերենով:

 

Չեխով

 

Ժամանակակից Ռուսաստանում, որտեղ գերակշռում է հաղթողի պաշտամունքը, պետք է Չեխով կարդալ։ Նրա գործերից յուրաքանչյուրը կհիշեցնի, որ առաջնայինը խիղճն ու մարդիկ են, այլ ոչ թե այն, թե ով ում հաղթեց։

 

Երաժիշտ ընկերները

 

Շատ ընկերներ ունեմ երաժիշտների շրջանում, որոնց հետ մենք նաեւ կամերային երաժշտություն ենք կատարում: Իմ ջութակահար ընկերներից են Վադիմ Րեպինը, Լեոնիդաս Կավակոսը, Սերգեյ Կռիլովը, թավջութակահարներից՝ Ալեքսանդր Կնյազեւը:

 

Դաշնակահար Վադիմ Ռուդենկոն իմ լավ ընկերն է, նրա հետ երկու ռոյալ ենք նվագում։

 

 

Ավագ սերնդի ներկայացուցիչներից անչափ սիրում եմ բրազիլացի դաշնակահար Նելսոն Ֆրեյեին:

 

Հաճախ շփվում ենք Դենիս Մացուեւի, Ալեքսեյ Վոլոդինի հետ: Կարծում եմ, որ դաշնակահարների մոտ խանդի ու մրցակցության զգացողությունն ավելի քիչ է զարգացած, քան մյուս երաժիշտների մոտ: 

 

Էյֆորիա

 

Այդքան էլ չեմ հավատում էյֆորիային ելույթի ընթացքում: Եթե ​​համերգի ընթացքում կատարողը էյֆորիայի մեջ է, հանդիսատեսը հաստատ նույնը չի զգա։ 

 

Կան պահեր, երբ մոռանում ես ինքդ քեզ, բայց դա շատ հազվադեպ է պատահում:

 

 

«Տղամարդկային» եւ «կանացի» երաժշտությունը

 

Երաժշտության մեջ իսկապես շատ ուժեղ է զգացվում «տղամարդկային» եւ «կանացի» սկիզբը։

 

Ռախմանինովը վառ արտահատված «տղամարդկային սկիզբ» ունեցող կոմպոզիտոր է: Իմ սիրած կոմպոզիտորներից մեկի՝ Շոպենի մոտ վառ արտահայտված է «կանացի սկիզբը»: Թերեւս, Շոպենն առաջին տեղում է իր նրբագեղությամբ, ներքին խոցելիությամբ։

 

Բայց «կանացի սկիզբ» ունեցող երաժշտության մեջ էլ կյանք արարող շատ բան կա: Օրինակ՝ Շուբերտի մոտ։

 

​​«Տղամարդկային սկիզբ» ունեցող երաժշտական առաջնահերթությունների շարքում առաջին տեղում Բեթհովենն է, ապա՝ Ռախմանինովը: «Արական» երաժշտություն ունի նաեւ Պրոկոֆեւը: 

 

 

Իսկ բացարձակ հանճարները՝ Բախը կամ Մոցարտը, այնքան մոտ էին տիեզերքին և Աստծուն, որ մենք նույնիսկ չենք կարող զգալ, թե որ սկիզբն է գերակշռում իրենց մոտ:

 

Նիկոլայ Լուգանսկու հետ զրուցել է Աննա Բուբուշյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին