Վերա Կոբալիան 2010 թվականի հուլիսից մինչեւ 2012 թվականի հոկտեմբերը զբաղեցնում էր Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնը: Ներկայում 38-ամյա Կոբալիան Հոնգ Կոնգի համալսարանի «Ասիա Գլոբալ» ծրագրի գիտաշխատող է:
2018 թվականից նա ֆինանսական զարգացման հարցերով Գլոբալ ապագայի խորհրդի անդամ է: 2016-ին աշխատել է ավստրալա-ինդոնեզիական տնտեսական կառավարման գործընկերությունում՝ որպես Doing Business խորհրդատու (AIPEG):
Ապրիլի 1-2-ը Վերա Կոբալիան Երեւանում էր Առաջնորդության դպրոցի հրավերով եւ բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:
- Ձեր դուստրը՝ Անաստասիան, ընդամենը 5 տարեկան է, բայց հաճախ է ներկա լինում առաջնորդ լինելու մասին խոսակցություններին: Կարծես թե նա Ձեզ շատ է կարոտում եւ չի ցանկանում բաց թողնել Ձեզ ավելի մոտ լինելու որեւէ հնարավորություն: Արդյոք հե՞շտ է լինել հաջողակ կին եւ լավ մայր:
- Նա շատ ուրախ աղջիկ է եւ իմ ամենամեծ քննադատն է: Իմ ելույթից հետո ասաց, որ այն շատ ձանձրալի էր, եւ հաջորդ անգամ ես պետք է խուսափեմ չափազանց երկար խոսելուց:
Հեշտ չէ ամբողջ ժամանակ միասին լինել, եւ ես կարծում եմ, որ բոլոր կանայք իրենց մեջ պայքարում են այն մտքի հետ, որ միգուցե այնքան էլ լավ մայր չեն:
Այնուամենայնիվ, երբ նրանք չափազանց շատ ժամանակ են անցկացնում երեխաների հետ, կտրվում եմ իրենց աշխատանքից: Այսպիսով, սա շարունակական պայքար է, եւ ընդհանուր առմամբ կանայք միշտ իրենց հոգու խորքում ունեն մեղքի այս զգացումը: Այդ իսկ պատճառով մենք պետք է կիսվենք մեր պատմություններով եւ հասկանանք, որ միայնակ չենք:

Լուսանկարը` Մեդիամաքս
- Ձեր տատիկը հայ է: Ի՞նչ է նշանակում կիսով չափ հայ զգալ:
- Իմ տատիկներից մեկը, ով կյանքից հեռացավ, սլավոնական ծագում ուներ: Մյուս տատիկս՝ Անժելա Մաթեւոսյանը, ով դպրոցի ուսուցչուհի է եղել, իմ ոգեշնչման աղբյուրն է: Ես միշտ զգում եմ այն ժառանգությունը, որ խոսում է իմ մեջ եւ արդեն իսկ դարձել է բնավորությանս մի մասնիկը: Ես շատ հպարտ եմ Հայաստանի պատմությամբ ու մշակույթով, եւ այդ խառնուրդն ինձ ավելի լավ մարդ է դարձնում:
Հայ տատիկիս կյանքի պատմությունը շատ հետաքրքիր է: Նա եւ իր ծնողները մեկնել են Թուրքիայից Ցեղասպանության պատճառով եւ հաստատվել Աբխազիայում:
- Ի՞նչն է Ձեզ ամենաշատը դուր գալիս Հայաստանի եւ հայերի մեջ:
- Ես մեծացել եմ Կանադայում եւ միշտ հիացել եմ հայ համայնքի միասնականությամբ: Շատ մարդիկ, տեղափոխվելով օտար երկրներ, միմյանց հետ մրցակցության մեջ են մտնում: Հայերի մեծ մասը, ում հանդիպել եմ Կանադայում եւ ԱՄՆ-ում, աջակցում են միմյանց: Սա շատ հնարավորություններ է ընձեռում:
- Որտե՞ղ է Ձեր հայրենիքը:
- Իմ հայրենիքը Վրաստանն է, իմ երկրորդ տունը՝ Կանադան: Սրտով ես վրացի եմ:
- Ձեր ընտանիքը հեռացել է Աբխազիայից պատերազմի պատճառով: Ի՞նչ է Ձեզ համար խաղաղությունը:
- Խաղաղությունն այն է, երբ չես անհանգստանում երեխաների ապագայի եւ ապահովության համար: Հիմա, երբ ես դուստր ունեմ, ինձ համար անբացատրելի բացահայտում է, թե որքան պատկերավոր կարող է լինել երեխայի երեւակայությունը: Ես ցանկանում եմ, որ մարդիկ կարողանան պահպանել իրենց մանկության երեւակայությունը ողջ կյանքի ընթացում, այդքան բաց ու դրական լինելը, որքան լինում են մանուկ հասակում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կարծում եմ, որ ավելի շատ կանայք պետք է ներգրավված լինեն կառավարման եւ քաղաքական առաջնորդության մեջ: Կին առաջնորդները պակաս ագրեսիվ են, ավելի շատ հակված են «փափուկ ուժի» կիրառմանը:
- Կա՞ ինչ-որ բան, որ կցանկանայիք փոխել հայ-վրացական հարաբերություններում:
- Կցանկանայի, որ հայ եւ վրացի երիտասարդներն ավելի շատ այցելեին միմյանց երկրներ: Վրացի երիտասարդների 70 տոկոսը չեն եղել Հայաստանում, եւ միգուցե նույն իրավիճակը նաեւ Հայաստանում է: Ես չեմ խոսում միայն տուրիզմի մասին, քանի որ տուրիզմը ճանապարհորդելու միայն մի մասն է:
Գնալով այլ երկիր՝ սկսում ես հասկանալ նրանց մշակույթը, նրանց պատմություններն ու ծագումը: Սկսում ես ավելի սերտ կապ զգալ այդ ամենի հետ: Մեր երկրների համար իրապես շատ կարեւոր է ավելի սերտ հարաբերություններ կառուցելն ու միմյանց հետ ավելի ամուր բիզնես-կապեր հաստատելը: Այս ամենի սկիզբը պետք է լինի երկու երկրների միջեւ ավելի ակտիվ ճանապարհորդելը:
Վրացիները հակված են արձակուրդին ավելի շատ մեկնել արեւոտ ծովափեր, մինչդեռ կանադացիների մեծ մասը նախընտրում է վերցնել ուսապարկն ու մեկնել նոր բացահայտումների վայր: Սա հենց այն է, ինչը կցանկանայի տեսնել հայ եւ վրացի երիտասարդների մոտ՝ պարզապես վերցնել ուսապարկն ու սկսել բացահայտել միմյանց երկրները:
- Երբեւէ այդպես վարվե՞լ եք, եւ եթե այո, ո՞րն է Ձեր մեծագույն բացահայտումը:
- Ճանապարհորդելով՝ ես հասկացա, որ բոլորս նման ենք: Հասկացա, որ անկախ դիրքից՝ բոլորի համար օրվա վերջում առաջնայինն ընտանիքն է: Նրանք գնում են տուն ու հոգ տանում իրենց երեխաների, կանանց ու ամուսինների մասին: Մենք պետք է հասկանանք, որ Օբաման, Մերկելը կամ Սի Ցզինպինը սովորական մարդիկ են: Եթե սկսենք մարդկանց վերաբերվել որպես անհատների, միգուցե ավելի հեշտ կարողանանք լուծել որոշ խնդիրներ, որ կան մեր մեջ:
- Կցանկանայի՞ք, որ Ձեր դուստրը գնար Ձեր հետքերով:
- Ես ցանկանում եմ, որ նա ընտրի այն, ինչ ցանկանում է անել: Այսօր աշխարհում այնքան շատ մասնագիտություններ ու հնարավորություններ կան: Զվարճալի է, բայց նա ինձ ասում է, որ ցանկանում է դառնալ անասնաբույժ: Ես կարծում եմ, որ դա լավագույն ընտրությունը չէ, բայց եթե ցանկանում է, ես կհամաձայնեմ նրա ընտրության հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ասում են, որ պետք է X ժամեր աշխատես՝ պրոֆեսիոնալ ջութակահար կամ ֆուտբոլիստ դառնալու համար: Սակայն այս ամենը ոչինչ է, եւ դու չես հաջողի, եթե իսկապես չսիրես այն, ինչ անում ես: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ, որ նա զբաղվի այն աշխատանքով, ինչն իրոք սիրում է:
- Դուք գնացե՞լ եք զոհաբերությունների՝ հանուն սիրած աշխատանքի:
- Դժվար հարց է, որովհետեւ չեմ կարող ասել, որ կորցրել եմ ինչ-որ բան: Ես փորձում եմ այս հարցի մասին չմտածել: Օրինակ, երբ հասկանում եմ, որ նախկինում աշխատանքիս պատճառով բավարար ժամանակ չեմ ունեցել անձնական կյանքի համար, ցանկանում եմ համոզվել, որ ապագայում կունենամ այդ ժամանակը ընտանիքիս համար: Ընդհանուր առմամբ, ես մարդ եմ, ով չի անհանգստանում անցյալի համար եւ նայում է դեպի ապագան:
- Ի՞նչ է Ձեզ համար լինել թոռնուհի, դուստր եւ հաջողակ կին առաջնորդ:
- Ես այնքան հպարտ եմ այդ ամենն ունենալով եւ այնքան հպարտ եմ այն կանանցով, ովքեր շրջապատում են ինձ: Ես Ձեզ պատմեցի տատիկիս մասին, ով այնքան էլ հեշտ կյանք չի ունեցել: Նա ուսուցչուհի է եղել, իսկ ինչպես գիտենք, խորհրդային ժամանակաշրջանում ուսուցչուհի լինելը նշանակում էր երկար ժամերի աշխատանք ցածր աշխատավարձով: Այնուամենայնիվ, նա սիրում էր իր աշխատանքը:
Կանադա տեղափոխվելուց հետո բազմաթիվ ձեռագիր նամակներ եմ գրել տատիկիս: Նա դրանք ինձ միշտ հետ է ուղարկում՝ ուղղումներով: Նա ուսուցչուհի է իր ողջ էությամբ ու չի կարող այդպես չանել (ծիծաղում է - Մեդիամաքս):

Լուսանկարը` Մեդիամաքս
Բոլոր դժվարություններով հանդերձ դա իր կյանքն էր, ու նա սիրել է այն: Ես հիանում եմ նրանով: Իմ մայրը տնային տնտեսուհի էր եւ շատ ժամանակ էր անցկացնում մեզ հետ: Երբ մենք տեղափոխվեցինք Կանադա, նա վերադարձավ համալսարան եւ արդեն ավելի մեծ տարիքում ստացավ երկրորդ կրթական աստիճանը համակարգչային գիտության ոլորտում: Հավանաբար քիչ մարդիկ կլինեն, որ 40 տարեկանում կգնան համալսարան՝ 18-19 տարեկան երիտասարդների հետ սովորելու: Այս քայլն ինձ համար շատ ոգեշնչող էր, ու ես համոզվեցի, որ տարիքը խնդիր չէ սովորելու համար:
Լինելով մայր՝ հույս ունեմ, որ կկարողանամ դստերս համար ապահովել համապատասխան միջավայր՝ ապագայում նրա՝ մեկ այլ անձի համար ոգեշնչման աղբյուր դառնալու համար:
Վերա Կոբալիայի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: