Արմեն Ստեփանյան. Ամուլսարը ոչ թե խնդիր է, այլ հենց լուծումը - Mediamax.am

exclusive
3759 դիտում

Արմեն Ստեփանյան. Ամուլսարը ոչ թե խնդիր է, այլ հենց լուծումը

Արմեն Ստեփանյանը
Արմեն Ստեփանյանը

Լուսանկարը` Լիդիան Արմենիա

Լուսանկարը`


«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Նույնիսկ ձեր ընդդիմախոսներն ընդունում են, որ «Լիդիանը» թափանցիկ ընկերություն է։ Բայց ունենք մի իրավիճակ, երբ մարդկանց չեն հետաքրքրում տարիների ընթացքում ընկերության կատարած հետազոտությունները՝ լավագույն միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Ո՞րն է պատճառը։

 

- Մեզ եւս հետաքրքրում է այդ հարցը, քանի որ կարող ենք վստահաբար ասել, որ «Լիդիան Արմենիա»-ն Հայաստանում բացառիկ թափանցիկ ընկերություն է ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում, այլեւ ընդհանրապես տնտեսության մեջ:

 

Մեր բոլոր հաշվետվությունները, հետազոտությունները, ելույթները, հաղորդագրությունները, սոցիալական եւ համայնքային ներդրումների տեղեկատվությունը մշտապես հասանելի է եղել։

 

Մի անգամ մեր ընդդիմախոսներից մեկին՝ սփյուռքահայ Հարութ Բրոնոզյանին հարցրեցինք, թե ինչո՞ւ է հենց մեզ թիրախավորել՝ մոռանալով Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող այլ կազմակերպությունների մասին: Պատասխանը, ի զարմանս մեզ, զավեշտի աստիճանի անկեղծ էր՝ առցանց կարող են գտնել միայն մեր փաստաթղթերը եւ հենց այդ պատճառով էլ մենք եք թիրախում։ Պարադոքսի հետ գործ ունենք՝ ստացվում է, որ «փակ» ընկերություն լինելն ավելի շահեկան է:

 

Ինչ վերաբերում մեր հետազոտություններին, ապա այսպես կձեւակերպեի՝ դրանք ոչ թե մարդկանց չեն հետաքրքրում, այլ պահանջում են համապատասխան պրոֆեսիոնալ որակներ: Ամուլսարի քննադատներից շատերը ոչ միայն տեղյակ չեն ծրագրից, այլեւ տարրական բնապահպանական գիտելիքներ չունեն: Վերջերս ընկերներիցս մեկը մի լավ համեմատություն արեց եւ ասաց՝ եթե մի սենյակում հավաքվեն էներգետիկները եւ նրանցից մեկը «վատտի» փոխարեն «ամպեր» ասի, նրան դուրս կվռնդեն: Իսկ բնապահպանական ոլորտում այն տպավորությունն է, որ ով ինչ ուզի, կարող է ասել՝ որեւէ պատասխանատվություն չկրելով իր բառերի համար:

 

- Սա կարո՞ղ է իսկապես վատ նախադեպ դառնալ հանքարդյունաբերական կամ այլ ոլորտներ ներկայացնող միջազգային ընկերությունների համար, որոնք պատրաստվում են Հայաստան գալ։

 

- Այո, ստեղծվում է այդ վատ նախադեպը։ Ցանկացած մեծ ընկերություն այս կամ այն երկրում ներդրումներ կատարելու որոշում կայացնելուց առաջ այնտեղ է գործուղում այսպես կոչված «երկիր մուտք գործելու մասնագետներին»։ Ցանկացած այդպիսի մասնագետ դիտարկելու է նաեւ Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը եւ արդյունքները ներկայացնելու է հավանական ներդրողին: Եվ ի՞նչ որոշում կկայացնի այդ հավանական ներդրողը, երբ կստանա հաշվետվություն, որտեղ գրված կլինի, թե ինչ է կատարվում մի քանի հարյուր միլիոն դոլար արժեք ունեցող ծրագրի հետ՝ 6 ամիս ապօրինի շրջափակման մեջ է, եւ այդ ապօրինությունը չի վերացվում:

 

- Վերջին ամիսների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առնվազն երկու անգամ ասել է, որ եթե լինի նոր միջազգային փորձագիտական եզրակացություն, որը կփաստի, որ Ամուլսարի ծրագիրը բացասական ազդեցություն չի ունենա Սեւանի եւ Ջերմուկի ջրերի վրա, կառավարությունը կապահովի Լիդիանի աշխատանքի շարունակությունը։ Ի՞նչ մեթոդաբանությամբ պետք է կատարվի այդ հետազոտությունը։

 

- Նոյեմբերի սկզբին Քննչական կոմիտեն հայտնեց, որ միջազգային կազմակերպության ընտրության մրցույթ է հայտարարում։ Ամենայն հավանականությամբ, հաջորդ փուլում պետք է տեխնիկական առաջադրանք կազմվի, որը, հավանաբար, հասանելի կլինի նաեւ մեր ընկերությանը եւ նոր միայն կկարողանանք պատկերացում ունենալ չափանիշների եւ մեթոդաբանության մասին:

 

- Ընկերության ընտրությունից հետո որքա՞ն կտեւի բուն հետազոտությունը, նման աշխատանք կատարելու ողջամիտ ժամկետը որ՞ն է։

 

- Ամեն ինչ կախված է տեխնիկական առաջադրանքից։ Աշխատանքը կարելի է անել պայմանական մեկ ամսում, մի քիչ ավելի խորացված տեխառաջադրանքի դեպքում՝ պայմանական երեք ամսում։

 

Եթե որոշվի, որ ընտրված ընկերությունը պետք է, օրինակ, լրացուցիչ նմուշներ վերցնի, ապա գործընթացը բավական շատ ժամանակ կպահանջի։ Դրա փոխարեն կարելի է ուսումնասիրել տարիների ընթացքում Լիդիանի կողմից արված տասնյակ հետազոտությունների արդյունքները:

 

- Բայց եթե մոտեցումն այն է, որ «այն ինչ արվել է մինչեւ հեղափոխությունը, չի կարող արժանահավատ լինել», դժվար թե այդ եղանակը ընտրվի:

 

- Հետազոտությունները, որոնց մասին խոսում եմ, կատարվել են միջազգային բացառիկ փորձ եւ հեղինակություն ունեցող ընկերությունների կողմից: Առնվազն անհեթեթ է ենթադրել, որ նման ընկերությունները կարող են գործարքի մեջ մտնել պատվիրատուի հետ՝ հարվածի տակ դնելով սեփական հեղինակությունը եւ ապագա պատվերները:

 

Ընդ որում, փորձաքննությունների մեծ մասը, որոնց ենթարկվել է Ամուլսարի ծրագիրը վերջին տարիների ընթացքում, իրականացվել է ոչ թե Հայաստանի կառավարության, այլ մեր բաժնետերերի պահանջով, որոնք ունեն սահմանված շատ խիստ բնապահպանական նորմեր: Ամուլսարը հենց այն բացառիկ հանքարդյունաբերական ծրագիրն է, որը վերահսկվել է եւ բնապահպանական բարձր գնահատական է ստացել հենց միջազգային ամենահեղինակավոր փորձաքննական կազմակերպություններից, եւ սա ոչ մի առնչություն չունի նախկին կամ նախկինի նախկին կառավարությունների հետ:

 

- Երբ Ամուլսարում իրականացվում էին շինարարական աշխատանքներ, դուք դրանց զուգահեռ նաեւ բնապահպանական միջոցառումներ էիք իրականացնում, վարում էիք օդի, ջրի որակի վերահսկողություն։ Այս կես տարվա ընթացքում այդ բոլոր աշխատանքները դադարեցվա՞ծ են։

 

- Հիմա շատ քիչ բան է արվում։ Տեղանքի հետ կապված մոնիթորինգային աշխատանքները դադարել են, քանի որ մենք հնարավորություն չունենք տարածք մտնել:

 

Մի քանի զգայուն տարածքներ կան, որտեղ անվտանգության գծով կապալառու ընկերությունը մոնիթորինգ է իրականացնում: Նրանք մեզ որոշակի պարբերականությամբ տվյալներ են փոխանցում, սակայն գործնականում կարելի է ասել, որ իրավիճակը տեղում վերահսկելի չէ, ինչի մասին բազմիցս տեղեկացրել ենք պատկան պետական մարմիններին:

 

- Իսկ կա՞ն բնապահպանական ռիսկեր, որոնք կարող են սրվել կամ առաջանալ հանքի «անտեր» մնալու պատճառով:

 

- Այո, կան։ Օրինակ, ժամանակավոր ջրաթումբ էինք կառուցում դատարկ ապարների լցակույտում, որպեսզի կարողանանք ջրերը կառավարել եւ  շինարարության ընթացքում վարարաջրերը մեկուսացնենք:։ Այդ գործը կիսատ է մնացել, սակայն այդպես թողնել չի կարելի։ Այդ մասին եւս բազմիցս տեղեկացրել ենք պետական մարմիններին, բայց ունենք այն, ինչ ունենք։

 

- Եթե վերանանք այն մտքից, որ կառավարությունը որոշակի դիտավորությամբ է խոչընդոտում Լիդիանին եւ փորձենք այլ պատճառներ փնտրել, ի՞նչ եզրակացություն կարող ենք հանգել։

 

- Կարծում եմ, որ այս պատմությունից բոլորը պետք է դասեր քաղեն՝ եւ մեր ընկերությունը եւ բոլոր շահագրգիռ կողմերը։ Պատճառներից մեկը կառավարությունում ինստիտուցիոնալ կարողությունների բացակայությունն է։

 

Վերջերս բնապահպանության նախարարը  նկատեց, որ սխալ կլինի ենթադրել, թե նախարարությունում կան այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ կտան Ամուլսարի ծրագիրը պատշաճ փորձաքննության ենթարկել։ Սա պետք է արագ շտկել: Փաստացի ստացվում է, որ եթե պետությունը նման մեծ նախագծեր գնահատելու կարողություն չունի, պետք է մոռանա մեծ ներդրումների մասին։ Ընդ որում, սա վերաբերվում է նաեւ արդեն գործող այլ հանքարդյունաբերական ու ոչ միայն հանքարդյունաբերական ծրագրերին: Կառավարությունը, փաստորեն ընդունում է, որ ի վիճակի չէ պատշաճ գնահատական տալ խոշոր ծրագրերի բնապահպանական բոլոր ազդեցություններին: Սա օբյեկտիվ իրականությունն է ու ողջունելի է, որ այն այսօր անկեղծ քննարկվում է: Մի քանի հարյուր միլիոնանոց նախագծերը շատ հաճախ ենթադրում են մեծ ենթակառուցվածքների ստեղծում՝ գազատարներ, նավթատարներ, մայրուղիներ եւ այլն։ Եթե չենք կարողանում դրանց ազդեցության գնահատականը տալ, չենք կարող մեծ ներդրումների հավակնել։

 

Կարողություններ զարգացնելը լուրջ ներդրում է: Այն ենթադրում է կադրերի պատրաստում, անգլերենի դասընթացներ, ֆինանսական հաշվետվություններ կարդալու գիտելիքների ուսուցում եւ բազմաթիվ այլ տարրեր։ Եվ սա միայն բնապահպանության նախարարությանը չի վերաբերվում։

 

Ամուլսարը հանքարդյունաբերության ոլորտում ոչ թե հերթական խնդիրն է, այլ կարող է հենց լուծումը լինել: Ամուլսարը հենց այն նախագիծն է, որ իր հետ բերել է այդ ինստիտուցիոնալ միջազգային փորձը: Քանի դեռ երկիրը չունի հանքարդյունաբերության ոլորտում ինքնուրույն ստանդարտներ սահմանելու եւ գնահատելու հնարավորություն, պարզ լուծումներից մեկը կարող էր լինել որպես օրինակ վերցնել Ամուլսարը եւ նշաձող սահմանելով՝ ոլորտում իրականացնել նույն չափանիշներով հետազոտություններ, մոնիտորինգ, բնապահպանական կառավարում: Սա ասում եմ որպես բնապահպանության մասնագետ, ո՛չ որպես Լիդիանի ներկայացուցիչ: Ցանկացած լուրջ մասնագետ ձեզ կասի, որ Ամուլսարի բոլոր բնապահպանական չափանիշները Հայաստանի համար բացառիկ են:

 

Արմեն Ստեփանյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին