Վիլյամ Շաբաս. Նախկին ռեժիմի անդամներն էլ ունեն իրավունքներ - Mediamax.am

exclusive
4898 դիտում

Վիլյամ Շաբաս. Նախկին ռեժիմի անդամներն էլ ունեն իրավունքներ

Վիլյամ Շաբասը
Վիլյամ Շաբասը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Վիլյամ Շաբասը միջազգային իրավունքի պրոֆեսոր է Լոնդոնի Միդլսեքսի համալսարանում եւ Ցեղասպանության ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի նախագահն է։ Միջազգային արդարադատության, Միջազգային քրեական, Մարդու իրավունքների եվրոպական, Մեծ պալատի եւ Կանադայի Գերագույն դատարաններում նա հանդես է եկել որպես խորհրդատու։ Վերջերս նա այցելել էր Երեւան՝ անցումային արդարադատության թեմայով կոնֆերանսին մասնակցելու համար:

 

- Հարցազրույցներից մեկում ասել եք, որ ամեն անգամ տարբեր զգացողություններով եք Հայաստան այցելում։ Ի՞նչ եք զգում այս անգամ։

 

- Ես դրական եմ վերաբերվում Հայաստանին: Նախկինում այստեղ եկել եմ Հայոց ցեղասպանության թեման քննարկելու նպատակով։ Այն ժամանակ տպավորություն ունեի, որ երկիրը վատ վիճակում է, եւ քաղաքական ռեժիմն այնքան էլ լավը չէ: Հիմա ընկալումս բավական տարբեր է:

 

- Հեղափոխությունների ընթացքում ե՞րբ եւ ինչպե՞ս են ոտնահարվում քաղաքացիների եւ քաղաքական գործիչների իրավունքները։ Ձեր կենսափորձն ի՞նչ է ցույց տալիս։

 

- Երբ խոսում ենք այն խնդիրների մասին, որոնք կապված են նախկին քաղաքական ռեժիմների հետ, պետք է հաշվի առնենք, որ դրանց ներկայացուցիչները եւս ունեն իրավունքներ, որոնք պետք է հարգվեն: Ուստի անցումը պետք է տեղի ունենա այնպես, որ պահպանվեն բոլոր հիմնարար իրավունքները։

 

Վիլյամ Շաբասը Վիլյամ Շաբասը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Անհրաժեշտ է հրաժարվել մշակույթից, երբ երկիրը հիմնվում է մարդու իրավունքների խախտումների վրա։ Գործընթացը պետք է կանոնակարգել այնպես, որ այն արդարություն ապահովվի: Եթե մտադիր եք պատժել մարդկանց, որոնք մեղավոր են, նրանք պետք է արդար դատավարության իրավունք ունենան։

 

- Ըստ Ձեզ, ո՞ր պահից Հայաստանը կարող է հավակնել դառնալ անցումային արդարադատության ծրագրի մաս։

 

- Կարող եմ ասել միայն, որ դա երկար գործընթաց է լինելու։ Բոլոր խնդիրները լուծելու համար տարիներ կպահանջվեն։ Կան մի շարք միջոցառումներ, որոնք կարող են ընդունվել անցումային արդարադատության շրջանակներում։ Այսպիսով, անցումային արդարադատությունն ասվածը տարբեր տեսակի նախաձեռնությունների շարք է։ Դուք պետք է ընտրեք այն տարբերակները, որոնք հարմար են ձեր երկրին եւ թողնեք մյուսները։ 

 

- Սովորական մարդուն, որն ապրում է իր սովորական հոգսերով, ինչպե՞ս կարող ենք բացատրել անցումային արդարադատության կարեւորությունը։

 

- Անցումային արդարադատությունը անցյալում կատարված խախտումների շտկումն է այնպիսի կառուցողական եղանակով, որն օգնում է փոխել հասարակությունը՝ կատարելագործելով այն: Այսինքն` մի կողմից պետք է տեսադաշտում ունենալ անցյալը, մյուս կողմից՝ ապագան։

 

Վիլյամ Շաբասը Վիլյամ Շաբասը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Կոռուպցիան «ծաղկում է» այն մշակույթներում, որտեղ յուրաքանչյուրը կարծում է, որ կարող է իր անձնական ներդրումն ունենալ, օրինակ, հարկեր չվճարելով։ Այդ մշակույթն ամբողջ երկրում պետք է փոխել։ Պետք է արմատավորվի, որ հարկեր չվճարելը հակասոցիալական է։ Այդ դեպքում իրական օրինախախտներին պատժելն ավելի հեշտ կդառնա։

 

- Կա՞ որեւէ երկիր, որի օրինակին Հայաստանը կարող է հետեւել այս առումով։

 

- Օրինակները շատ են։ Դուք կարող եք դասեր քաղել տարածաշրջանից, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից, որոնք փորձել են անցումային արդարադատության տարբեր ձեւաչափեր: Մերձավոր Արեւելքում կան որոշ փորձառություններ, թեեւ դրանք իրականում այնքան էլ լավը չեն: Թունիսում կան որոշակի դրական փոփոխություններ։ Որոշ օգտակար դասեր կարելի է քաղել նաեւ Աֆրիկայից եւ Հարավային Ամերիկայից: 

 

Երկիրը կարող է դասեր քաղել, բայց նաեւ զարգացնել սեփական ուղին։ Եթե հաջողության հասնեք, գուցե ապագայում մարդիկ խոսեն հայկական մոդելի մասին եւ որպես լավ օրինակ հետեւեն հենց ձեզ։

 

Վիլյամ Շաբասի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին