Բերնարդ Ֆերինգա. Հայաստանի գիտությանը նոր ազդակ է պետք - Mediamax.am

exclusive
6008 դիտում

Բերնարդ Ֆերինգա. Հայաստանի գիտությանը նոր ազդակ է պետք

Բերնարդ Ֆերինգան
Բերնարդ Ֆերինգան

Լուսանկարը` Chemistry World

Լուսանկարը`


«Քիմիայի սահմանները, Հայաստան» (ArmChemFront2018) միջազգային գիտաժողովը հոկտեմբերի 21-26-ը Հայաստան էր բերել գիտական աշխարհի առաջատար 22 ներկայացուցիչների, որոնց թվում էին 2016թ. քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ պրոֆեսոր Ֆրեզեր Ստոդարտն ու պրոֆեսոր Բերնարդ Ֆերինգան: 

Գիտաժողովի գլխավոր կազմակերպիչը Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանի հայազգի պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյան էր՝ Գրոնինգենի համալսարանի ու Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության օժանդակությամբ:

Մեդիամաքսը մոլեկուլյար մեքենաների մշակման եւ սինթեզին նվիրված աշխատանքի համար Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականներ Ֆրեզեր Ստոդարտի եւ Բերնարդ Ֆերինգայի հետ զրուցել է Քիմիայի ոլորտում առկա մարտահրավերների եւ գիտության զարգացման հեռանկարների մասին:

 

Քիմիան եւ այսօրվա մարտահրավերները 

 

Ֆրեզեր Ստոդարտ. «Քիմիան իր սեփական օբյեկտն է ստեղծում, դա բնօրինակը չէ: Այն շատ երիտասարդ գիտություն է, որը նորից ու նորից հայտնագործել է ինքն իրեն: Մարդիկ միշտ ասում են, որ քիմիան հին գիտություն է եւ գոյություն է ունեցել երկար ժամանակ: Դա ճիշտ է, բայց այս ուղղությունը տարեցտարի կարողացել է վերականգնել եւ վերահայտնագործել ինքն իրեն: Ես զգում եմ, որ չկա այլ գիտություն, որն այսքան բաց է ստեղծագործականության համար: 

 

Դուք կարող եք դասել այն նկարչության, քանդակագործության, գրականության եւ երաժշտության շարքին: Այսպիսով, եթե դուք որոշում եք դառնալ քիմիկոս, ապա նույն դիրքում եք, ինչ այդ ոլորտների մարդիկ եւ կարող եք ստեղծել գեղեցիկ նկարներ, նոր հրաշալի քանդակներ, գրել նովելներ, որոնք նախկինում չեն հղացել, կամ կարող եք ստեղծել երաժշտություն, որն աշխարհում երբեք չեն լսել: Քիմիան կարող է անել այս ամենը, քանի որ մենք բոլոր գիտությունների մեջ ստեղծագործականության կենտրոնում ենք»: 

 

Ֆրեզեր Ստոդարտն ու Բերնարդ Ֆերինգան Հայաստանում Ֆրեզեր Ստոդարտն ու Բերնարդ Ֆերինգան Հայաստանում

Լուսանկարը` Գրոնինգենի համալսարան

 

Բերնարդ Ֆերինգա. «Ժամանակակից քիմիայում բազմաթիվ մարտահրավերներ կան: Այսօր մենք շատ տեխնոլոգիաներ ենք օգտագործում, որոնք հայտնաբերվել են 30, 40, 50, որոշ դեպքերում, գուցե, 100 տարի առաջ: Կարծում եմ, որ շուտով մենք ստիպված կլինենք առնչվել հարցին, թե ապագայում ինչպես ենք պատրաստվում ստեղծել բոլոր ապրանքները: Իսկապես կարեւոր է, որ նոր տեխնոլոգիաները դիտարկենք արտադրական գործընթացներն ավելի խելացի, մաքուր եւ լավը դարձնելու տեսանկյունից՝ օգտագործելով վերամշակման ենթակա նյութերը: Որպես կանոն՝ քիմիան մեզ տալիս է դեղամիջոցներ, պլաստմասաներ, մեքենաներ, վառելիք, եւ մենք պետք է ավելի լավ ձեւով արտադրենք դրանք, քան անցյալում: Երիտասարդների կողմից հայտնագործությունների համար հսկայական հնարավորություններ կան, որոնք մեզ կօգնեն ապագայում ավելի լավ աշխարհ կառուցել»: 

 

Հայաստանի գիտական դեմքը

 

Բերնարդ Ֆերինգա. «Գիտեմ, որ Հայաստանը կենտրոնանում է տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտության եւ, հավանաբար, ռոբոտաշինության վրա: Այնուամենայնիվ, ավելի քիչ է ակտիվությունը քիմիայում: Գիտեմ, որ անցյալում՝ մինչեւ անկախությունը, քիմիան շատ զարգացած է եղել, բայց այսօր որոշ խնդիրներ կան: Կարծում եմ՝ Հայաստանը, նախ եւ առաջ, պետք է ներդրումներ անի երիտասարդների մեջ, որպեսզի նրանք հետաքրքրվեն քիմիայով, ստեղծագործորեն մոտենան մոլեկուլներին, ցանկանան մշակել եւ ստեղծել նյութեր: 

 

Այնուհետեւ այդ երիտասարդ մարդիկ կկառուցեն նոր քիմիական արդյունաբերություն, քանի որ հասանելի հսկայական ներուժ կա: Այնուամենայնիվ, Հայաստանը քիմիայի առումով, այլ ուղղությունների համեմատ, ներկայում զիջում է: Հայաստանը պետք է ներդրումներ անի ինստիտուտների եւ հարմարությունների մեջ՝ հնարավոր դարձնելու համար զարգացումը: Այս երկիրը նախկինում քիմիայի ոլորտում շատ լավ հեղինակություն է ունեցել, այսպիսով՝ մի փոքր նոր ազդակի կարիք ունի, եւ ես կարծում եմ, որ հրաշալի կլինի, եթե կարողանաք խրախուսել երիտասարդներին եւ ուսանողներին գնալ այդ ուղղությամբ»:

 

Ֆրեզեր Ստոդարտն ու Բերնարդ Ֆերինգան ԹՈՒՄՈ կենտրոնում Ֆրեզեր Ստոդարտն ու Բերնարդ Ֆերինգան ԹՈՒՄՈ կենտրոնում

Լուսանկարը` Գրոնինգենի համալսարան

 

Ֆրեզեր Ստոդարտ. «Մենք ապշել էինք այն բանից, որ տեսանք այստեղ՝ ԹՈՒՄՈ կենտրոնում, բայց ֆիզիկայի, քիմիայի եւ կենսաբանության պակասը կա: Ես հայ տղայի եմ ճանաչում, ով մոլորակի ամենախելացի մարդկանցից մեկն է, եւ նա ինձ պատմում էր, որ այս երկրում դուք գենետիկորեն լավ պատրաստված եք՝ բոլոր տեսակի ստեղծագործական բաներով զբաղվելու համար: Բերնարդի նման՝ ես պարզապես հույս ունեմ, որ դուք դպրոցներում կարող եք ստեղծել միջավայր, որը մարդկանց կմերձեցնի գիտությանն ու, մասնավորապես, քիմիային»:

 

Հասարակություն եւ գիտություն

 

Բերնարդ Ֆերինգա. «Ամեն օր մենք օգտագործում ենք սմարթֆոններ, ժամանակակից բժշկություն, ավտոմեքենաներ եւ օդանավեր, բայց շատ մարդիկ գաղափար չունեն, թե որտեղից է գալիս այս տեխնոլոգիան եւ ինչպիսի հիմնարար հայտնագործություններ եւ որքան ժամանակ է պահանջվել դրանց համար: Իմ կարծիքով՝ մենք պետք է սկսենք գիտության եւ տեխնոլոգիայի կարեւորության մասին երիտասարդներին սովորեցնելուց: Պետք է ավելի լավ աշխատենք հասարակության առաջ բաց լինելու համար,  նրանց կրթելու, բացատրելու, որ մոլեկուլյար աշխարհն այնքան շատ հրաշալի բաներ ունի առաջարկելու»:

 

Ֆրեզեր Ստոդարտ. «Արեւմտյան աշխարհում քաղաքականության հետեւանքով շատ երկրներ կորցրել են իրենց ինքնությունը, դիրքորոշումը եւ չեն կենտրոնանում ճիշտ բաների վրա: Ես շատ եմ անցկացրել Ասիայում, մասնավորապես՝ Չինաստանում, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում կրթությանը, գիտությանը եւ տեխնոլոգիաներին:

 

Ես լսել եմ Չինաստանի նախագահի՝ 7-10 հազար մարդու ուղղված 70 րոպե տեւողությամբ ելույթը գիտության եւ տեխնոլոգիաների մասին: Արեւմտյան աշխարհում չկա մի առաջնորդ, որը կարող էր խոսել այդ թեմայով անգամ 7 վայրկյան: Սա ցավալի է: 

 

Ֆրեզեր Ստոդարտը Ֆրեզեր Ստոդարտը

Լուսանկարը` REUTERS

 

Ես համոզված չեմ, թե ինչպես կարող ենք զարգանալ, քանի դեռ առաջնորդների վերաբերմունքի փոփոխություն չի եղել, ոչ թե այսօրվա նման, երբ կրթության հարթակ բացվում է միայն կառավարության կամ ղեկավարության ասածն անտեսելու եւ սոսկ բարեգործությանն ապավինելու շնորհիվ»:

 

Գիտության ապագան

 

Բերնարդ Ֆերինգա. «Բոլորը խոսում են ապագայի, կայուն հասարակության մասին: Ինչպե՞ս եք ապագայում պատրաստվում վարել մեքենաները, ինչպե՞ս են թռնելու օդանավերը, ինչպե՞ս ենք բավարար սնունդ ստեղծելու: Այդ ամենի համար քիմիական նյութեր են հարկավոր: Ինչպե՞ս ենք պատրաստվում վարվել այդ բոլոր նյութերի հետ: Կարծում եմ՝ քիմիան ապագայում կենտրոնական դեր է ունենալու:  

 

Նայեք ինքներդ ձեզ, ձեզ շրջապատող աշխարհին. ամեն բան կառուցված է մոլեկուլներով եւ նյութերով: Ինչպե՞ս ենք կառուցելու կայուն հասարակություն, եթե քիմիայով չենք զբաղվում: 

 

Քիմիան իսկապես կարեւոր է, եւ մենք պետք է այնպես անենք, որ քաղաքական գործիչները, կառավարությունները եւ արդյունաբերությունը վստահ լինեն այդ կարեւորության հարցում:

 

Իսկապես տպավորված եմ Հայաստանում տեղի է ունեցող բաներով, քանի այստեղ երիտասարդներն առնչվում են վաղվա տեխնոլոգիաներին, եւ նրանց բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ են ասում քաղաքական գործիչները: Նրանք պարզապես սովորում են, ցանկանում են կառուցել ռոբոտներ, տիրապետել տեղեկատվական տեխնոլոգիաներին: Կարծում եմ՝ նրանք նաեւ կսովորեն եւ կբացահայտեն Քիմիան ու Ֆիզիկան, եւ դրանք հնարավոր կդարձնեն այստեղ:

 

Ֆրեզեր Ստոդարտ. «Իմ պատկերացմամբ՝ եթե որեւէ մեկը ցանկանում է դառնալ կոնգրեսի կամ խորհրդարանի անդամ, նախ պետք է ունենա առաջին գիտական աստիճան գիտության, տեխնոլոգիայի կամ STEM այլ ուղղությունից եւ երկրորդ աստիճան՝ հասարակական գիտություններից:

 

Այժմ արեւմտյան երկրներում կառավարություններում եղած մարդկանցից շատերը մտնում են աշխատասենյակներ՝ չունենալով դրանցից որեւէ մեկը: Ես կցանկանայի ավելացնել, որ նրանք պետք է ունենան որոշակի փորձառություն իրական կյանքում. թերեւս, պետք է խրախուսվի մեկ տարի սեփական երկրում եւ մեկ տարի այլ երկրում նրանց ներգրավվածությունը սոցիալական աշխատանքներում: Կարծում եմ, որ այստեղ կարող է լինել առաջընթացը»:

 

Ֆրեզեր Ստոդարտի եւ Բերնարդ Ֆերինգայի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին