exclusive
2788 դիտում

Լյուդմիլա Ուլիցկայա. «Գլխավոր կանոնը սիրելն է»

Լյուդմիլա Ուլիցկայան
Լյուդմիլա Ուլիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպիտակ լայն վերնաշապիկով, մոխրագույն ջինսով, սեւ դասական կոշիկներով, արագ քայլելով ներս է մտնում 75-ամյա Լյուդմիլա Ուլիցկայան։ Ժպտում է, բարեւում, խոսում է կիսաձայն։ Մի ձեռքին գիրք է, մյուսին բարձրախոսը։ 


Սկսում  է արագ կարդալ «Գուդաուտայի տանձեր» պատմվածքը։ Թվում է, գրողն իր գործն ուղղակի վերընթերցում է։ Փակում է գիրքը, դնում աթոռին, սկսում է պատմել իր պատմությունները՝ սիրո ու կյանքի մասին։ «Զանգակի» սրահում ներկա հայերի համար անսովոր է Ուլիցկայայի՝  «դուր գալու» ցանկության բացակայությունը, անկեղծությունը, ծանոթ է մտքերի ընթացքն ու ազատությունը։ Հարցին, թե ընթերցե՞լ է հայկական գրականություն, առանց դեսուդեն ընկնելու պատասխանում է՝ «ոչ», բայց, օրինակ, գիտի Մարիամ Պետրոսյանի ու Նարինե Աբգարյանի մասին։ 

 

Լյուդմիլա Ուլիցկայան Լյուդմիլա Ուլիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երեւանում էլ մեկ անգամ է եղել, 60-ականներին, կյանքի երկրորդ մեղրամսին, բայց անգիր գիտի հայերին։ Եվ այս մասին խոսելիս կարծես  ինքն իր համար բացահայտում է․«Գրողը տանի, իսկապես, իմ բոլոր պատմվածքներում կամ հայ կա, կամ հայի գեն»։


Հոկտեմբերի 6-ին «Զանգակ» գրատանը Լյուդմիլա Ուլիցկայայի հետ հանդիպումը վարել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռուսական եւ համաշխարհային գրականության եւ մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը:

 

Թե ինչու են այդքան շատ հայերը 

 

Այս մասին երբեք չեմ մտածել: Ես ապրում եմ մի աշխարհում, որի ամեն անկյունը կարող է «սնել» իմ պատմվածքը: Երբեք չեմ հորինում պատմություններ, եւ երբ ինչ-որ մեկն  առաջարկում է մի հրաշալի բան պատմել, որն ըստ իրեն, կարող է ինձ պետք գալ, ես միշտ հրաժարվում եմ լսել։ Ի սեր աստծո, աշխարհում այնքան իրական պատմվածք կա, որքան կատու՝ աղբանոցում: Կյանքում ամեն ինչ պատմվածք է: 

 

Մեկ օր առաջ ընկերուհուս թաղումն էր։ Նա բանասեր էր, լեզվաբան եւ աշխարհի ամենահայտնի գիտնականների հետ էր շփվում։

 

2001-ն էր, երբ քաղցկեղ ախտորոշեցին: Սկսեց բուժվել, հետո մի օր հոգնեց եւ որոշեց գնալ Տիբեթ, մի բուսաբույժի մոտ։ Բոլորս խորը ու անհույս հոգոց հանեցինք, ձեռքի հետ էլ՝ քթի տակ ծիծաղեցինք։ Բայց այդ տիբեթցի բուսաբույժի շնորհիվ նա ապրեց եւս տասնչորս տարի եւ մահացավ յոթանասունութ տարեկանում, երկու օր առաջ:

 

Ինչո՞ւ եմ պատմում այս մասին: Շատ տարիներ առաջ նա ամուսնացած էր, բայց կողքից սիրավեպ ուներ։ Գժի պես սիրահարված էր մի ամերիկացի պրոֆեսորի, որը նույնպես ամուսնացած էր։ Մեկ տարի նրանց հարաբերությունները մղձավանջ էր բոլորի համար։ Երկրորդ տարում հիվանդացավ ընկերուհուս ամուսինը եւ պրոֆեսորը միանգամից սկսեց դեղեր ուղարկել ու օգնել բուժման հարցով, հետո միասին ճանապարհեցին նրան։ Մի քանի տարի հետո հիվանդացավ նրա կինը։ Ընկերուհիս մեկնեց Միացյալ Նահանգներ ու սկսեց օգնել նրան: Նա էլ մահացավ։ Սկսեցին ապրել միասին, մեկնել հանգստանալու պրոֆեսորի երեխաների հետ, բայց երբեք չամուսնացան ու մի անսպասելի օր բաժանվեցին: Երեկ ընկերուհուս թաղմանը եկել էր նաեւ այդ պրոֆեսորը։ Մահվանից առաջ ընկերուհիս վերջինը խոսել էր նրա որդու հետ։ Եվ ես հասկացա, որ թեեւ բոլորը վստահ էին, որ այս հարաբերությունները ցավից բացի ոչինչ չի կարող պատճառել, իրականում կերտեցին բարձր մարդկային հարաբերություններ ու բացահայտեցին մարդկային ամենամեծ արժեքները։

 

Լյուդմիլա Ուլիցկայան Լյուդմիլա Ուլիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ինչո՞ւ էի սա պատմում։ Տարիներ առաջ գրել էի «Ուրախ թաղում» պատմվածքը եւ այն՝ ահա այս ընկերուհուս պատմությունն է: Դե ասեք, ինչպե՞ս կարող եմ գրող չլինել, եթե ամեն օր ինձ հրամցնում են այսպիսի հանճարեղ պատմվածքներ:

 

Երջանիկ եմ, որ նկատում եմ այս ամենը: Գուցե մտածեք, որ այն, ինչ պատմեցի, հակաէսթետիկ էր, բայց, գիտե՞ք, մարդկային հարաբերությունների բարձրությունն այնքան բարձր կարող է լինել, որ ես չէի կարող չպատմել ձեզ այդ մասին։

 

Իսկ հիմա պատասխանը, թե ինչու են այդքան շատ հայերը։ Որովհետեւ նրանք այնքան շատ են իմ շրջապատում։ Կան հայեր, ում հետ ծնողներս էին ընկերություն անում, կան հայեր, ում հետ մեծացել եմ, կան հայեր, որոնք իմ ընկերներն են եւ կան մարդիկ, ում մայրիկներն են հայ, եւ կան հայեր, ում սիրում եմ։ 

 

Գրելու, կանգ չառնելու եւ չար նախանձի մասին

 

Երբ Չեռնոգորիայում էի, Բորիս Ակունինին հարցրեցի, թե ինչպես է աշխատում: Պատասխանեց, որ ամեն օր առավոտյան ժամը տասին նստում է գրասեղանի մոտ, չորսին դադար տալիս, հանգստանում է մինչեւ հաջորդ օրը առավոտյան ժամը տասը։

 

Ազնիվ խոսք, այդ պահին ես նախանձից մեռնում էի։

 

Երբ իմ գլխում մի միտք է հայտնվում, օրը քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր, ամիսներ, նույնիսկ մեկ տարի ես չեմ կարողանում ազատվել դրանից մինչեւ չեմ գրում ու ավարտում։ Այնպես որ, երբ մի գիրք տպագրվում է, ինքս ինձ ասում եմ, վերջ, բավական է ու դադար եմ վերցնում։ Հենց այդ պատճառով էլ շատ եմ սիրում պատմվածքներ գրել՝ երեք օր տեղիցս չեմ շարժվում եւ պատրաստ է։

 

Լյուդմիլա Ուլիցկայան Լյուդմիլա Ուլիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հիմա մի պիես եմ գրում, հույս ունեմ, որ կավարտեմ: Մեծ վեպեր չեմ ուզում գրել, վախենում եմ խոստանալ, որ ավարտելու եմ․․․

 

Բալկաններում սովորած դասը

 

Տասը տարի առաջ ես Բալկաններում էի: Պետք է Չեռնոգորիայում մնայինք, բայց պտտվեցինք առանց դադարի։ Եվ այնտեղ տեսա ու հասկացա մի շատ հետաքրքիր բան՝ մի սար այս կողմ, մի սար այն կողմ, կամ էլ սարերի միջեւ, մի գյուղ այս կողմ կամ այն կողմ ապրում են մարդիկ, որոնք հարեւաններ են: Բոլորը ուրիշ են, բայց հարեւաններ։ Եվ մենք բոլորս, միշտ ստիպված ենք ապրել հարեւանների հետ, որոնք տարբեր են: Եվ կարեւոր է, որ հասկանանք, որ մարդիկ իրավունք ունեն լինել ուրիշ եւ մենք պետք է թույլ տանք դա եւ չխախտենք նրանց ուրիշ լինելու ցանկությունը։

 

էթիկայի մի հին կանոն կա, որ առկա է բոլոր կրոններում՝ «Մյուսի հանդեպ մի արա այն, ինչ չես ուզում, որ քեզ անեն»: Բայց սրան ոչ մեկ չի հետեւում: Թվում է, որովհետեւ դժվար է,  բայց նույնիսկ սա կարելի է սովորել, եթե հասկանաս գլխավոր կանոնը՝ սիրել: 

 

Հետապնդող, փոփոխվող ու փոխող ժամանակը

 

Ամիսներ առաջ տեղի ունեցավ մի դեպք, ինչը նախ մանրուք թվաց, բայց հետո եկավ ինձ ապացուցելու, թե մարդն իր տեսակով որքան է փոխվել։ Կայարաններից մեկում գողացան իմ համակարգիչը: Սկզբում ուղղակի տխրեցի, բայց տասնհինգ րոպե հետո հասկացա, որ իմ մի մասն են գողացել: Երիտասարդ տարիքում հիշում էի բոլոր հեռախոսահամարները, իսկ հիմա բոլորի հեռախոսահամարները պահում եմ համակարգչիս մեջ։ Եվ այն, որ կորցրել էի համակարգիչս, նշանակում էր, որ ես կորցրել էի ահռելի քանակությամբ մտքեր, որոնք գրել էի ու մոռացել։ Ու ես սկսեցի հասկանալ,որ համակարգիչն իմ ուղեղն է, որովհետեւ ուղեղիս եղածը պահում եմ այնտեղ։ Ու կորցնել այն, նշանակում է կորցնել ուղեղը։

 

Լյուդմիլա Ուլիցկայան Լյուդմիլա Ուլիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Եվ սա ասում է այն մարդը, որը ծնվել է 1943 թվականին։ Իրականում մեր կյանքը չափազանց կարճ է եւ չափազանց արագ է փոխվում: Եվ ես հասկանում եմ, որ մենք բոլորս ճգնաժամի մեջ ենք ապրում։

 

Այսօր, անգամ բանավիճելիս, մենք ամեն ինչ պետք է վերաիմաստավորենք, որովհետեւ ամեն ինչ չափազանց արագ է փոխվում՝ սկսած հիվանդություններից, վերջացրած սիրուց։

 

Մենք մեզ համար երկաթյա ամրությամբ պիտի սահմանենք, թե տվյալ հարցը, որի շուրջ բանավիճում ենք, ինչ արժեք ունի անձամբ մեզ համար։ Սովորական մի բան՝ ամուսնության ինստիտուտը։ Մեր տատերն ու պապերը երբեք չէին ամուսնալուծվում: Ես իմ տատիկի ու պապիկի սերնդում չգիտեմ անգամ մի զույգ, որը ամուսնալուծվել է: Գիտեմ զույգեր, որ ապրել են միասին՝ իրար ատելով, վիճելով ու ծեծելով, բայց չեն բաժանվել, որովհետեւ ամուսնությունը ամբողջ կյանքի համար էր եւ մինչեւ մահ։

 

Իմ մայրիկի-հայրիկի սերունդը արդեն այն սերունդն էր, որ սկսեց հազվադեպ, բայց  ամուսնալուծվել: Իմ ծնողների ամուսնալուծությունն, օրինակ, շատ ծիծաղելի զրույցի վերածվեց ինձ համար: Նրանք որոշեցին բաժանվել, երբ ես տասնվեց տարեկան էի։ Տեսնելով նրանց անտանելի հարաբերությունները՝ մի օր ասացի․ «Մայրիկ, չի կարելի այդպես ապրել, բաժանվեք ի վերջո»: Իսկ նա լուրջ դեմքով նայեց ինձ եւ մի հանճարեղ միտք ասեց. «Հեշտ ես ասում, բայց ես երեխա ունեմ»:

 

Իմ սերունդը․․․ Շատ լավ  հիշում եմ, ինչպես մի անգամ զբոսնում էի ընկերուհուս հետ եւ դիմացի մայթից մեզ մոտեցավ մյուս ընկերուհիս եւ ես նրանց ստիպված էի ծանոթացնել հետեւյալ նախադասությամբ․ «Ծանոթացիր, սա իմ առաջին ամուսնու երկրորդ կինն է, իսկ նա իմ երկրորդ ամուսնու հինգերորդ կինն է»:  Այս պահին ես ապրում եմ իմ  երրորդ ամուսնու հետ: Նրա կյանքում ես երկրորդ փաստաթղթավորված կինն եմ: 

 

Լյուդմիլա Ուլիցկայան Լյուդմիլա Ուլիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ժամանակը փոխել է ամեն ինչ։ Երբ ամուսնալուծվում էին իմ ծնողները, նրանք իրար տեսնել չէին կարող, ուր մնաց երբեւէ շփվելու մասին մտածեին: Իմ սերունդը ամուսնալուծվելով եւ նորից ամուսնանալով պահպանում է մարդկային հարաբերությունները, տարրական շփումը: 

 

Ավելի երիտասարդ սերունդը բոլորովին այլ կերպ է ապրում․ նախ մասնագիտապես կայանում են, դառնում են պրոֆեսիոնալ, հետո երեխա են ունենում եւ հետո կամ ամուսնանում են, կամ՝ ոչ: Եվ սա այն ազատությունն է, որն իմ սերնդին թվում էր անհասանելի ճիշտ այնպես, ինչպես ամուսնալուծվելու գաղափարը՝ իմ տատիկ-պապիկին։

 

Այնպես չէ, որ մարդիկ փոխվել են եւ դարձել գռեհիկ կամ չափազանց ազատամիտ։ Ոչ, ամենեւին, ուղղակի հարաբերությունների ինստիտուտն է փոխվել եւ սա պետք է ընդունել։

 

Թթու վարունգն ու կյանքի համը

 

Մայրս շատ ուրախ կին էր: Ամեն առավոտ արթնանում էր ժամը վեցին, ժպտում էր, միացնում էր ռադիոընդունիչը, մարմնամարզություն էր անում։ Ես ամեն առավոտ արթնանում էի արդեն հոգնած, դժգոհ դեմքով ու չխոսելու ցանկությամբ։ Մայրս միշտ ասում էր, որ անտանելի բնավորություն ունեմ, եւ եթե, օրինակ` խնձոր ունեմ, նարինջ եմ ուզում, եւ երբ նարինջ ունեմ, ինձ բանան է պետք երջանիկ լինելու համար, իսկ նա՝ մի աման թթու վարունգ ունի եւ վերջ, երջանիկ է։

 

Դա նրա տաղանդն էր: Ես նման տաղանդ չունեի: Ինձ փոխեց հիվանդությունը։ Ութ տարի առաջ ես հաղթահարել եմ քաղցկեղը: Այն  գլխիվայր շրջել է ինձ: Բուժման ամբողջ պրոցեսն եմ անցել՝ ճառագայթումից մինչեւ քիմիա, եւ երբ փրկվեցի, սկսեցի ապրել իմ երկրորդ կյանքը, վերածնունդը։ Քանի որ ինձ երկրորդ անգամ ապրելու հնարավորություն տրվեց, շատ հստակ հասկացա, որ պետք է ուրախանալ կյանքի ամեն ակնթարթի համար: Ես բուժվել եմ Իսրայելում, որտեղ իմ հիվանդանոցը լեռան վրա էր, իսկ իմ տունը՝ լեռան ստորոտին: Ամեն օր այդ լեռը ոտքով էի բարձրանում եւ մինչեւ հիմա այդ ճանապարհն իր բոլոր քարերով ու կտուրներով եմ հիշում, ամենայն մանրամասնությամբ, որովհետեւ ես քայլում էի այդ ճանապարհով եւ երջանիկ էի: Աստվածաշնչի՝ «Եվ արարեց Աստված ու ասաց՝ լավ է» պնդումը հասկացա։ Ահա այդ «աստվածաշնչյան «լավ է»»-ն  մենք պետք է ինքներս մեզ համար արարենք, որովհետեւ կյանքն ու ապրելն արդեն լավ է: 

 

Կիսատ գենետիկան

 

Համալսարանում գենետիկա էի ուսումնասիրում: Եվ չէի լքի ինստիտուտը, եթե ինձ չհեռացնեին: Հրաշալի դասախոսներ ունեի, շատ էի սիրում լսել եւ շատ էի սիրում սովորել, զուգահեռ նաեւ պրակտիկա էի անցնում ու լավագույն ուսանողներից էի: Բայց մեզ դուրս շպրտեցին ինստիտուտից, որովհետև մենք արգելված գրականություն էինք կարդում, վերատպում։ Դուրս շպրտելուց հետո չմոռացան նաեւ փակել այն լաբորատորիան, որտեղ զուգահեռ աշխատում էինք։

 

Լյուդմիլա Ուլիցկայան Լյուդմիլա Ուլիցկայան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մնացի առանց աշխատանքի: Ամուսնալուծվեցի, ապա ամուսնացա երկրորդ անգամ: Սկզբում ծնվեց առաջին, հետո երկրորդ երեխաս: Հետո նրանք մեծանում էին եւ ես տասը տարի նվիրեցի տնային տնտեսուհու մասնագիտությունը յուրացնելուն: Այս ընթացքում գենետիկան ու կենսաբանության բոլոր գիտելիքները մոռացվեցին, եւ ես հասկացա, որ կրթության կարիք ունեմ՝ նորից ամուսնալուծվում եմ, չունեմ փող եւ անջատել են իմ տաք ջուրը։

 

Երեխաներիս հետ տեղափոխվեցի ընկերուհուս տանը ապրելու։ Մի օր նրա տուն եկավ հրեական թատրոնի հրեա ռեժիսոր Շերլինգը եւ ինձ առաջարկեց փորձել ինչ-որ բաներ գրել: Երեք տարի գրեցի աննշան սցենարներ, հետո դուրս եկա թատրոնից եւ սկսեցի գրել պատմվածքներ։ Առաջին գիրքս լույս տեսավ, երբ հիսուն տարեկան էի: 

 

Լուսին Մկրտչյան


Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am