Ավետիք Չալաբյան. Ժամանակն է հետ կանգնել բեւեռացնող բաժանումից - Mediamax.am

exclusive
11041 դիտում

Ավետիք Չալաբյան. Ժամանակն է հետ կանգնել բեւեռացնող բաժանումից

Ավետիք Չալաբյանը
Ավետիք Չալաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


 

Մեդիամաքսի հարցազրույցը հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի հետ

 

- Սերժ Սարգսյանի հրաժարականից անցել է գրեթե հինգ ամիս. կարո՞ղ ենք արձանագրել, որ հեղափոխության առաջին փուլն ավարտված է:

 

- Կարծում եմ, որ Հայաստանը հեղափոխական խմորման փուլում գտնվում էր առնվազն 2013 թվականից սկսած, եթե ոչ ավելի շուտ։ 2013 թվականին մարդիկ եկան այն համոզման, որ գործնականում անհնար է իշխանափոխության հասնել ընտրությունների միջոցով, եւ սկսվեց մասսայական ընդվզումը։

 

Եթե ուշադիր վերլուծենք անցած տարիները, կտեսնենք, որ հեղափոխական իրադարձություններ Հայաստանում չեն եղել միայն 2017 թվականին, երբ կար որոշակի դրական ակնկալիք Կարեն Կարապետյանի կառավարությունից։ Մնացած բոլոր տարիներն ունեցել են բավական բուռն հեղափոխական օրակարգ եւ կուլմինացիան դարձավ 2016 թվականը՝ ապրիլի պատերազմով եւ «Սասնա Ծռեր»-ով։ Ուստի, կարծում եմ՝ ավելի ճիշտ է խոսել այն մասին, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում ոչ թե հեղափոխություն եղավ, այլ հանգուցալուծվեց հեղափոխության կարեւոր մի փուլ։ 

 

- Որքանո՞վ է իրական հակահեղափոխության վտանգը:

 

- Այսօր Հայաստանում առաջացել է մի իրավիճակ, երբ հասարակության մեջ հեղափոխական կոալիցիան այնքան մեծ եւ ընդարձակ է, որ հակահեղափոխության անմիջական ռիսկը չափազանցված է: Հակահեղափոխությունը Հայաստանում կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հեղափոխությունն ինքն իրեն տանի փակուղի, սակայն հենց սա ես չէի բացառի:

 

Ես այսօր լայնամասշտաբ հակահեղափոխական ռեւանշի քայլեր չեմ տեսնում: Եթե խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, մենք տեսանք, որ նա փորձեց որոշակի գործունեություն ծավալել միայն իր ձերբակալումից եւ կալանավորումից հետո, եւ նրա նպատակը ավելի շատ պաշտպանվելն էր, քան իշխանության գալը: Վերջին 5 տարիների ընթացքում մենք նրա մասին գրեթե չէինք լսում, ոչ էլ հիշում էինք նրա գոյության մասին: Նրա քաղաքական հավակնությունները արդեն իսկ բախվում էին բնակչության եւ քաղաքական ուժերի գերակշիռ մասի խիստ սառը վերաբերմունքին: Կարող եմ ենթադրել, որ հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձությունների հիմքում կանգնած է որոշակի «հակահեղափոխական կոնսոլիդացիա» մոդելավորելու իշխանությունների ձգտումը՝ թշնամու հարմար կերպար ստանալու համար:

 

2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն անարյուն հրաժարվեցին գործադիր իշխանությունից՝ ակնկալելով որոշակի կապիտալի եւ շահերի անձեռնմխելիություն: Իմ տպավորությոամբ՝ ընտրելով այդ ճանապարհը, նախկին իշխանությունը հետագա հակահեղափոխական ռեւանշի ծրագիր չի ունեցել, զգալով որ բնակչության լայն շերտերի մոտ կորցրել է աջակցությունը:

 

Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների մասնակիցների կազմը եւս վկայում է, որ այս փուլում ռեւանշի մտադրություն նախկին իշխանությունները չունեն, եւ ընտրություններին մասնակցող ակնհայտ «հակահեղափոխական» ուժեր չկան:

 

- Արդյո՞ք «hակահեղափոխական» եզրույթը երբեմն չի օգտագործվում որպես «պաշտպանիչ շերտ»՝ ներկա իշխանության թերությունները կամ անհաջողությունները արդարացնելու համար:

 

- Կարծում եմ՝ ընդհանրապես եկել է ժամանակը հետ կանգնել հեղափոխական-հակահեղափոխական բեւեռացնող բաժանումից, սա երկիրը տանում է փակուղի եւ քաղաքացիական բախումների: Ես առաջարկում եմ առաջնորդվել քաղաքական եւ հանրային ուժերի կատեգորիզացիայի փոքր-ինչ այլ տրամաբանությամբ:

 

Կա ռեակցիոն ուժ, որը փորձելու է նախորդ 20 տարիների իր ձեռքբերած կապիտալն ու նյութական բազան պահպանել, որպեսզի ապագայում այն կրկին վերածի քաղաքական կապիտալի: Այդ ուժը միատարր չէ, սակայն դրա հիմքում բոլոր նրանք են, ում կապիտալը կուտակվել է ոչ թե գործարար տաղանդի, այդ քաղաքական եւ տնտեսական մենաշնորհի շնորհիվ: Այդ ուժը թվաքանակով գուցե մեծ չէ, բայց ազդեցիկ է, մասնավորապես, երկրից դուրս իր կապերի շնորհիվ։

Ավետիք Չալաբյանը Ավետիք Չալաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կա արմատական հեղափոխական ուժ՝ հասարակության այն հատվածը, որը կապիտալի այդպիսի եղանակով կուտակման հետեւանքով տարիներ շարունակ ստորացվել եւ իրավազրկվել է: Այս ուժը ձգտում է պատժել ռեակցիոն ուժին եւ թույլ չտալ նրա վերադարձը։ Այն բազմաքանակ է, հեղափոխությունը բերել է նրա մոբիլիզացիայի, սակայն նրա կառավարման կարողություններն են սահմանափակ։

 

Հասարակության մեջ կա նաեւ երրորդ հատվածը: Դա մարդիկ են, որոնք կայացել են որպես պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներում, բիզնեսներ են ստեղծել, որոնք կապված չեն եղել իշխանությունների հետ եւ արտոնություններից չեն օգտվել: Այդ մարդիկ ոչ ռեակցիոն ճամբարում են, ոչ էլ՝ արմատական հեղափոխական: Այս ճամբարը պայմանական կարելի է անվանել չափավոր ազատական: Նրանք եւս արդարության վերականգնման են ձգտում, բայց ոչ ամեն գնով, եւ ցանկանում են առաջ գնալ եւ կառուցել երկրի ապագան: Ի դեպ, այն հանգամանքը, որ չնայած վերջին ամիսների իրադարձություններին, տնտեսական աճը Հայաստանում կանգ չի առել, վկայում է այն մասին, որ այս ճամբարի մարդիկ այնքան էլ սակավաթիվ չեն, եւ նրանք շարունակում են աշխատել եւ արդյունքների հասնել: Այս մարդկանց մեծ մասը շահագրգռված է, որ Հայաստանում ծայրահեղ բեւեռացում չլինի: Ես ինձ համարում եմ այս ճամբարի ներկայացուցիչ եւ ցանկանում եմ, որ մենք հնարավորինս արագ ծայրահեղությունների դաշտից դուրս գանք, փակենք անցյալի օբյեկտիվորեն ցավոտ էջը, եւ կենտրոնանանք ապագան կառուցելու վրա:

 

- Ի՞նչ եք կարծում, իշխանությունը շահագրգի՞ռ է, որ այդ «երրորդ ուժը» կայանա:

 

- Այսօրվա իշխանությունը պետք է հասկանա, որ նախորդ համակարգի հիմնական խնդիրը քաղաքական մենաշնորհն էր՝ սերտաճած տնտեսական մենաշնորհի հետ: Դա էլ, ի վերջո, նրան տարավ տապալման: Նոր իշխանությունը պետք է խուսափի նույն ճանապարհով գնալու գայթակղությունից, քանի որ Հայաստանի զարգացումը հնարավոր է միայն իրական ժողովրդավարության, իրական քաղաքական մրցակցության եւ իրական հանրային համերաշխության պայմաններում:

 

Իշխանությունը պետք է նախեւառաջ չխանգարի քաղաքական մրցակցությանը եւ զսպի իր շրջապատում գտնվող այն տարրերին, որոնք փորձում են պիտակավորել ցանկացած քննադատություն՝ գնալով բացարձակ անհանդուրժողականության ճանապարհով: Դա ես անձամբ եմ զգացել։ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, որպեսզի հաստատվի իրական ժողովրդավարություն եւ հանդուրժողականություն, եւ իշխանության խնդիրն է իր գործողություններով եւ հռետորաբանությամբ ձեւավորել հենց այդպիսի մթնոլորտ:

 

- Ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, կարծես թե ՀՀԿ-ի հետ ջենթլմենական համաձայնության ձեռք բերվեց, որ արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար կօգտագործվի Սահմանադրությամբ նախատեսված միակ տարբերակը՝ վարչապետը ինչ-որ մի փուլում հրաժարական կներկայացնի, այն կընդունվի, որից հետո Ազգային ժողովը նոր վարչապետ չի ընտրի, ինչի հետեւանքով խորհրդարանը կլուծարվի ու կլինեն նոր ընտրություններ: Օգոստոսին, ելույթ ունենալով հանրահավաքում, Փաշինյանն ասաց, որ մարդկանց մոտ որոշակի անհանգստություն կա առ այն, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն կարող է այլ մարդու ընտրել վարչապետ: Եվ որպեսզի ժողովուրդը ստիպված չլինի նորից հեղափոխություն անել, ինչպես ասել էր վարչապետը, իրենք հանդես կգան ԱԺ ինքնալուծարման նախաձեռնությամբ: Դրանից հետո էլ ՀՀԿ-ն ակնհայտորեն խստացրեց հակաիշխանական հռետորաբանությունը: Ինչպե՞ս կարող է հանգուցալուծվել այս հարցը:

 

- Կարծում եմ, որ Ազգային ժողովի ինքնալուծարման թեման փակուղային օրակարգ է: Իհարկե, տեսականորեն չի կարելի բացառել, որ Ազգային ժողովը կարող է Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետ ընտրել, օրինակ, նույն Ռոբերտ Քոչարյանին, եւ բացառված չէ, որ ինքնալուծարման թեման պայմանավորված է հենց վերջինիս շուրջ ծավալված իրադարձություններով:

 

Բայց ես ցանկանում եմ հարցնել այն մարդկանց, որոնք հասարակությանը վախեցնում են այդ հեռանկարով. եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը ընտրվի վարչապետ, նա կարողանալո՞ւ է կառավարել: Ազգային ժողովը Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետ, սակայն նա վեց օր հետո հրաժարական տվեց:

Ավետիք Չալաբյանը Ավետիք Չալաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօրվա իրողությունների պայմաններում Հայաստանում վարչապետ կարող է լինել միայն այն գործիչը, որն ունի հասարակության առնվազն ակտիվ մասի աջակցությունը: Հակառակ դեպքում կառավարումը շատ արագ կկազմալուծվի, դրանում մենք համոզվեցինք ապրիլին: Ցանկացած ուժ կամ գործիչ, որը կփորձի հասարակությանը նման կոպիտ մարտահրավեր նետել, նորից բախվելու է համաժողովրդական բողոքի ալիքին, եւ անխուսափելիորեն տանուլ է տալու:

 

Միեւնույն ժամանակ, Ազգային Ժողովի ինքնալուծարման ճանապարհը շատ ավելի բարդ է: Նախ` պետք է ստանալ ԱԺ երկու երրորդի (70 պատգամավորի) համաձայնությունը: Սա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն դեմ լինեն, այդ տարբերակը չի աշխատի: Բայց ենթադրենք, որ հասարակական պարտադրանքի հետեւանքով հավաքվում են անհրաժեշտ ձայներ: Դրանից հետո պետք է անցկացնել սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ ցուցակագրված ընտրողների առնվազն 25 տոկոսը, կամ մոտ 650 հազար ընտրող պետք է կողմ արտահայտվի, ինչն ապահովելը եւս դյուրին խնդիր չէ: Դրանից հետո էլ դեռ պետք է պարտադրել ԱԺ-ին ինքնալուծարվել: Այսինքն, գործ ենք ունենալու երեք փուլից բաղկացած եւ ժամանակի մեջ ձգված գործողության հետ, որի վերջնախաղը բոլորովին էլ երաշխավորված չէ:

 

Կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի, եթե կառավարությունը հնարավորինս արագ ավարտի աշխատանքը Ընտրական օրենսգրքի բարեփոխման շուրջ, համաձայնության գա ԱԺ-ում ներկայացված ուժերի հետ եւ նոր ընտրություններ անցկացնի եղած սահմանադրական կարգավորման շրջանակներում: Ցանկության դեպքում նոր ընտրությունները կարելի է անցկացնել մինչեւ տարեվերջ եւ դուրս գալ այս ժամանակավոր եւ բավական անկայուն շրջափուլից՝ ունենալով նոր, հասարակության հավաքական կամքը արտահայտող Ազգային ժողով, եւ արդեն նրա կողմից ձեւավորված կայուն կառավարություն։

 

Ավետիք Չալաբյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին