Դավիթ Տոնոյան. Սիրիայում մարտական խնդիրներ չենք կատարելու - Mediamax.am

exclusive
31522 դիտում

Դավիթ Տոնոյան. Սիրիայում մարտական խնդիրներ չենք կատարելու

Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը`


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Պարոն Տոնոյան, վարչապետը օրերս տեղեկացրեց, որ Սիրիա են մեկնելու հայ զինվորական բժիշկներ եւ սակրավորներ՝ ոչ թե խաղաղապահներ։ Այնուհանդերձ, կարել՞ի է ասել, որ Հայաստանը Սիրիա է գործուղելու ոչ մարտական զորախումբ, թե՞ այն ձեւակերպումը կոռեկտ չէ։ 

 

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հարցը վերջին օրերի ընթացքում շատ է արծարծվում, ցանկանում եմ միանշանակ հայտարարել, որ մենք պլանավորում ենք Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղել Պաշտպանության նախարարության մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից եւ նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից։ 

 

Բնականաբար, պաշտպանության նախարարության մասնագետները հիմնականում զինվորականներ են, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես մարտական զորախումբ, քանի որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով: Հետեւաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ:

 

- Արդեն կարծիքներ են հնչում այն մասին, որ քանի որ ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս օգտագործելու ընթացակարգ, Սիրիա գործուղելու որոշումը կլինի հակասահմանադրական: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

 

- Մեր անմիջական ազգային շահերից բխող տվյալ նախաձեռնությունը  իրավաբանական բանավեճերի չվերածելու նպատակով ուղղակի շեշտեմ, որ այս դեպքում ՀՀ տարածքից դուրս ՀՀ զինված ուժերի կիրառման մասին խոսք լինել չի կարող, քանի որ ինչպես արդեն նշեցի՝ հայ մասնագետները Սիրիայում կատարելու են բացառապես հումանիտար խնդիրներ մարտական գործողություններից դուրս տարածքներում, մասնավորապես՝ Հալեպ քաղաքում: 

 

Եթե ուշադրություն դարձնեք՝ նույնիսկ ականազերծողների պարագայում խոսքը գնում է ոչ թե զինվորական սակրավորների, այլ հումանիտար ականազերծման մասին, իսկ դրանք մասնագիտական առումով լրիվ տարբեր բաներ են: Կարծում եմ՝ թյուրըմբռնման պատճառն այն է, որ ուշադրություն է դարձվում ոչ թե գործուղման խնդրի եւ գործուղվողների կարգավիճակի, այլ զուտ նրանց՝ զինվորական լինելու հանգամանքի վրա:  

 

- Ո՞րն է լինելու գործուղման իրավական հիմքը՝ կա՞ պաշտոնական հրավեր Սիրիայի իշխանությունների կողմից։

 

- Գործընթացի իրավական հիմքը ՀՀ Սահմանադրությունն է, ՄԱԿ-ի եւ դրա մարմինների կողմից Մերձավոր Արեւելքին վերաբերվող բազմաթիվ բանաձեւերը ու գործողությունների ծրագրերը, ինչպես նաեւ ՀՀ եւ Սիրիայի միջեւ գոյություն ունեցող փոխգործակցության իրավապայմանագրային պարտավորությունները։ Սիրիայի Արաբական Հանրապետության լիազորված գերատեսչությունը մեզ ներկայացրել է համապատասխան խնդրանք, որին մենք արձագանքել ենք։ 

 

- Քանի՞ մասնագետ է գործուղելու Հայաստանը, երբ են նրանք մեկնելու եւ ինչ ժամկետով:

 

- Մենք պլանավորում ենք Սիրիա գործուղել մինչեւ 100 մասնագետների՝ այս տարվա ընթացքում: Ինչ վերաբերվում է գործուղման ժամկետին, ապա դա հընթացս որոշելու խնդիր է եւ հստակ ժամկետ սահմանված չէ: 

 

- Ո՞րն է լինելու նրանց տեղակայման վայրը կամ վայրերը։ 

 

- Մեր առաջնային նպատակը հումանիտար խիստ ճգնաժամի մեջ հայտնված Հալեպի հայ համայնքին օժանդակելն է: Հետեւաբար, հայ մասնագետները տեղակայվելու են Հալեպ քաղաքում եւ օժանդակելու են Սիրիայի բնակչությանը: 

 

- Ո՞վ եւ ինչպես է ապահովելու հայ բժիշկների եւ ականազերծողների անվտանգությունը Սիրիայում։ 

 

- Մեր բժիշկների եւ հումանիտար ականազերծողների անմիջական ֆիզիկական անվտանգությունն ապահովվելու է հատուկ այդ նպատակով նրանց հետ մեկնող անվտանգության ապահովման մասնագետների կողմից։  

 

- Ինչպես են կարգավորվելու մեր զինվորականների հարաբերությունները Ռուսաստանի եւ Սիրիայի Զինված ուժերի հետ։ Օրինակ, ո՞վ է հրաման արձակելու այս կամ այն վայրում ականազերծում կատարելու վերաբերյալ։ 

 

- Մեր մասնագետների խումբը Սիրիայում գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո: Բնականաբար, խումբն իր գործունեությունը համակարգելու է եւ ռուսաստանյան կողմի, եւ տեղի իշխանությունների հետ: Հումանիտար գործողությունների ընդհանուր համակարգումն իրականացնելու, ստացվող տեղեկությունները, քաղաքացիական բնակիչների կանչերը հավաքելու եւ վերլուծելու, ինչպես նաեւ դրանց արձագանքելու նպատակով Հալեպում գործում է այդ նպատակով ստեղծված կենտրոն, որտեղ լինելու են նաեւ մեր ներկայացուցիչները եւ հայ մասնագիտական խմբերին իջեցնելու են այս կամ այն «պատվերը»: Ինչ վերաբերվում է ՌԴ եւ Սիրիայի զինված ուժերին եւ նրանց ռազմական գործողություններին, ապա արդեն նշեցի, որ մարտական խնդիրներ մեր մասնագետները չեն կատարելու: 

 

Դավիթ Տոնոյանը եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Դավիթ Տոնոյանը եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

 

Մեր մասնագետների՝ Սիրիա տեղափոխման եւ տեղում նրանց ապահովման հարցերում օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել մեր ռուսաստանցի գործընկերները, ինչն օրերս կամրագրվի համապատասխան Արձանագրությամբ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել նրանց:

 

- Հաշվի առնելով այն փաստը, որ մեր խաղաղապահները արդեն մի քանի տարի ծառայում են Լիբանանում՝ ՄԱԿ-ի UNIFIL առաքելության ներքո, կարո՞ղ է դա ավելի դյուրին դարձնել մեր զինվորականների աշխատանքը Սիրիայում։

 

- Լիբանանում մեր զորախումբը մասնակցում է խաղաղապահ առաքելության, որը փաստացի ռազմական բնույթի գործողություններ է պարունակում: Ուստի Սիրիայի հումանիտար առաքելության հետ համեմատական անցկացնելը համարում եմ սխալ։ 

 

- Արեւմուտքը ոչ միանշանակ վերաբերմունք ունի Սիրիայում Ռուսաստանի գործողությունների նկատմամբ։ Մտավախություն չունե՞ք, որ մեր զինվորականների գործուղումը Սիրիա կարող է որոշակի խնդիրներ առաջացնել Հայաստանի եւ արեւմտյան գործընկերների հարաբերություններում։

 

- Մենք մեր մտադրությունները քննարկել ենք մեր գրեթե բոլոր գործընկերների հետ: Մենք չենք մեկնում Սիրիա որեւէ կողմում ռազմական գործողությունների մասնակցելու: Ի վերջո՝ մեր առաքելությունը մարդասիրական է, իսկ մեր ազգային շահը՝ Հալեպի հայ համայնքի պահպանումն ու Սիրիայի ժողովրդի՝ բնականոն խաղաղ կյանքին վերադարձը: Կարծում եմ՝ այս հարցում մեր գործընկերների մոտ կա լիարժեք ըմբռնում: 

Դավիթ Տոնոյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին