Ալեքսեյ Կավոկին. Կարեւոր է Արցախի միջազգային գիտական ինտեգրումը - Mediamax.am

exclusive
14909 դիտում

Ալեքսեյ Կավոկին. Կարեւոր է Արցախի միջազգային գիտական ինտեգրումը

Ալեքսեյ Կավոկինը
Ալեքսեյ Կավոկինը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը`


Աշխարհի տարբեր երկրների ճանաչված ֆիզիկոսներն Արցախում քննարկել են ժամանակակից ֆիզիկայի վերջին ձեռքբերումները եւ զարգացման միտումները: Ավելի քան 10 երկրից 50 գիտնական հայտ էր ներկայացրել մասնակցելու «Քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր միտումները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը Ստեփանակերտում անցկացվել է հունիսի 28-ից հուլիսի 2-ը:

 

Գիտաժողովը նախաձեռնել էր ճանաչված ֆիզիկոս, ֆիզիկական գիտությունների թեկնածու, Սաութհեմփթոնի համալսարանի եւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը:

 

Մեդիամաքսին տված հարցազրույցում Ալեքսեյ Կավոկինը պատմել է գիտաժողովի արդյունքների եւ Արցախում գիտության զարգացման հնարավոր ուղիների մասին: 

 

- Արցախի Հանրապետությունում քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի մասին գիտաժողով կազմակերպելու գաղափարն ինչպե՞ս ծնվեց:

 

- ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի եւ «Քվանտ» վարժարանի իմ գործընկերների հետ Հայաստանում, հիմնականում՝ Ծաղկաձորում, հաճախ ենք կազմակերպում գիտական միջոցառումներ՝ միջազգային կոնֆերանսներ կամ դպրոցներ: Նախորդ տարի ինձ շնորհվեց Հայ-ռուսական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում, եւ իմ որոշ գործընկերներ Իտալիայից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից ու Ռուսաստանից մասնակցեցին արարողությանը, որից հետո մենք միջազգային դպրոց անցկացրինք Ծաղկաձորում: Կլոր-սեղաններից մեկի ընթացքում էլ ծնվեց Արցախում լայնամասշտաբ միջազգային կոնֆերանս կազմակերպելու միտքը: Այն պատկանում էր դոկտոր Կամո Աթայանին (ով շատ լավ գիտի Արցախը) եւ Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր Հայկ Սարգսյանին:

 

Ես ավելի քան ուրախ էի աջակցել այս գաղափարին: Ստեղծեցինք միջազգային ծրագրի կոմիտե եւ սկսեցինք աշխատանքը: «Քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր միտումները» թեմայով բարձր մակարդակի կոնֆերանսն ընդամենը վեց ամսում կազմակերպելը նշանակալի մարտահրավեր էր, ինչը հնարավոր դարձավ Արցախի, Հայաստանի եւ Ռուսաստանի շատ գործընկերների եռանդի եւ նվիրված ջանքեր շնորհիվ:

 

- Մինչ գիտաժողովն այցելե՞լ էիք Արցախ: Ինչպե՞ս էիք իմացել այդ երկրի մասին:

 

- Իմ առաջին այցն Արցախ 1998թ.-ին էր: Ես Արցախի մասին շատ բան գիտեի. մորս ընտանիքն Արցախից է: Այս գեղեցիկ երկրի եւ դրա պատմության մասին լեգենդները միշտ կենդանի են եղել մեր ընտանիքում: Արցախ կրկին այցելեցի մոտ 5 տարի առաջ, այնուհետեւ 2018թ.-ի ապրիլին, երբ սկսեցինք աշխատել կոնֆերանսի կազմակերպման վրա:

 

Արցախում ազդեցիկ մարդկանց հանդիպելու արտոնություն ունեի, եւ նրանք բոլորն ուրախ էին օգնել: Բոլորս միասին իրագործեցինք այս փոքրիկ հրաշքը, եւ ես շատ հպարտ եմ դրա համար:

 

- Արցախում գիտության, եւ մասնավորապես՝ ֆիզիկայի մակարդակին ծանո՞թ եք:

 

- Այցելել եմ Ստեփանակերտի համալսարան եւ ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուղղությամբ մասնագիտացած մի դպրոց: Շատ հանդիպումներ եմ ունեցել Արցախում աշխատող հետազոտողների եւ ֆիզիկայի ուսուցիչների հետ: Ես հավատում եմ, որ այս երկրում կան շատ տաղանդավոր մարդիկ, եւ ֆիզիկայի որոշ ճյուղեր, մասնավորապես՝ տեսական ֆիզիկան, պետք է ծաղկի այնտեղ: Հարկավոր է միջազգային ավելի լավ ինտեգրում, ինչը Արցախի երիտասարդ տաղանդավոր ֆիզիկոսներին հնարավորություն կտա մասնակցել միջազգային գլխավոր ծրագրերում:

 

- Ի՞նչ նշանակություն ունեն այսպիսի միջազգային գիտաժողովները Արցախում գիտության զարգացման համար:

 

- Հեղինակավոր միջազգային համաժողովների դերը դժվար է թերագնահատել: Տեղական գիտական համայնքի համար բացառիկ հնարավորություն է հանդիպել եւ համագործակցել համաշխարհային առաջատար գիտնականների հետ: Վերջիններիս համար էլ սա բացառիկ հնարավորություն է այցելել Արցախ եւ սեփական աչքերով տեսնել, թե որքան արագ է զարգանում այդ երկիրը:

 

- Գիտաժողովն Արցախ էր բերել միջազգային գիտնականների: Ինչպիսի՞ն էին նրանց տպավորությունները Արցախից եւ այս երկրում գիտության մակարդակից:

 

- Բոլորը խորապես տպավորված էին Արցախում տեսածով, երկրի գեղեցկությամբ եւ այդ տաղանդավոր մարդկանց հյուրընկալությամբ: Դա անսովոր համաժողով էր. զգալի ժամանակահատված նվիրված էր մշակութային եւ հասարակական միջոցառումներին, էքսկուրսիաներին, ոչ ֆորմալ հանդիպումներին եւ քննարկումներին: Իմ գործընկերները վայելեցին այցը, եւ ես վստահ եմ, որ նրանք այս բացառիկ իրադարձությունից շատ լավ հիշողություններ տարան իրենց հետ:

 

- Գիտաժողովի ընթացքում դասընթացներ են անցկացվել նաեւ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար: Ի՞նչ գիտելիքներ ստացան նրանք:

 

- Ֆիզիկայի եւ մաթեմատիկայի մասնագիտացված մի շարք հայտնի դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների խումբ էինք բերել Արցախ: Սանկտ Պետերբուրգի Ֆիզիկա-տեխնիկական դպրոցի տնօրենը շատ տպավորիչ վարպետության դաս անցկացրեց, դասախոսություններ կարդացին Ռուսաստանի թիվ մեկ բարձրագույն դպրոցի՝ N239 Նախագահական քոլեջի ու Երեւանի՝ միջազգայնորեն ճանաչված «Քվանտ» վարժարանի ուսուցիչները: 

Ալեքսեյ Կավոկինը Ալեքսեյ Կավոկինը

Լուսանկարը` Արցախի ԿԳՆ

Շատ ուսուցիչներ մասնակցել են նաեւ համաժողովի զուտ հետազոտական նիստերին: Կարծում եմ՝ դպրոցում ֆիզիկայի ուսուցման նոր մեթոդների շուրջ քննարկումների առումով ուսուցիչների եւ հետազոտողների համայնքների կանոնավոր կերպով համախմբելն ու գաղափարների փոխանակումը շատ կարեւոր է:

 

- Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս կգնահատեք գիտաժողովի աշխատանքներն ու արդյունքները:

 

- Կարծում եմ, որ դա մեծ հաջողություն էր: Կոնֆերանսին շատ բարձր մակարդակի ֆիզիկոսներ եւ տաղանդավոր ուսուցիչներ մասնակցեցին: Շատ կարեւոր է նաեւ հանդիպման միջազգային արձագանքը: Ադրբեջանն արդեն սպառնացել է բոլոր մասնակիցներին ներառել իր հայտնի «սեւ ցուցակում»: Պետք է ասեմ, որ հպարտ եմ լինել այդ «սեւ ցուցակում». դա վկայում է, որ իմ եւ իմ գործընկերների աշխատանքն ապարդյուն չէր:

 

- Որո՞նք են Արցախում գիտությունը զարգացնելու լավագույն ուղիները:

 

- Միջազգային ինտեգրումը շատ կարեւոր է: Այն կարող է լինել կանոնավոր միջազգային գիտական միջոցառումների, դպրոցների եւ հետազոտական հանդիպումների կազմակերպման միջոցով: Հրաշալի կլիներ, եթե մի քանի միջազգայնորեն ճանաչված հայ գիտնականներ մասնակի կամ լրիվ դրույքով աշխատեին Ստեփանակերտի համալսարանում: Դա ուսանողներին կմոտիվացներ մնալ իրենց երկրում եւ աջակցել Արցախում նոր լաբորատորիաների ու հետազոտական կենտրոնների կառուցմանը:

 

- Նախատեսո՞ւմ եք, արդյոք, հետագա համագործակցություն Արցախի հետ:

 

- Շատ ուրախ կլինեմ վերադառնալ նոր նախագծերով, միջազգային միջոցառումներով եւ գաղափարներով: Երեւան վերադառնալու ճանապարհին մենք քննարկում էինք նոր լայնամասշտաբ միջազգային միջոցառում կազմակերպելու հնարավորությունը՝ հավանաբար, Ֆիզիկայի նոր ուղղությունների վերաբերյալ միջազգային դպրոցի ձեւաչափով: Այն կազմակերպվելու է բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների, ֆիզիկայի ուսուցիչների միջազգային լայն լսարանի համար: Խոսնակները կլինեն ժամանակակից ֆիզիկայի տարբեր ճյուղերի համաշխարհային առաջատար փորձագետներ եւ լավագույն ավագ դպրոցների հայտնի պրոֆեսորներ: Եթե ամեն բան լավ գնա, կարծում եմ, որ կկարողանանք նման միջոցառում կազմակերպել 2020թ.-ին:

 

Ալեքսեյ Կավոկինի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին