Գիլ Թրոյ. Քաջազնունին մոռացված է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում - Mediamax.am

exclusive
16885 դիտում

Գիլ Թրոյ. Քաջազնունին մոռացված է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում

Գիլ Թրոյը
Գիլ Թրոյը

Լուսանկարը`


Ամերիկացի պատմաբան, Սիմոն Ռոքոուեր մրցանակի դափնեկիր Գիլ Թրոյը վերջերս Daily Beast պարբերականում «Հայաստանի առաջին վարչապետի ողբերգությունը. չափազանց բորբոքված եւ այժմ մոռացված» հոդված էր գրել Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու մասին: 

 

«Հուսալով դառնալ Կովկասի Ջորջ Վաշինգթոնը՝ Հովհաննես Քաջազնունին 100 տարի առաջ օգնեց ստեղծել Հայաստանի առաջին Հանրապետությունը, բայց այսօր մոռացված է…: Հայերից քչերը նշեցին Քաջազնունու 150-ամյակը, ոչ ոք չգիտի, թե որտեղ է ամփոփված նրա աճյունը»,- գրել էր պատմաբանը:

 

Մեդիամաքսին տված հարցազրույցում Գիլ Թրոյը պատմել է, թե ինչպես է իմացել Հովհաննես Քաջազնունու մասին, ինչու է որոշել գրել նրա մասին, ինչ գիտի ժամանակակից Հայաստանի եւ հայերի մասին: 

 

- Ինչպե՞ս իմացաք Հովհաննես Քաջազնունու մասին եւ ինչո՞ւ որոշեցիք ուսումնասիրել նրա պատմությունը:

 

- Երեք տարի Daily Beast-ի համար «Գաղտնի կյանքեր» շաբաթական սյունակը գրելիս՝ ես շատ ժամանակ եմ անցկացրել՝ որոնելով հաճախակի անտեսված անհատների մասին հետաքրքիր եւ կարեւոր պատմություններ:

 

Այս տարվա սկզբին, երբ տեսա, որ 1918 թ. գարունը նշանավորում է Հայաստանի Հանրապետության 100-ամյակը, դա ինձ հետաքրքրեց: Որպես հրեա, որպես ամերիկացի՝ վաղուց եմ ամաչում քաղաքականության, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության հարցի քողարկման պատճառով:

 

Դուստրս, ով վերջին մի քանի տարիներին ապրում է Երուսաղեմում, հայ սենեկակից ունի, եւ մենք որոշ հայերի հետ ենք ընկերացել: Այդպիսով՝ ես մտածում էի, որ հետաքրքրաշարժ կլինի ամերիկացիների հետ կիսվել Հայաստանի՝ մեկ դար առաջվա պատմությամբ՝ լավի, վատի եւ տգեղի մասին:

 

Այնուհետեւ, խորացա իմ ուսումնասիրություններում եւ կարծում էի, որ Հովհաննես Քաջազնունին կլինի հրաշալի խայծ, իսկական գաղտնի կյանք: Կարծում էի, որ նա մոռացված է կամ անհայտ է ամերիկացիների համար, սակայն պարզեցի, որ Հայաստանում եւս անտեսված է…

 

-Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ, ինչպես Դուք եք նշել ձեր հոդվածում, Հայաստանում բավարար ճանաչված չէ Հովհաննես Քաջազնունին:

 

-  Կարծում եմ՝ Հովհաննես Քաջազնունու՝ Հայաստանում լավ հայտնի չլինելու երեք պատճառ կա: Նախ, Հանրապետությունը ձախողվում էր մի քանի եղանակներով, եւ նա այնքան էլ հայկական Ջորջ Վաշինգթոնը չէր, քանի որ Հանրապետության կյանքն ընդհատվեց: Երկրորդ, Խորհրդային կարգերում գիտակցված միտում կար պատմությունը ներկայացնել իրենց տեսանկյունից, որում քիչ տեղ էին զբաղեցնում ազնիվ, ինքնուրույնության ձգտող եւ անկախ մտածող հայրենասերները՝ ինչպիսին Հովհաննես Քաջազնունին էր: Երրորդ՝ այնպես ազնիվ եւ անկեղծ լինելը, ինչպես նա իր շարժման մեջ էր, գին ունի, ինչի համար էլ որոշ հայ հայրենասերներ հասան այն բանին, որ գրադարաններում ոչնչացրին հռչակագիրն ու նրա մասին գրքերը:

 

Նա, ի տարբերություն Ամերիկայի, չտվեց կատարյալ Հանրապետության տարբերակը եւ որոշ սխալներ գործեց. հետագայում թուրքերն ու կոմունիստները, հաշվի առնելով նրա արտահայտած որոշ մտքեր, դրանք օգտագործեցին իրենց օրակարգն առաջ տանելու համար:

 

- Ուսումնասիրե՞լ եք, արդյոք, Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունը: Ձեր կարծիքով, ի՞նչ դեր ունեին այդ իրադարձությունները Հայաստանի հետագա ճակատագրի եւ որպես պետություն կայացման վրա:

 

- Ես ամերիկացի պատմաբան եմ, ով շաբաթը մեկ անգամ տարբեր պատմություններ է «փորփրում», այնպես որ ես ամենեւին Հայաստանի պատմության փորձագետ չեմ: Կարծում եմ, որ Հովհաննես Քաջազնունու եւ առաջին Հանրապետության պատմությունը կարեւոր նախազգուշացնող հեքիաթ է՝ Հայաստանին եւ անկայուն շրջանների այլ փոքր երկրներին զգուշացում՝ ցանկացած պետության փխրունության, ազգային միասնության անհրաժեշտության եւ այն մասին, որ արտաքին դաշնակիցների հետ ասոցացվել պետք է, բայց միեւնույն ժամանակ անհրաժեշտ է զգուշավոր լինել:

 

Դա նաեւ կարեւոր պատմություն է ճշմարտության մասին՝ ներառյալ ձեր ազգի նվաճումները եւ թերությունները, ինչը ենթադրում է պատրաստակամ լինել ինքնաքննադատության:

 

- Ի՞նչ գիտեք մեր օրերի Հայաստանի մասին:

 

- Ես երբեք Հայաստանում չեմ եղել, բայց շատ կցանկանայի այցելել: Ես ավելին գիտեմ Հայաստանի մասին, քան շատ ամերիկացիներ, սակայն եթե անկեղծ լինեմ, իմ իմացածն էլ այդքան շատ չէ: Սակայն տարբեր ընկերների եւ ծանոթների հետ շփումների ու որոշ հետազոտությունների արդյունքում ես բավականաչափ տեղեկացված եմ, որպեսզի հիանամ այս խիզախ ժողովրդով, ովքեր սարսափելի հալածանքների են ենթարկվել թուրքերի, ապա Խորհրդային կարգերի կողմից, բայց կենդանի եւ ծաղկուն են պահել իրենց ավանդույթներն ու արժեքները: 

 

Դա ոգեշնչում է ինձ որպես ամերիկացու, ով հավատում է ազգայնականությանը, ոգեշնչում է որպես հրեայի, ով հավատում է Սիոնիզմին՝ հրեական ազգայնականությանը, եւ, մասնավորապես, ոգեշնչում է գնահատել այն պատմությունը, որը մենք կարող էինք անվանել «Ազգի վերադարձ» կամ «հավիտենական ժողովուրդ»: Դա ինձ նաեւ որպես մարդ է ոգեշնչում, որը հավատում է մարդկային ոգու ուժին եւ տոկունությանը՝ անհատապես եւ հավաքականորեն:

 

- Հոդվածում Դուք խոսում եք նաեւ Հայոց ցեղասպանության մասին եւ որպես պատմաբան հստակ գնահատականներ եք տալիս 1915թ.-ի հայերի ողբերգությանը: Ձեր կարծիքով, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման գործում ի՞նչ դեր կարող են ունենալ պատմաբանները:

 

- Դա, եթե անկեղծ, հոդվածը գրելու իմ օրակարգի մասն էր կազմում: Ավելի երկար տարբերակում կամ, թերեւս, մեկ այլ հոդվածում, ես կցանկանայի ուսումնասիրել դեսպան Հենրի Մորգենթաուի՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի դերը, ով 1915թ.-ին համարձակորեն զգուշացրել էր ԱՄՆ-ին, որ «ռասայական ոչնչացման քարոզարշավ է ընթանում»: Նրա հուշերը՝ «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» լույս է տեսել 1918թ.-ին, եւ մենք՝ որպես պատմաբաններ եւ հումանիստներ, պետք է օգտագործենք այդ տարեդարձը՝ պահանջելու, որ ԱՄՆ կառավարությունը եւ աշխարհի մյուս մասը դադարեցնեն անտեսել փաստերը եւ քաղաքականացնել պատմությունը:

 

Այս պատվավոր մարդը եւ ազնիվ դիտորդն իր հուշերում՝ հայերի մասին «Ազգի սպանությունը» գլխում, նկարագրելով այդ վայրագությունները՝ դրանք անվանում է «սառնարյուն, հաշվարկված պետական քաղաքականություն»:

 

Ամոթ մեզ, որ այդ հանցագործությունների մասին բավականաչափ տեղյակ չենք: Ամոթ մեզ, որ կոծկել ենք դա՝ տեղի տալով թուրքերին: Ես հետաքրքրված չեմ ցեղասպանության ճանաչմամբ՝ զուտ միայն որպեսզի թուրքերն իրենց վատ զգան, կամ հայերը՝ լավ: Բայց ճշմարտության կոծկումը, որպես պատմաբանի, ինձ վիրավորում, սարսափեցնում եւ նյարդայնացնում է:

 

Գիլ Թրոյի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին