Գալինա Տիմչենկո. Աուդիոյի վերածնունդը թրենդ կդառնա - Mediamax.am

exclusive
68108 դիտում

Գալինա Տիմչենկո. Աուդիոյի վերածնունդը թրենդ կդառնա

Գալինա Տիմչենկոն
Գալինա Տիմչենկոն

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը`


Գալինա Տիմչենկոն Ռիգայում տեղակայված Meduza պարբերականի գլխավոր տնօրենն է: Տիմչենկոն 2004-2014 թթ. եղել է Lenta.ru-ի գլխավոր խմբագիրը եւ աշխատանքից ազատվելուց հետո Lenta.ru-ի մի քանի այլ լրագրողների հետ հիմնադրել Meduza-ն:

 

Մեդիամաքսի լրագրողը Գալինա Տիմչենկոյի հետ զրուցել է Գերմանիայի Պոտսդամ քաղաքում կայացած M100 Young European Journalists ծրագրի շրջանակում:

 

- Ո՞վ է այսօր թվային լրագրողը:

 

- Ես չեմ սիրում «թվային լրագրող» արտահայտությունը: Կարծում եմ՝ կան լրագրողներ եւ ոչ լրագրողներ:

 

Այսօրվա աշխարհում առկա են նոր պայմաններ, հանգամանքներ, եւ լրագրողներն այն առաջամարտիկներն են, որոնք պատրաստ են փոխել իրենց, միջավայրը եւ կյանքը: Հմտություններն ու սկզբունքները նույնն են, գործիքներն են տարբեր: 

 

Ատում եմ, երբ լսում եմ լրագրողներից. «Իմ աշխատանքը պատմություն գրելն է, դա իմ աշխատանքի եզրափակիչ կետն է»: Ոչ, քո աշխատանքը պատմություն պատմելն է, դրա խմբագրելուն մասնակցելը, տարածելը, ինչպես նաեւ այդ պատմությունը նոր ձեւաչափերով ներկայացնելը:

 

- Ձեր կարծիքով՝ լրագրողական կրթությունը պարտադի՞ր պայման է այսօր բարձրակարգ լրագրող աշխատելու համար:

 

- Ոչ մի դեպքում: Ի՞նչ է անում լրագրողը՝ պատմություն է պատմում: Յուրաքանչյուր տաղանդավոր մարդ, որը պատմություն է պատմում, կարող է լրագրող դառնալ, սակայն նաեւ պետք է տիրապետի մի շարք կարեւոր հմտությունների: Լրագրողի դիպլոմը այդ հմտությունների ձեռքբերումն ամենեւին չի երաշխավորում:

 

Լրագրողական դիպլոմով բազմաթիվ լրագրողների եմ ճանաչում, բայց կան բարձրակարգ լրագրողներ, որոնք կրթությամբ պատմաբան են կամ բժիշկ:

 

Գիտական լրագրության լավագույն ներկայացուցիչները ոչ թե լրագրողներն են, այլ հենց գիտնականները: Մենք մի քանի գիտական նախագծեր ենք իրականացնում, եւ դրանց վրա հենց գիտնականներ են աշխատում:

 

- Ինչպիսի՞ն պետք է լինի լրագրողը, որպեսզի աշխատի Ձեր խմբագրությունում:

 

- Չեմ ցանկանում օգտագործել «պետք է» բառը, բայց ինձ շատ է դուր գալիս, երբ լրագրողն ունի հատուկ գիտելիքներ կամ ունակություններ: Օրինակ, ունեմ լրագրող, որի հոբբին տիեզերքն է: Դա հիանալի է, քանի որ ամեն անգամ, երբ այդ թեմայով ինձ մասնագիտական խորհրդատվություն է հարկավոր լինում, կարող եմ դիմել նրան: Ունեմ մեկ այլ լրագրող, որն օպերայի գիտակ է:

 

Ունեմ Սուլթան Սուլեյմանովին, որը նաեւ կոդ է գրում: Նա ստեղծել է բոտ, որը մեզ հատուկ հաղորդագրություն է ուղարկում այն ժամանակ, երբ մոռանում ենք գրառում կատարել սոցիալական ցանցերում: «40 րոպե է՝ գրառում չեք կատարել»,- ասում է բոտը, եւ եթե հանկարծ սխալվես եւ ասես`«Ձայնդ կտրի՛ր», կստանաս այպիսի պատասխան. «Լավ, հիմա կգնամ, բայց կվերադառնամ 20 րոպեից» (ժպտում է-խմբ.):

 

-Կարո՞ղ եք նշել մեդիա թրենդեր, որոնք թեեւ այսօր շատ տարածված չեն, բայց առաջնային կդառնան որոշ ժամանակ անց:

 

- Գուցե այսօր դա այդքան ակնհայտ չէ, բայց թրենդ կդառնա աուդիոյի վերածնունդը: Կան շատ ունկնդիրներ եւ ընթերցողներ, որոնք աչքերով կարդալու ժամանակ չունեն, բայց ունեն ազատ ժամանակ, երբ, օրինակ, խցանման մեջ են կամ մարզասրահում: Այս հանգամանքը կհանգեցնի աուդիո ձեւաչափերի վերածննդին:

 

Մեկ այլ թրենդ կարող են դառնալ զուտ սոցիալական ցանցերի վրա հիմնված նախագծերը՝ առանց դեպի որեւէ այլ հարթակ ուղղորդման:

 

Գալինա Տիմչենկոյի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին