Վերոնիկա Զոնաբենդ. Կրթական կլաստերը բաց հարթակ է լինելու - Mediamax.am

exclusive
108992 դիտում

Վերոնիկա Զոնաբենդ. Կրթական կլաստերը բաց հարթակ է լինելու

Վերոնիկա Զոնաբենդ
Վերոնիկա Զոնաբենդ

Լուսանկարը` Ալեքսանդր Գուսով

Լուսանկարը`


Վերջին ամիսներին ՀՀ կրթության նախարարի նախագահությամբ մի շարք նիստեր է անցկացրել Դիլիջանում կրթական կլաստերի ստեղծման հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը: Նախագծի նախաձեռնությամբ հանդես են եկել IDeA եւ Scholae Mundi հիմնադրամները: Մանրամասները պարզաբանելու համար Մեդիամաքսը դիմել է հիմնադրամների համահիմնադիր, UWC Dilijan քոլեջի տնօրենների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդին:

 

- Այս շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծման մասին: Կարելի՞ է ասել, որ այդ գաղափարը իրագործելու ուղղությամբ արդեն գործնական քայլեր են ձեռնարկվում:

 

- Կրթական կլաստերի գաղափարը ենթադրում է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա բոլոր մասնակիցներին՝ մասնավոր եւ միջազգային կազմակերպություններին, ներդրումներ կատարել Հայաստանի կրթության ոլորտում: Այն նաեւ օժանդակելու է միասնական թափանցիկ կանոններով տարատեսակ գաղափարների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորմանը: 

 

Շատ կարեւոր է, որ կլաստերը ստեղծվելու է մասնավոր-պետություն համագործակցության սկզբունքով, եւ որ ՀՀ կառավարությունը սատարում է այդ նախաձեռնությանը, գիտակցելով դրա կարեւորությունը երկրի համար: Դա թույլ կտա մեծացնել մի նոր սերունդ, որը կունենա XXI դարում անհրաժեշտ բոլոր հատկություններն ու հմտությունները:

 

Խոսքը կրթական միջավայրի ստեղծման մասին է, որը մի կողմից նպաստում է երեխաների մոտ հետինդուստրիալ հասարակության մեջ հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտությունների ձեւավորմանը, իսկ մյուս կողմից՝ կրթության ոլորտի մասնագետներ է պատրաստում, լավագույններին ներգրավվելով դեպի ուսուցչի մասնագիտություն: Օրինակ, Ֆինլանդիայի հաջողությունները կրթության ոլորտում հնարավոր դարձան նրա շնորհիվ, որ ուսուցչի մասնագիտությունը հասարակության մեջ համարվում է ամենահարգվածներից ու հեղինակավորներից մեկը: Այդ պատճառով ապագա ուսուցիչներին շատ բարձր պահանջներ են  ներկայացվում: Մենք ցանկանում ենք այնպես անել, որ Հայաստանում էլ ընտրությունը լավագույնների միջեւ կատարվի: Մեզ համար կարեւոր է ներգրավել ստանդարտից դուրս մտածող մարդկանց, ովքեր բաց են նոր գաղափարների համար, կարող են մոտեցում գտնել «Z սերնդին» եւ ընդունակ են նրանց հետ խոսել իրենց իսկ լեզվով՝ առանց սիրաշահելու:

 

Այդ ուղղությամբ արդեն արվել են որոշակի քայլեր: Այսպես, Scholae Mundi հիմնադրամը աջակցում է Teach for Armenia նախագծին, որը Teach for All գլոբալ նախագծի մաս է: Teach for Armenia-ի ընտրության համակարգը այնպես է կառուցված, որպեսզի կրթության ոլորտ ներգրավվեն ոչ մանկավարժական բուհերի լավագույն շրջանավարտները, ովքեր շատ լավ տիրապետում են իրենց առարկային եւ պատրաստ են իրենց կյանքի երկու տարիները անցկացնել՝ դասավանդելով գյուղի դպրոցներում, քաղաքային կյանքի հարմարավետությանը սովոր մարդու համար բավականին բարդ պայմաններում: Այդ անձնանվեր, վառ աչքերով մարդիկ ոչ միայն կրթում են երեխաներին, այլեւ փոխում են նրանց աշխարհայացքը:

 

Կրթական կլաստերի գաղափարի տարրերից մեկն է Դիլիջանում ուսուցիչների վերապատրաստման կենտրոնի ստեղծումը: Դա թույլ կտա մանկավարժներ պատրաստել ապագայի դպրոցի համար, որտեղ ուսուցիչն էլ պետք է ստեղծագործ լինի: Ուսուցումը այդ կենտրոնում ներառելու է նաեւ օնլայն բաղադրիչ: Ժամանակի մի մասը ուսուցիչները անցկացնելու են Դիլիջանում, իրենց հմտությունները զարգացնելով իրական ՝ այդ թվում եւ պետական դպրոցներում ուսման գործընթացում գործնական պարապմունքների շրջանակում: Նման համակարգ գործում է Ֆինլանդիայում, որտեղ ապագա ուսուցիչները իրենց ժամանակի 30 տոկոսը անցկացնում են դպրոցական դասարաններում, շփվելով երեխաների հետ: Այն դպրոցներում, որոնք ներառվելու են կլաստերի մեջ, կազմակերպվելու է աշակերտների, ուսուցիչների, ծնողների եւ ղեկավարության փոխհարաբերությունների նոր մոդել, որը թույլ կտա բարենպաստ միջավայր ստեղծել ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար:

 

- Ո՞վ է մասնակցել հանձնաժողովի աշխատանքին՝ ՀՀ կառավարությունից եւ IDeA ու Scholae Mundi հիմնադրամներից բացի:

 

- Նախագծում ակտիվորեն ներգրավված են Կենտրոնական բանկն ու Դիլիջանի զարգացման հիմնադրամը: Մենք հույս ունենք, որ ապագայում կներգրավվեն նաեւ Teach for Armenia-ն, TUMO-ն, «Այբ» հիմնադրամը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) եւ այլ կազմակերպություններ, որոնք աշխատում են Հայաստանի ապագայի համար:

 

- Ե՞րբ կլաստերի գաղափարը «միս ու արյուն» կստանա:

 

- Մենք բոլորս դեռ շատ անելիքներ ունենք: Ստորագրված հուշագրի համաձայն, մինչեւ հաջորդ տարվա մարտ պետք է միասին մշակենք կլաստերի տեսլականը: Նախապես կարող եմ ասել, որ դա լինելու է երկու մասերից կազմված համակարգ: Առաջին մասը հիմնադրամն է, որը աշխատում է կրթությունը ֆինանսավորելու համար միջոցների ներգրավման, մասնակիցների համար էնդաումենթի (նպատակային կապիտալի հիմնադրամի-խմբ.) ստեղծման ուղղությամբ: Երկրորդ մասը ուսումնական հաստատություններն են, որոնք կլաստերում ներառվելով, ավտոնոմ կերպով ղեկավարվելու են հոգաբարձուների խորհրդների կողմից:

 

Միեւնույն ժամանակ նրանք իրար մեջ համակարգելու են ուսումնական գործընթացը եւ օգտագործելու են կլաստերի ընդհանուր ենթակառուցվածքը:

 

ՀՀ կառավարության հետ միասին մենք պետք է իրավաբանական համակարգ ստեղծենք, որը կենթադրի մասնավոր եւ պետական ֆինանսավորում, ինչպես նաեւ հոգաբարձուների խորհուրդ ունեցող կառավարման համակարգ, որտեղ կլինեն պետության եւ մասնավոր ներդրողների ներկայացուցիչներ, հաշվետվության համակարգ, գործառույթների հստակ բաշխում եւ դպրոցների տնօրեններին ու ուսուցիչների ներկայացվող հատուկ պահանջներ:

 

Գլխավոր սկզբունքներից մեկը այն է, որ կլաստերը աշխատելու է բաց հարթակի սկզբունքով եւ նոր մասնակիցների է ընդունելու, եթե նրանք հետեւեն սահմանված կանոններին եւ պատրաստ լինեն մտավոր եւ ֆինանսական ներդրումներ կատարել:

 

Այդ բոլոր կանոններն ու պայմանները պետք է սահմանել եւ հասկանալ, թե որքանով են դրանք համապատասխանում Հայաստանում գործող իրավական դաշտին եւ ինչ փոփոխություններ անհրաժեշտ կլինի կատարել օրենսդրության եւ նորմատիվ ակտերի մեջ: Ակնկալում ենք, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ կլինեն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին: Մինչ այդ բաց լսումներ եւ քննարկումներ կկազմակերպվեն բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

 

- Միջազգային կազմակերպությունները հետաքրքրություն ցուցաբերո՞ւմ են կլաստերի ստեղծման նախագծի նկատմամբ:

 

- Մենք քննարկումներ ենք վարում մի շարք միջազգային կազմակերպությունների՝ ինչպես ֆինանսական կառույցների, այնպես էլ ուսումնական հաստատությունների հետ: Պետության ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը կարեւոր գործոն է, որի վրա պոտենցիալ արտասահմանյան գործընկերները մեծ ուշադրություն են դարձնում:

 

- Տվյալ փուլում խոսքը ավելի շատ գնում է Դիլիջանում առկա ուսումնական հաստատությունների ինտեգրման, թե՞ նորերը ստեղծելու մասին:

 

- Խոսքը թե՛ մեկի եւ թե՛ մյուսի մասին է՝ եւ՛ նոր ուսումնական հաստատությունների ստեղծման, եւ՛ գոյություն ունեցողների ներգրավման: Դիլիջանում արդեն աշխատող դերակատարների ջանքերի համակարգման հարցը իրապես կարեւոր է: Նման ամուր կորիզի ստեղծման շնորհիվ կլաստերը գրավիչ կդառնա միջազգային գործընկերների համար եւ թույլ կտա ձեւավորել լիարժեք կրթական համակարգ, որն իր մեջ կներառի միջազգային դպրոց, արվեստի դպրոց, երաժշտական դպրոց, միջնակարգ եւ ավագ դպրոցներ, մանկապարտեզ, համալսարանական ծրագրեր եւ մասնագիտական տեխնիկական կրթության հաստատություն:

 

- Մտավախություն չունե՞ք, որ այդ էկոհամակարգը «էլիտար կղզյակի» կվերածվի:

 

- Ճիշտ հակառակը: Կլաստերի գաղափարի կարեւոր բաղադրիչն այն է, որ դա չպետք է փակ համակարգ լինի, որը կապրի հարազատ քաղաքից առանձին կյանքով: Այն պետք է ներգրավված կլինի տեղի միջավայրում, այդ թվում եւ լեզվական. կլաստերի ուսումնական հաստատություններում դասավանդումը իրականացվելու է հիմնականում հայերենով: Դիլիջանի համայնքային կենտրոնը նույնպես կլաստերի մաս է կազմելու:

 

Մեծ նշանակություն ունի նաեւ երեխաների եւ պատանիների խառը կազմը բոլոր նշված ուսումնական հաստատություններում: Կլաստերի բաղադրիչներից մեկը լինելու է դպրոցը, որում սովորելու են երեխաներ ոչ միան Դիլիջանից, այլեւ Հայաստանի այլ քաղաքներից ու նաեւ հեռավոր գյուղերից: Այդ երեխաները գրանտեր են ստանալու եւ գալու են Դիլիջան շաբաթական ծրագրերին մասնակցելու: Կարեւոր է հավասար հնարավորությունների միջավայր ստեղծել, որում յուրաքանչյուր ոք կիմանա, որ հնարավորություն ունի լավագույն կրթություն ստանալու, անկախ նրանից, թե որտեղ է ծնվել եւ ապրում: Որպես հիմք կարելի է վերցնել UWC քոլեջների աշխատանքի սկզբունքը, եւ մասնավորապես, մեր UWC Dilijan քոլեջի, որտեղ ուսանում են տարբեր սոցիալական խավերից եկած երեխաներ: Դա է ապագա սոցիալական կայունության գրավականը:

 

Եթե ամեն բան ընթանա ըստ նախատեսվածի, մենք ակնկալում ենք կլաստերի առաջին պետական-մասնավոր դպրոցը բացել 2018 թ. սեպտեմբերին, UWC Dilijan քոլեջի տարածքում: Դրա շնորհիվ տեղացի եւ օտարերկրացի ուսուցիչները եւ աշակերտները սերտ շփում կունենան, եւ դա հսկայական դրական արդյունք կտա:

 

Վերոնիկա Զոնաբենդի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին