Մաթիաս Քիսլեր. «Մի' վաճառեք Ձեր ձայնը» - Mediamax.am

exclusive
84379 դիտում

Մաթիաս Քիսլեր. «Մի' վաճառեք Ձեր ձայնը»

Մաթիաս Քիսլերը
Մաթիաս Քիսլերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Պարոն դեսպան, մոտ երկու շաբաթից Հայաստանում կկայանան Ազգային Ժողովի ընտրությունները: Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը, կա՞ն մտահոգիչ, կամ, ընդհակառակը, ոգեւորիչ երեւույթներ:

 

- Դրական եմ համարում այն, որ առաջիկա ընտրություններին մրցակցում են մեծ թվով քաղաքական կուսակցություններ եւ դաշինքներ: Խորհրդարանական համակարգին անցնելու այս փոփոխությամբ նոր խորհրդարանն ավելի շատ հանձնառություններ կունենա, քան նախկին խորհրդարանները: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է կարեւոր, որ բոլոր քաղաքացիներն օգտվեն իրենց ժողովրդավարական իրավունքից եւ գնան քվեարկելու: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր ձայնը լսելի լինի, պետք է գնաք ընտրատեղամաս: Հույս ունեմ, որ ապրիլի 2-ին բարձր մասնակցություն կգրանցվի:

 

Սակայն, խոսելով հայաստանցիների հետ, ես նաեւ հասկանում եմ, որ, ցավոք, շատ քաղաքացիներ հավատ չունեն ընտրական գործընթացների հանդեպ: Կարծում եմ, որ շատ քաջալերող քայլ էր այն, որ կառավարությունն ու ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն անցյալ ամառ համաձայնության եկան ընտրական օրենսգրքի կարեւորագույն բարեփոխումների շուրջ: Ընտրողների էլեկտրոնային նույնականացման սարքի ներդրումը, տեսախցիկների կիրառումը, քվեարկած անձանց ստորագրությունների հրապարակումը, եթե թվարկենք միայն մի քանի միջոցառումներ, ընտրատեղամասում շատ ավելի կդժվարացնեն ընտրակեղծարարությունը: Բոլոր ընտրատեղամասերում ընտրադիտորդների ներկայությունն իր հերթին կնվազեցնի կեղծարարությունների հավանականությունը: Ի դեպ, 27 երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդներով իմ երկիրը ԵԱՀԿ/ԺՄԻԳՀ դիտորդական առաքելությանն առավելագույնս ներգրավված կողմերից մեկն է լինելու: Կցանկանայի շնորհավորել նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, որին հաջողվել է ավելի քան 8000 հայաստանցի ներգրավվել որպես տեղական դիտորդներ:

 

- Կարծիքներ կան, որ այս ընտրությունների հիմնական խնդիրը ընտրակաշառքն է լինելու: Այդպիսի վտանգ տեսնո՞ւմ եք:

 

- Դժվար է գնահատել այն, ինչ կատարվում է ընտրատեղամասերից դուրս: Իմ կոչը Հայաստանի քաղաքացիներին շատ պարզ է. մի' վաճառեք Ձեր ձայնը: Թույլ մի' տվեք, որ որեւէ մեկը սպառնա Ձեզ քվեարկել որեւէ կուսակցության օգտին: Մի' վախեցեք քվեարկել Ձեր նախընտրած կուսակցության կամ դաշինքի օգտին: Յուրաքանչյուր անհատ քաղաքացուց է կախված, որ ընտրություններն արտացոլեն ժողովրդի իրական կամքը: Եթե ընտրակաշառքի, սպառնալիքների կամ ճնշումների ականատես եք դառնում, մի' վարանեք տեղեկացնել, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանին կամ ԵԱՀԿ/ԺՄԻԳՀ դիտորդական առաքելությանը: Նրանք խիստ գաղտնի կերպով կքննեն յուրաքանչյուր տրամադրված տեղեկությունը: Եվ բոլորը պետք է իմանան. Ձեր ձայնը գաղտնի է: Ոչ ոք չի կարող պարզել, թե ում օգտին եք Դուք քվեարկել:

 

- Որոշ քաղաքացիներ ասում են, որ քվեարկությանը չեն մասնակցի, եւ պատճառն ամենեւին քաղաքական չէ: Նրանք ասում են, որ ցանկանում են խուսափել իրենց անձնական տվյալների հանրայնացումից, քանի որ ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակները հրապարակվելու են: Ի՞նչ կասեք այս հարցի առնչությամբ եւ ինչպես է այն կարգավորվում Գերմանիայում:

 

- Քվեարկած անձանց ստորագրությունների հրապարակումն ընդդիմադիր կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների պահանջն էր, որը, իմ կարծիքով, շատ լավ նպատակներ էր հետապնդում: Այն կնվազեցնի այն վտանգը, որ որեւէ մեկը կքվեարկի մի անձի փոխարեն, ով գրանցված է, բայց ապրում է երկրից դուրս կամ մահացել է: Քվեարկածների ստորագրացուցակը ցույց է տալիս միայն, որ դուք քվեարկել եք, բայց չի բացահայտում՝ ում օգտին եք քվեարկել: Այսինքն՝ ոչ ոք չպետք է վախենա, որ իր ընտրությունը կհրապարակվի:

 

Ես նաեւ կարծիքներ եմ լսում, որ կարող են չարաշահումներ արվել ընտրողների նույնականացման սարքերի հետ: Այս մտահոգությունները պետք է լուրջ ընդունել, սակայն կարծում եմ, որ այս վախն, իրականում, անհիմն է: ԵՄ, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի` այն երկրների, որոնք մասնակցել են այս նախաձեռնության ֆինանսավորմանը, իմ գործընկեր դեսպանների հետ միասին ես անդամակցում եմ այն հանձնաժողովին, որը վերահսկում է այս նախագծի իրականացումը: Միանշանակ կարող եմ հաստատել, որ չկա որեւէ ազդակ, որը կվկայեր այն մասին, թե անվտանգության չափանիշները պահպանված չեն: Վերահաստատեմ՝ այս սարքերը չեն բացահայտում, թե ում օգտին է քվեարկվել: Ինչպես ասացի, դրանք, անկասկած, նվազեցնելու են կրկնա- եւ բազմաքվեարկության ռիսկը:

 

Դուք հետաքրքրվում եք գերմանական փորձով: Մենք հպարտ ենք մեր «Բաց դռների քաղաքականությամբ: Ամեն ոք, լինի գերմանացի թե օտարերկրացի, կարող է առանց նախապես տեղեկացնելու ցանկացած ժամանակ մուտք գործել ընտրատեղամաս՝ դիտարկելու ինչպես ընտրական գործընթացը, այնպես էլ ձայնահաշվարկը, պայմանով, որ չի խոչընդոտի գործընթացը:

 

- Վերջերս ՀՀ նախագահի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում կողմերը հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունները ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ուժեղացված գործընկերության համաձայնագրի շուրջ: Կարո՞ղ է ԱԺ ընտրությունների արդյունքը որեւէ կերպ ազդել այդ համաձայնագրի ստորագրման ժամկետի վրա:

 

- Համաձայնության ձեռքբերումը Հայաստանի եւ ԵՄ միջեւ մեծ առաջընթաց քայլ է: Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ճամբարներում ճնշող մեծամասնությունը կիսում է այս տեսակետը: Համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա ավելի ուշ այս տարի, երբ, ի թիվս այլոց, այն կթարգմանվի ԵՄ բոլոր 24 պաշտոնական լեզուներով:

 

- Շատերը Հայաստանում հետաքրքրված են՝ ի՞նչ կարող է փոխել այս համաձայնագիրը իրենց կյանքում: Կարո՞ղ եք որոշակի օրինակներ բերել, թե ինչպե՞ս է նպաստելու համաձայնագիրը հայ գործարարներին եւ արտահանողներին:

 

- Եվրամիությունն արդեն, Ռուսաստանի հետ զուգահեռ, Հայաստանի ամենակարեւոր առեւտրային գործընկերն է: ԵՄ-ն նաեւ Հայաստանի խոշորագույն գործընկերն է զարգացման համագործակցության ոլորտում:  ԵՄ եւ Հայաստանն արդեն վարում են կայուն եւ ծանրակշիռ քաղաքական երկխոսություն, մասնավորապես, մարդու իրավունքների եւ արդարադատության ոլորտներում: Խորապես համոզված եմ, որ որեւէ այլ կառույց չի կարող Եվրամիությունից ավելի լավ սատարել Հայաստանին՝ իր հետագա արդիականացման եւ ժողովրդավարացման ճանապարհին: Իսկ արդիականացումն ու ժողովրդավարացումը ձեր երկրի, որն ի դեպ, այնքան շատ ներուժ ունի բազմաթիվ ոլորտներում, էական զարգացման բանալի-բառերն են: Այս համաձայնագրի ընդունումը համապարփակ հենք կդառնա քաղաքական, տնտեսական եւ այլ բնագավառներում հետագա համագործակցության համար: Ներկայում մենք աշխատում ենք համաձայնագրում նախանշված համագործակցության ասպարեզների հստակ իրագործմանն ուղղված քաղաքական առաջնայնությունների վրա: Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել կոնկրետ օրինակներից: Բայց թե' Հայաստանը, թե' Եվրամիությունն, անկասկած, կշահեն այս համաձայնագրից:

 

- 2016 թվականի նոյեմբերին, «ՆԱՏՕ-ի Շաբաթվա» ընթացքում Դուք ասել էիք, որ Գերմանիան 1 մլն եվրո կհատկացնի ՆԱՏՕ-ի հատուկ հիմնադրամին, որը զբաղվելու է Հայաստանում հին ռազմական մեքենաների վերամշակման եւ ականազերծման հարցերով: Ի՞նչ փուլում է այն նախագիծը եւ արդյոք Գերմանիան միայն ֆինանսական միջոցներ, թե նաեւ փորձագետներ կտրամադրի:

 

- Այս հարցում Գերմանիան կամովին ստանձնել է առաջատարի դերը՝ ՆԱՏՕ-ի կողմից: Կարող եմ հաստատել, որ մենք արդեն այս նախագծի ֆինանսավորմանը մասնակցում ենք 1 մլն եվրոն գերազանցող գումարով: Ներկայում ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը գտնվում են կատարողական համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու փուլում, որն ավելի ուշ պետք է վավերացվի Հայաստանի խորհրդարանի կողմից: Ինչպես Դուք նշեցիք, նախագիծը, ի թիվս այլ նպատակների, միտված է շահագործումից դուրս եկած ավտոմեքենաների ապառազմականացմանը, ապամոնտաժմանը եւ ոչնչացմանը, ինչպես նաեւ ականների վտանգների վերաբերյալ կրթական եւ բացատրական ծրագրի իրականացմանը: Մենք ուրախ ենք, որ ՆԱՏՕ-ի այս գործողությունները Հայաստանին հնարավորություն կտան կատարել իր պարտավորությունները Եվրոպայի սովորական սպառազինության համաձայնագրի շրջանակում: Գերմանացի փորձագետներն, իհարկե, ներգրավված էին այս ծրագրի նախապատրաստական փուլում: Կատարողական փուլում գերմանացի մասնագետների մասնակցության մասին խոսելը դեռեւս վաղ է:

 

- Հաշվի առնելով Աֆղանստանում հայ եւ գերմանացի զինվորականների համագործակցության հաջող փորձը, հեռանկարներ տեսնո՞ւմ ենք հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության ծավալման համար:

 

- Անշուշտ, մեր զորախմբերի միջեւ համագործակցությունն Աֆղանստանում գերազանց է: Ի դեպ, Հայաստանի մասնակցությունն Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցության առաքելությանն» (RSM) ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրների մասնակցությունը: Այն մեծապես գնահատվում է մեր կողմից, եւ ես անցյալ տարի «ՆԱՏՕ-ի Շաբաթվա» շրջանակում կայացած հեռուստակամրջի ժամանակ շնորհակալություն հայտնեցի հայ զինվորականներին՝ իրենց հրաշալի աշխատանքի համար:

 

Գերմանիան վաղուց է մեկնարկել Հայաստանի հետ համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում: Սկսած 2004 թվականից՝ մենք անցկացնում ենք երկկողմ կանոնավոր հանդիպումներ, 2007 թվականից կնքված է համաձայնագիր: Մեր երկկողմ համագործակցությունը կենտրոնացած է վարժանքների վրա, որոնք հիմնականում անցկացվում են Գերմանիայում, բացի այդ՝ Հայաստանի զինված ուժերին մատուցվում է խորհրդատվություն: Այս տարվա համար մենք նախատեսում ենք 30 նախաձեռնություն եւ նախագիծ: Օրինակ, այս շաբաթ Երեւանում կանցկացվի «Զինված ուժերը ժողովրդավարական պետություններում» թեմայով սեմինար:

 

- Հայաստանում այսօր «ստարթափային բում» է, շատ երիտասարդներ ստեղծում են տեխնոլոգիական ընկերություններ: Կարո՞ղ է այս ոլորտը հայ-գերմանական համագործակցության նոր ոլորտ դառնալ եւ միգուցե որոշ գերմանական հիմնադրամներ կամ ներդրողներ հետաքրքրված կլինեն Հայաստանով:

 

- Համոզված եմ, որ պետք է սկսել փոքր եւ միջին ձեռնարկությունների համար գործարար միջավայրի բարելավումից: Մենք պետք է խթանենք այնպիսի աճ, որից կշահեն հասարակության լայն շերտերը: Ես շատ ուրախ եմ, որ Գերմանիան իր կատարողական կառույցների՝ Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/GIZ) եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջոցով արդեն երկար տարիներ իր մասնակցությունն ունի այս հարցում: ԵՄ նոր նախագիծը՝ SMEDA-ն, որն իրականացնում է ՄՀԸ-ն, առանձնահատուկ տեղ է հատկացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Մենք Հայաստանում գործունեություն ծավալելու աճող հետաքրքրություն ենք նկատում գերմանական ընկերությունների կողմից: Ի դեմս Գերմանահայկական բիզնես ասոցիացիայի՝ մենք այստեղ ունենք մի գիտակ կառույց, որը խորհրդատվություն է մատուցում ոչ միայն Գերմանիայից այստեղ տնտեսական գործունեություն ծավալել ցանկացող ընկերություններին, այլ նաեւ այն հայերին, ովքեր շահագրգռված են առեւտուր ծավալելու Գերմանիայի հետ: 

 

Մաթիաս Քիսլերի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին