Իսրայելի ԱԳ փոխնախարար. “Մենք երբեք չենք հերքել Հայկական ողբերգությունը, սակայն չենք ցանկանում առճակատման կողմ դառնալ” - Mediamax.am

9265 դիտում

Իսրայելի ԱԳ փոխնախարար. “Մենք երբեք չենք հերքել Հայկական ողբերգությունը, սակայն չենք ցանկանում առճակատման կողմ դառնալ”

Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը
Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը

Լուսանկարը` http://www.infosurhoy.com

Լուսանկարը`


Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

 - Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանը եւ Իսրայելը` հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ քայլեր ձեռնարկել իրական մերձեցման համար, չնայած երկու կողմերն էլ նշում են, որ չունեն լուրջ քաղաքական տարաձայնություններ:

 

- Նախ եւ առաջ, հույս ունեմ, որ տպավորությունը, թե կողմերը շահագրգռված չեն մերձեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, թյուր է: Իսկապես, մենք կարծում ենք, որ մեր երկկողմ հարաբերություններում չկան բարդ խնդիրներ, սակայն այդ հարաբերություններին ամուր բովանդակություն տալու համար մեզ անհրաժեշտ է աշխատել հետեւյալ ոլորտներում`

 

- նախ՝ բարձր մակարդակի փոխադարձ այցելություններ;

- երկրորդ` փոխանակումներ մշակութային եւ գիտական ոլորտներում;

- երրորդ` տնտեսական եւ բիզնես կապերի բարելավում:

 

Այս հերթականությունը պարտադիր չէ, սակայն այն դեպքում, երբ մենք դեսպան ունենք ձեր երկրում (թեեւ ոչ ռեզիդենտ), Հայաստանը չունի նմանատիպ ներկայացուցչություն Իսրայելում: Ակնհայտ է, որ Իսրայելում Հայաստանի դեսպանն էլ կարող էր շատ բան անել երկու պետությունների միջեւ հարաբերությունները մերձեցնելու ուղղությամբ:

 

- Մեդիամաքս-ին վերջերս տված հարցազրույցում Հայաստանում Իսրայելի դեսպանը միանգամայն անկեղծորեն խոսեց Իսրայելում Հայաստանի դեսպանի բացակայության մասին: Քննարկե՞լ եք այս հարցը ձեր հայաստանցի գործընկերների հետ, եւ ի՞նչ պատասխան եք ստացել:

 

- Այս համատեքստում ուզում եմ հիշատակել ամենաբարձր մակարդակով հայաստանյան կողմից ներկայացված հարցը. ակնհայտ է, որ Հայաստանում ցանկանում են նախ եւ առաջ տեսնել Երեւանում Իսրայելի մշտական դեսպանություն: Ես նախընտրում եմ հակառակ կարգը: Այլ խոսքերով, երկկողմ հարաբերությունների ամրապնդումը կհանգեցնի ավելի սերտ փոխգործակցության, իսկ այն, իր հերթին, կստեղծի հիմնական դեսպանատների ստեղծման անհրաժեշտություն: Երկու երկրների ոչ ռեզիդենտ դեսպանների համատեղ աշխատանքը ժամանակի ընթացքում կստեղծի երկու երկրներում հիմնական դեսպանություններ հիմնելու անհրաժեշտությունը:

 

- 2000-ի սկզբին Հայաստանի նախագահը ոչ պաշտոնական այցով այցելեց Իսրայել, սակայն Իսրայելի նախագահը եւ վարչապետը երբեք չեն այցելել Հայաստանը: Ի՞նչն է պատճառը: Կարո՞ղ են նման բարձր մակարդակի այցեր հնարավոր դառնալ տեսանելի ապագայում:

 

- 2000-ին Հայաստանի նախագահի այցն իրականացվել էր Հազարամյակի նախօրեին Սուրբ Հող այցելած բազմաթիվ երկրների առաջնորդների այցերի շրջանակներում: Չնայած մենք չենք նվազեցնում այդ այցի կարեւորությունը, սակայն այն տարբերվում է երկկողմ պետական այցելությունից:

 

Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա Իսրայելի բարձրաստիճան պետական անձանց կողմից Հայաստան այցելելու ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում:

 

- Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը քաղաքական նկատառումներից ելնելով, կամ, ձեր դեսպանի խոսքերով, դա “realpolitik” է` “իրական քաղաքականություն”: Այնուհանդերձ, չե՞ք կարծում, որ եթե նման մոտեցումը կարող է “ընդունելի” լինել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ այլ պետությունների պարագայում, Իսրայելը պետք է որդեգրեր այլ դիրքորոշում, քանի որ դուք ավելի լավ, քան որեւիցե այլ երկիր, գիտեք, թե ինչ է նշանակում, երբ փորձում են բնաջնջել մի ողջ ժողովուրդ:

 

- Գաղտնիք չէ, որ հայերի զանգվածային սպանությունները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամենազգայուն հարցն են, եւ մենք, որպես հալածանքներից եւ սպանություններից տառապած ժողովուրդ, նույնպես շատ զգայուն ենք այս հարցում: Այնուհանդերձ, այն ժամանակվանից, երբ այս հարցը դրվեց քաղաքական հարթության վրա, զգուշորեն գործելու անհրաժեշտություն է առաջանում: Մենք երբեք չենք հերքել Հայկական ողբերգությունը, սակայն չենք ցանկանում այս հարցում առճակատման կողմ դառնալ Հայաստանի եւ Թուրքայի միջեւ:

 - Պատմեք, խնդրեմ, թուրք-իսրայելական ներկայիս հարաբերությունների մասին: Տեսնու՞մ եք արդյո՞ք հարաբերությունների բարելավման նախադրյալներ:

 

- Տեղին չեմ համարում շոշափել երրորդ պետության հետ Իսրայելի հարաբերությունները հայաստանյան ԶԼՄ-ի հետ հարցազրույցի շրջանակներում:

 

- Իսրայել այցելող հայ տուրիստների թիվը հետզհետե աճում է: Հնարավո՞ր է Հայաստանի քաղաքացիների համար արտոնագրային ռեժիմի դյուրացում:

 

 - Ներկայումս մենք քննարկում ենք Հայաստանի քաղաքացիներին արտոնագրեր տրամադրելու հետ կապված հարցը: Մենք դա անում ենք մեր դեսպանի` վերջերս Հայաստան կատարած այցից հետո ներկայացված առաջարկների հիման վրա: Հույս ունենք, որ խնդիրը շուտով լուծում կգտնի:

 

- Միգուցե կողմերը կկարողանա՞ն իրականացնել որոշ համատեղ մշակութային նախագծեր: Օրինակ, որոշ արվեստագետներ Հայաստանից կարող էին գալ եւ ելույթ ունենալ Երուսաղեմի Հայկական թաղամասում` հայերի, հրեաների, արաբների եւ այլոց համար: Դուք պատրա՞ստ եք քննարկել նման գաղափարներ, եթե դրանք առաջ քաշվեն Հայաստանի կողմից:

 

- Ես արդեն պատասխանեցի ձեր առաջարկած գաղափարին. մշակութային փոխանակումները երկկողմ հարաբերությունների անբաժանելի մասն են, եւ մենք, բնականաբար, ուրախ կլինենք ընդունել հյուրերին Հայաստանից թե Երուսաղեմում, թե Իսրայելի այլ վայրերում: Մենք իսրայելացի արվեստագետներին բերել ենք Հայաստան, այդ թվում` Իսրայելի անկախության օրվա առթիվ կազմակերպված վերջին ընդունելության շրջանակներում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին