Ավետիք Չալաբյան. «Անվտանգության թեման ընտրությունների «հարցերի հարցն է» - Mediamax.am

exclusive
39751 դիտում

Ավետիք Չալաբյան. «Անվտանգության թեման ընտրությունների «հարցերի հարցն է»

Ավետիք Չալաբյանը
Ավետիք Չալաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը «Արար» հիմնադրամի համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանի հետ

 

-Ապրիլյան պատերազմից բավական ժամանակ է անցել: Այդ ժամանակը թույլ տվեց մի քիչ ավելի սթափ եւ սառը նայել խնդրին: Որո՞նք էին կարեւորագույն դասերը, որ մենք պետք է քաղեինք, եւ արդյո՞ք քաղում ենք:

 

-Ապրիլյան դեպքերից հինգ ամիս է անցել, եւ դա հնարավորություն է տվել բավական ամբողջական պատկերացում կազմել եւ իրադարձությունների, եւ ամբողջ ժամանակաշրջանի մասին, որը նախորդել է այդ իրադարձություններին եւ բերել է այդ արդյունքին:

 

Փորձեմ մի քանի տեսանկյունից ներկայացնել խնդիրը, քանի որ այն բազմաշերտ է:

 

Իմ կարծիքով, ամենակարեւոր էլեմենտն այն է, որ 2011թ.-ից սկսած ադրբեջանական կողմը փոխել էր ռազմավարությունը: Եթե մինչ այդ քննարկվում էին տարբեր բանակցային փաթեթներ, ապա Կազանում տեղի ունեցած ձախողումից հետո, Ադրբեջանը սկսեց գնալ դեպի լուծման ուժային տարբերակը: 2011թ.-ից ի վեր՝ նավթային կոնսորցիումի հետ ստորագրված համաձայնագրերի պայմաններից ելնելով, Ադրբեջանում սկսեցին կտրուկ աճել նավթի վաճառքի արդյունքում գոյացող բյուջետային մուտքերը, եւ դա հնարավորություն տվեց Ադրբեջանին իր ռազմական եւ ռազմաարդյունաբերական բյուջեն հասցնել տարեկան 3 մլրդ դոլար եւ ավելի: Համեմատության համար ասենք, որ Հայաստանի պաշտպանական բյուջեն այդ տարիներին միջին հաշվով եղել է 450 մլն դոլար, այսինքն, հարաբերակցությունը եղել է յոթը մեկին: 

 

Եթե 5 տարի շարունակ մի կողմում տեղի է ունենում այդ ծավալի միջոցների կուտակում, իսկ մյուս կողմը բավարար քայլեր չի ձեռնարկում, հասկանալի է, որ դա պիտի ի վերջո բերեր ռազմական հավասարակշռության խախտման: Իհարկե, Ադրբեջանը ոչ այդքան արդյունավետ է օգտագործել իր միջոցները: Մասնավորապես, սեփական ռազմաարդյունաբերության ստեղծման վրա այդ ընթացքում ծախսել է մոտ 6-6.5 մլրդ. դոլար, սակայն իրենց կողմից ստեղծված հնարավորությունները այդ ծախսերին համարժեք չեն: Մենք էլ այդ ընթացքում քայլեր ենք ձեռնարկել, որոնք անմիջականորեն չեն արտացոլված մեր ռազմական ծախսերում՝ օրինակ, Ռուսաստանի Դաշնությունից ստացել ենք հրթիռային եւ հակաօդային բավական հզոր համակարգեր։ Սակայն ընդհանուր առմամբ, հաշվեկշիռը, այնուամենայնիվ, այս տարիներին շեղվել է իրենց օգտին։

 

Ադրբեջանն այս տարիների ընթացքում գնել է մեծ քանակությամբ ծանր սպառազինություն, բավական մեծ ավիացիոն ներուժ է ստեղծել, իր մարտական դիրքերն ու առավել մարտունակ ստորաբաժանումները հագեցրել է ժամանակակից թեթեւ մարտական միջոցներով: Այդ ամենը բերել է նրան, որ Ադրբեջանի ռազմական հնարավորությունները կտրուկ աճել են հինգ տարվա ընթացքում:

 

- Ի՞նչ ենք արել մենք այդ ընթացքում:

 

- Ցավով պետք է արձանագրեմ, որ մենք որոշակիորեն հետ ենք մնացել: Մեզ պետք չէր 7 անգամ ավել միջոցներ ծախսել, մեզ պետք էր ընդամենը 1,5-ից-2 անգամ ավելի միջոցներ, որպեսզի կարողանայինք Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը պահպանել: Բայց իրականությունն այն է, որ տարիների ընթացքում մեր ռազմական ծախսերն ոչ միայն չեն ավելացել, այլեւ փաստացի նույնիսկ պակասել են:

 

Այդ տարիների ընթացքում մենք մեծ քանակությամբ տանկային, հրետանային, հակաօդային եւ այլ պաշտպանության միջոցներ ենք համարյա անհատույց ստացել Ռուսաստանից: Բայց դրանց մեծ մասը հնացած են եւ բավական լուրջ ծախսեր են պահանջում արդիականացման համար: Մենք Ադրբեջանի հետ մոտավորապես նույն քանակության տանկային միջոցներ ունենք, բայց մեր տանկերն արդիականացված չեն, պաշտպանված չեն ժամանակակից հրթիռային եւ անօդաչու հարվածային թռչող սարքերից: Պատահական չէ, որ մենք ապրիլյան պատերազմի ընթացքում 14 տանկ ենք կորցրել: Դրանց զգալի մասը խոցվել են ժամանակակից, գերճշգրիտ հակատանկային հրթիռների կողմից: Ապրիլյան կարեւոր դասերից մեկն այն էր, որ մենք այդպիսի գերճշգրիտ հրթիռներից բավարար պաշտպանություն դեռեւս չունենք: Այդպիսի միջոցներ գոյություն ունեն սպառազինությունների շուկայում, սակայն մեկ տանկի արդիականացումը կարող է ընդհուպ մինչեւ 0,5 մլն դոլար արժենալ, եւ մեր տանկային պարկը արդիականացնելու համար մի քանի հարյուր միլիոն դոլարի ծախսեր են հարկավոր: Նույնը վերաբերվում է նաեւ հակաօդային եւ հրթիռային միջոցներին, որոնց զգալի մասը իսկապես ժառանգություն են մնացել խորհրդային տարիներից, եւ լուրջ արդիականացման կարիք ունեն։

 

- Վերջերս լրագրողների եւ պատգամավորների մի խումբ այցելեց առաջնագիծ եւ վկայեց, որ այնտեղ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել ու դրանք շարունակվում են:

 

- Իսկապես Արցախի իշխանությունները հիմա բավական լուրջ աշխատանք են իրականացնում առաջնագծում: Բայց հավատացնում եմ, որ բոլոր այդ խնդիրները հայտնի էին մի քանի տարի առաջ: Այն, որ մենք կապի համակարգը հնացած է, որ չունենք բարձր թողունակության օպտիկական մալուխներ, հզոր գիշերային դիտարկման սարքավորումներ, որ մեր պաշտպանական առաջնագիծը մի շարք հատվածներում խոցելի է, հայտնի էր: Այդ խնդիրներն անընդհատ բարձրացվում էին, իսկ պատասխանն այն էր, որ «միջոցներ չունենք»: Այն, ինչ արվում է հիմա, համոզված կարող եմ ասել, կարելի էր անել դեռ երկու տարի առաջ, սակայն դա քաղաքական որոշում էր պահանջում։

 

Եթե կարողանանք լավ ապահովել մեր առաջնագիծը` կրակակետերը լինեն պաշտպանված, գումարտակներն ու վաշտերն ունենան խորը դիտարկման հզոր միջոցներ, կապի համակարգը լինի շատ ավելի բաձր թողունակությամբ, դիվիզիաների մակարդակով լինեն կառավարման միասնական կենտրոններ, մեր պաշտպանունակության մակարդակը կարող է կտրուկ բարձրանալ:

 

Ապրիլին մեր ամենախոցելի խնդիրներից մեկն այն էր, որ կապի համակարգի թուլության պատճառով մենք ամբողջ գործողությունների թատերաբեմը սկզբում չենք պատկերացրել եւ չենք կարողացել համարժեք արձագանքել: Առաջնագիծը մոտ 200 կմ է, եթե մենք հասկանայինք, թե ամեն կիլոմետրում ինչ է տեղի ունենում, ռեսուրսներն արագ տեղաբաշխելու, արագ հակագրոհելու միջոցով կարող էին հակառակորդին ավելի արդյունավետ դիմագրավել: Ի դեպ, հենց դա էլ տեղի ունեցավ, երբ արդեն պարզ դարձավ, թե որ ուղղություններով է հակառակորդը գործողություններ ծավալում, եւ անակնկալ հարձակման գործոնը թուլացավ։

 

Ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմի զոհերի մոտ 30%-ը սպայական կազմից էր, ինչը շատ ծանր կորուստ է: Մարտական գործողությունների արդյունքում սպայական կազմի կորուստը չպետք է գերազանցի 10-15%: Սպայական մասնագիտությունը սկսում է դիտարկվել որպես ծայրահեղ ռիսկային, արդյունքում մենք կանգնում ենք սպաների հավաքագրման խնդրի առջեւ: Բանակը պետք է ունենա կիրթ, բանիմաց, ժամանակակից տեխնիկական եւ մարտավարական միջոցներին տիրապետող սպայական կազմ: Դրա համար լավագույն երիտասարդները պետք է ցանկանան սպա դառնալ, իսկ իրենք չեն ցանկանա դա, երբ այդ մասնագիտությունը դիտարկվում է որպես ծայրահեղ ռիսկային, տնտեսապես եւ նյութապես անշահավետ, հասարակության ներսում սոցիալական բարձր կարգավիճակ չունեցող: Մենք պետք է նյութական ապահովվածությունը, ծառայության անվտանգությունը, մասնագիտության սոցիալական կարգավիճակը կտրուկ բարձրացնենք, եթե ցանկանում ենք ունենալ մարտունակ բանակ:

 

Մեկ այլ,փոխկապակցված խնդիր է ժողովրդագրական իրադրությունը, որը բերում է զորակոչային ռեսուրսի կրճատմանը: Այդ ռեսուրսը կարող ենք փոխարինել միայն պայմանագրային ռեսուրսներով, ինչը եւս ենթադրում է պայմանագրային ծառայության գրավչության բարձրացում, եւ նմանապես լուրջ միջոցներ է պահանջում: Փաստացի մենք հասել ենք մի կետի, երբ շարունակելով պաշտպանության վրա ծախսել մնացորդային սկզբունքով, մենք կարող ենք հանգեցնել մեր պաշտպանական համակարգի անշրջելի թուլացմանը: Ադրբեջանի հաջորդ մի քանի ռազմական ձեռնարկումները, եթե նույնիսկ չբերեն անմիջական հաղթանակի, կարող են հանգեցնել նրան, որ մեր պաշտպանական համակարգը ներսից զրկվի իր լավագույն ռեսուրսներից, ու սկսի դեգրադացվել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման սցենարը չիրականանա, բայց դրա համար պետք են քաղաքական լուրջ որոշումներ, որոնք անընդհատ հետաձգվել են կամ գիտակցաբար չեն կայացվել:

 

- Հայաստանի քաղաքական եւ զինվորական ղեկավարները մարդիկ են, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Արցախյան պատերազմին եւ մեծ ներդրում ունեն այդ պատերազմը հաղթելու գործում: Ինչպե՞ս ստացվեց, որ այդ մարդիկ թույլ տվեցին, որ ձեր թվարկած սխալները կամ թերացումները տեղի ունենան: Ես կարծում եմ, որ ապրիլյան պատերազմի ամենածանր հոգեբանական հետեւանքներից մեկն այն էր, որ սասանվեց տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ունենալու այն պնդումը, որն այնքան էր կրկնվել, որ արդեն աքսիոմային էր դարձել: Ձեր կարծիքով, իշխանական համակարգն ունակ է սթափ վերլուծելու ստեղծված իրավիճակը եւ համակարգային փոփոխությունների գնալու: 

 

- Դժվարանում եմ միանշանակ պատասխանել Ձեր հարցին: Իշխանության ներկայացուցիչների հետ իմ փոխազդեցությունը ցույց է տալիս, որ մի կողմից կա գիտակցումն այն բանի, որ խնդիրները օրհասական են, մյուս կողմից` մինչ այժմ չեմ տեսել հարցերին արմատական լուծումներ տալու քաղաքական կամքի բավարար դրսեւորում:

 

Եղած պաշտոնանկությունները եղել են փոխնախարարի կամ վարչության պետերի մակարդակով: Ես կարծում եմ, որ ընդհանուր իրավիճակի համար թիվ մեկ պատասխանատուն երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է: Նա է պաշտպանական քաղաքականություն սահմանում, եւ հիմնական ռազմավարական որոշումները կայացնում: Իմ կարծիքով, գերագույն գլխավոր հրամանատարի քաղաքական պատասխանատվության դաշտում է այն, որ մի քանի տարի, տեսնելով Ադրբեջանի ակնհայտ ռազմական պատրաստությունները, մենք չենք ձեռնարկել համաչափ միջոցներ, եւ միայն 2015 թ սկսած ենք գնացել, մասամբ ուշացած, արմատական քայլերի:

 

2013թ.-ին մեր պետական բյուջեում ռազմական ծախսերը 16% են կազմել, 2016թ.-ի բյուջեում` արդեն ընդամենը 15%, իրական արտահայտությամբ այս տարիների ընթացքում մեր պաշտպանական բյուջեն կրճատվել է: Սա բացարձակ հակասության մեջ է մտնում իշխանությունների այն բոլոր հայտարարությունների հետ, որ իրենք իրենցից կախված ամեն ինչ արել են պատերազմին պատրաստվելու համար: Իմ կարծիքով, բյուջետային գերակայություններն ամեն տարի որոշվել են ոչ թե ըստ ռազմական, այլ ներքաղաքական անհրաժեշտության: Օրինակ,  ռազմական բյուջեն ավելացնելու փոխարեն շուրջ 45%-ով ավելացվել է ոստիկանության բյուջեն, իսկ պետական պարտքի սպասարկումը երեք տարում աճել է աստղաբաշխական 90%-ով։ Էլ չեմ ասում այն մասին, որ մեր մի շարք պատգամավորների եւ խոշոր պաշտոնյաների բիզնեսը զգալի չափով գտնվում է հարկային դաշտից դուրս, չհարկվող գերշահույթները վերածվում են երկրից դուրս անշարժ գույքի եւ օֆշորային ակտիվների, այնինչ հայտնվելով բյուջեում, կարող էին ուղղվել պաշտպանական ծախսերի:

 

Ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, որ վերջին տարիների ընթացքում բյուջետային ծախսերի տրամաբանությունը հիմնվել է ներքաղաքական գերակայությունների վրա: Ինչո՞ւ են ոստիկանության ծախսերն այդքան ավելացվել, որովհետեւ մեր իշխանությունները, ամենայն հավանականությամբ, ավելի շատ պատրաստվել են ներքին կռիվների, քան արտաքին: Այն փաստը, որ բանակի վրա երեք տարում նոմինալ ծախսերն աճել են ընդամենը 13%-ով, իսկ ոստիկանական եւ քննչական ծառայությունների վրա` 45%-ով, շատ խոսուն է, եւ բավարար է հասկանալու համար, թե իշխանությունը որտեղից է իր համար վտանգներ ակնկալել: Վտանգներն ակնկալել է ներսից, բայց իրականում հենց այդ ճանապարհով գնալով է այն ներսում վտանգներ ստեղծում: Ինչքան ավելի շատ են միջոցներ ծախսվում ոստիկանական պետություն կառուցելու վրա, այնքան մեծ հավանականությամբ բնակչությունը սկսում է այդ ոստիկանական պետությանը դիմադրել: Կամ ինչու է կտրուկ աճում պետական պարտքի սպասարկումը՝ որովհետեւ վստահության պակասի պատճառով արտասահմանյան ներդրումները կրճատվում են, եւ այն խնդիրները, որը պետք է լուծեր մասնավոր հատվածը, սկսում է լուծել պետությունը՝ նորանոր պարտքեր ներգրավելու հաշվին։ Մեզ այս թերի տրամաբանությունից պետք դուրս գալ։ Մեր սահմանափակ ռեսուրսները պետք է առաջին հերթին արտաքին եւ ներքին իրական մարտահրավերներին ուղղվեն, այլ ոչ թե վիճակի կոնսերվացմանը:

 

- Հաճախ, երբ այդ հարցը բարձրացվում է, հնչում են ոչ պաշտոնական կամ կիսապաշտոնական ակնարկներ այն մասին, որ այն մասը, որը հարկերի տեսքով չի վճարվում բյուջե, ուղղվում է պաշտպանական ծախսերին:

 

- Կասկածում եմ, որ դա համապատասխանում է իրականությանը: Եթե պաշտպանական ծախսերին եք ուզում ուղղել, սկզբից միջոցները թափանցիկ հավաքագրեք բյուջե, այնտեղից ուղղեք: Պետք է այդ արատավոր պրակտիկան դադարեցնել, երբ երկրում կա երկու բյուջե` պետականն ու իշխանության «սեւ» բյուջեն, որն, ամենայն հավանականությամբ, պաշտպանության անվան տակ ուղղվում է հենց իշխանությունը պահելուն: Ապրիլյան իրադարձություններից հետո որոշ փոփոխություններ կան այստեղ՝ օրինակ, Գագիկ Խաչատրյանի մասնավոր ընկերությունները սկսել են հեռադիտարկման սարքավորումներ տեղակայել Արցախի սահմանագծում: Բայց դա աբսուրդ է, որովհետեւ այդ միջոցները Գագիկ Խաչատրյանը պետք է վճարի բյուջե, հատկապես, որ ինքը  նաեւ ֆինանսների նախարարն է, որից հետո ՊՆ-ն այդ միջոցները համակարգված օգտագործի: Ընդհանրապես, ապրիլյան իրադարձություններից հետո ի հայտ եկած առավել ամենաանհեթեթ իրողություններից մեկն էլ այն է, որ պաշտպանական ոլորտով սկսել են զբաղվել, հաճախ քաոտիկ կերպով, բազմաթիվ մասնավոր կազմակերպություններ, եւ դա պետական քաղաքականության թերիության առավել ակնհայտ առհավատչյան է։:

 

- Արդյունքում սա կարող է բերել մի վիճակի, երբ այդ գնումները մեկը մյուսի հետ չեն համակարգվում, որի արդյունքում բանակը կարող է ստանալ, օրինակ, 200 նույնական սարքավորում, որի կարիքն իրականում չկա, բայց կա այլ կարիքները հոգալու խիստ անհրաժեշտություն:

 

- Հիմա ինչ-որ չափով հենց այդ իրավիճակն է: Մեր հիմնադրամը փորձում է խուսափել դրանից, աշխատում ենք ուղղակի  Պաշտպանության նախարարության հետ, որոշում ենք գերակայությունները համատեղ, եւ մեր ծախսերն իրականացնում ենք այն խնդիրների վրա, որոնք համաձայնեցված են, եւ ստանդարտները մշակված են պաշտպանական կարիքների համակարգված պատկերացումներից ելնելով: Բայց կան խնդիրներ, որոնք զուգահեռ լուծվում են տարբեր մասնավոր կազմակերպությունների կողմից, եւ շատ թույլ համակարգման, երբեմն նույնիսկ անիմաստ մրցակցության պայմաններում:

 

- Խնդրի մյուս կողմն էլ այն է, որ տարիների ընթացքում պատշաճ ուշադրություն չի դարձվել տեղական կարողությունները, ինժեներական ներուժը օգտագործելու հնարավորությունը: Որոշակի փորձեր դեպքում արվում են՝ «Այբ» եւ «Արար» հիմնադրամների հոգաբարձու Դավիթ Փախչանյանը նշանակվեց պաշտպանության նախարարի տեղակալ, Ռուբեն Վարդանյանը հայտարարեց FAST հիմնադրամ ստեղծելու նախաձեռնության մասին:

 

- Այս հարցը նույնպես ծայրահեղ կարեւոր է: Ռազմարդյունաբերությանն ուղղված մեր գիտահետազոտական ծախսերը հինգ տարիների ընթացքում կազմել են ընդամենը $ 18մլն: Դա չնչին թիվ է, այդ ընթացքում Ադրբեջանի ընդհանուր ռազմաարդյունաբերական ծախսերը կազմել են $ 6.5 մլրդ, մեզնից մոտ 350 անգամ ավել։

 

Նախորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանը չուներ ռազմաարդյունաբերական լուրջ կարողություններ, իսկ մենք ունեինք բավական լուրջ ներքին ռեսուրսներ: 2000-ականներից սկսած մեր ռազմաարդյունաբերական կարողությունները տարեցտարի կրճատվել են: Ունեցել ենք սեփական ռազմաարդյունաբերությունից հրաժարվելու գիտակցված քաղաքականություն՝ այն տրամաբանությամբ, որ ամեն ինչ կարելի է ձեռք բերել Ռուսաստանի Դաշնությունից՝ ավելի էժան եւ բարձր որակի: Բայց այս տրամաբանությունն ունի լուրջ բացեր՝ առաջինն այն է, որ պատերազմական պայմաններում ՌԴ-ն կարող է հրաժարվել մատակարարումներից, կամ նաեւ չկարողանալ դա իրականացնել՝ այլ երկրների կողմից խոչընդոտելու պատճառով:

 

Երկրորդը, եթե ՌԴ-ն ինչ-որ բան էժան է վաճառում, իսկ մեզ մոտ դա ավելի թանկ է արտադրվում, ապա պետք է դիտարկել նաեւ այն հանգամանքը, որ տեղական արտադրության ծախսերի որոշակի մասը անուղղակիորեն վերադառնում է պետական բյուջե: Թանկն ու էժանը այստեղ մասամբ հարաբերական հասկացություն է, պետք է գնահատել տնտեսության կողմից ստացած մնացած օգուտները, ստեղծվող աշխատատեղերը, ձեռք բերվող գիտելիքները, որոնք կարող են կիրառվել այլ ոլորտներում։ Երրորդ հարցն էլ այն է, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում առաջացել է բարձր տեխնոլոգիական սեկտոր, որն ի վիճակի է որոշակի խնդիրներ լուծել, սակայն «էժան գնումների» տրամաբանության ուղղագիծ կիրառումը բերել է նրան, որ պաշտպանության նախարարության եւ այս սեկտորի միջեւ մինչեւ ապրիլյան դեպքերը պրակտիկորեն ոչ մի համագործակցություն չէր ստացվում: Դրա շուրջ պարբերաբար լուրջ քննարկումներ էին լինում, բայց մեխանիզմը այդպես էլ չէր աշխատում:

 

Եթե պաշտպանության նախարարությունը պետք է օպտիմալացնի, արդյունավետ կիրառի միջոցները, նա խնդիր է դնում, որ իրեն մատակարարեն պատրաստի տեխնիկական լուծումներ, որոնք կարող են արդյունավետ մարտական խնդիրներ լուծել, եւ նաեւ էժան լինել, միայն այդ դեպքում է այն պատրաստ գնել այդ լուծումը: Բարձր տեխնոլոգիական ընկերությունն էլ հանդես է գալիս տրամագծորեն հակառակ դիրքերից: Այն ասում է` տվեք մեզ միջոցներ, որպեսզի փորձենք մշակել լուծումը: Փաստորեն, մի կողմը էժան պատրաստի լուծում է պահանջում, իսկ մյուս կողմը պահանջում է միջոց եւ ժամանակ` լուծումը գտնելու համար: Եթե իրար հետ բանակցում են նման պահանջներ ունեցող երկու կողմեր, նրանք երբեք էլ չեն կարող համաձայնության գալ: Հարկավոր է կոմպետենտ միջնորդ: Այդ պարագայում միջնորդ կողմը ռազմարդյունաբերությունն է, որը կարող է լինել պետական, կարող է լինել մասնավոր կամ պետական-մասնավոր համագործակցության տեսքով:  Ամենակարեւորն այն է, որ այս միջնորդն ունենա սեփական միջոցներ: Միջնորդը կարող է Պաշտպանության նախարարությունից ստանալ խնդրի ձեւակերպումը, ռիսկային միջոցներ հատկացնել այդ խնդիրը լուծելու համար եւ երբ լուծումը պատրաստ լինի, նա կարող է վաճառել այն պաշտպանական կառույցին, ըստ էության իր վրա վերցնելով տեխնոլոգիական հիմնական ռիսկերը: Մեզ մոտ այդ միջանկյալ օղակը գոյություն չուներ, քանի որ ամբողջ ռազմարդյունաբերությունը ենթարկվում էր այն նույն փոխնախարարին, որը պատասխանատու էր նաեւ գնումների համար: Նա փաստորեն նստած էր երկու աթոռի վրա եւ նրա գործողությունների տրամաբանությունը, բնականաբար, բխում էր գնումների քաղաքականությունից:

 

Հիմա, երբ գնումներն ու ռազմարդյունաբերությունն առանձնացվել են, դա առաջին եւ շատ կարեւոր քայլն է այս գործում: Սակայն սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է: Բավարար կլինի այն ժամանակ, երբ համակարգում ներգրավվեն նաեւ իրական միջոցներ` պետական եւ մասնավոր: Մասնավոր միջոցներ (կոմերցիոն հիմքով եւ ոչ կոմերցիոն հիմքով) չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը համարժեք ներդրումներ չի արել:

 

Նշեցիք FAST հիմնադրամը, որը, հուսով ենք, կօգնի տեղից շարժել այս խնդիրը։  «Արար» հիմնադրամն եւս իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակել Պաշտպանության նախարարությանը տեխնոլոգիական ոլորտում, թեեւ սա շատ ռեսուրսատար է մեր հնարավորությունների համեմատ: Եթե մենք ձեւակերպենք հստակ խնդիրներ, որոնց անմիջական նպատակը մեր զինծառայողների անվտանգության ապահովումն է, ապա մենք պատրաստ ենք հայթայթել եւ ներդնել համապատասխան միջոցներ, եթե պետությունը իր կողմից նույնպես ներդնի միջոցներ այս խնդիրների լուծմանը: Եթե մենք համատեղենք մեր միջոցները, մի շարք կարեւոր տեխնոլոգիական  խնդիրներ կարող ենք լուծել արդեն այսօր: Մենք Հայաստանում ունենք բավարար քանակությամբ հետազոտական խմբեր եւ հետազոտական նախագծեր, որոնք կարող են խելամիտ օգտագործել այդ միջոցները, եւ ստանալ իրական արդյունքներ: Երբ ստանանք այդ արդյունքը, եւ հաջողությամբ փորձարկենք մեր պայմաններում, կգա նաեւ երկրորդ փուլը, երբ մենք հնարավորություն կունենանք այդ լուծումները վաճառել այլ երկրների: Դա իր հետ բերում է նաեւ լրացուցիչ տնտեսական հատույց, ռազմական գործում հմտանալու հնարավորություններ եւ այլն:

 

- Մոտենում են 2017թ. խորհրդարանական ընտրությունները: Ի՞նչ եք կարծում, Ձեր մատնանշած խնդիրները արդյո՞ք պետք է դառնան բոլոր ուժերի ընտրարշավի մեխը, կորիզը:

 

- Կարծում եմ, որ գալիք ընտրությունների «հարցերի հարցը» պետք է լինի երկրի անվտանգության ապահովումը, դրանք պետք է դառնան հենց այս հարցով փաստացի «հանրաքվե» քաղաքական ուժերի համար: Այդ իմաստով ներկայիս իշխանության համար սա կարեւորագույն քննություն է՝ այն պետք է ապացուցի հասարակությանը, որը ընդունակ է ապահովել երկրի եւ քաղաքացիների իրական անվտանգությունը: Այն միջոցները, որոնք իշխանությունը փոշիացնում է սեփական քաղաքական գերակայություններից ելնելով, պետք է ուղղվեն անվտանգության խնդիրների լուծմանը: Ընդ որում, դա մեխանիկորեն չի նշանակում, որ այդ միջոցները լավ կօգտագործվեն: Արդյունավետ օգտագործումը հաջորդ քայլն է, որի մասին կարելի է առանձին խոսել։:

 

Հուլիսին Երեւանում ծավալված իրադարձությունները հիշեցնում են, որ եթե քաղաքական դաշտում խնդիրները համապատասխան լուծում չեն ստանում, վաղ թե ուշ քաղաքական գործընթացները դեգեներացիայի են ենթարկվում եւ վերածվում քաղաքացիական պատերազմի, ինչ-որ չափով երկրի ներս տեղափոխելով արտաքին սահմաններում տեղի ունեցող հակամարտությունը: Մենք, սակայն, ամեն գնով պետք է խուսափենք քաղաքացիական պատերազմի ցանկացած սցենարից: Այս իրադարձությունները բոլորի համար բավարար դաս պետք է լինեն, որպեսզի խելամիտ լուծումներ գտնենք, եւ հասարակությանը տանք անվտանգության եւ զարգացման վստահելի տեսլական: Խելամիտ լուծումների պատուհանը դեռ չի փակվել, բայց մեկ տարի հետո կարող է փակված լինել, եւ մեզ պետք է գործել հիմա:

 

Ավետիք Չալաբյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին