Զոհրաբ Մնացականյան. «Զարգացման օրակարգը մշակում ենք միասին» - Mediamax.am

exclusive
20617 դիտում

Զոհրաբ Մնացականյան. «Զարգացման օրակարգը մշակում ենք միասին»

Զոհրաբ Մնացականյանը
Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` Armenian Mission to UN

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանի հետ

 

- Պարոն դեսպան, ո՞րն է «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակների գլխավոր կարեւորությունը:

 

- Կայուն զարգացման նպատակները գալիս են փոխարինելու նախկինում ընդունված Հազարամյակի զարգացման նպատակներին, որոնք 15 տարվա ընթացքում ձեւավորել էին գլոբալ մակարդակով քաղաքականության վարման շրջանակ:

 

Համաշխարհային մակարդակով ընդունված նոր օրակարգը յուրահատուկ գործողությունների ծրագիր է հաջորդ 15 տարվա համար՝ 17 նպատակների եւ դրանցից բխող 169 թիրախների տեսքով:

 

Նոր նպատակները շատ ավելի լայն ու ընդգրկուն են, որոշ չափով՝ նաեւ ավելի հավակնոտ: Դրանց ընդունմանը նախորդել էր ՄԱԿ-ի անդամ պետությունների մի քանի տարվա բանակցային գործընթաց, որում ներգրավված էին նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ՄԱԿ-ի տարբեր մարմինները, գործակալությունները, հիմնադրամները: Սա ամբողջական փաստաթուղթ է, որն ուղենշում է այն մարտահրավերները, խնդիրները, որոնք գլոբալ մակարդակով վերաբերում են բոլորին: Այն նաեւ փորձում է ձեւավորել մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան գլոբալ, տարածաշրջանային, ազգային մակարդակով առնչվել այդ մարտահրավերներին եւ իրականացնել զարգացման նպատակները առաջիկա 15 տարիների համար:

 

Կարեւոր է գիտակցել, որ կայուն զարգացման նպատակների իրականացման համապատասխան քաղաքականությունը տեղի է ունենում, առաջին հերթին, ազգային մակարդակում. նպատակների կյանքի կոչման առաջնային պատասխանատվությունը պետություններինն է:

 

17 նպատակները բավական ծավալուն են՝ աղքատության հաղթահարման նպատակից մինչեւ խաղաղ, արդար, ներառական հասարակություններ ձեւավորելու նպատակը: Կան նպատակներ եւ թիրախներ, որոնք վերաբերում են առողջապահության, կրթության ոլորտներին, գենդերային հավասարությանը, տնտեսական զարգացմանն ու զբաղվածությանը, նորարար ենթակառուցվածքներին եւ արդյունաբերությանը, անհավասարության վերացմանը, բնապահպանական եւ այլ ոլորտներին:

Զոհրաբ Մնացականյանը Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` Armenian Mission to UN

Շատ կարեւոր է, որ փաստաթուղթը ծավալուն կերպով անդրադառնում է նաեւ նպատակների իրականացման միջոցների, այսինքն` ֆինանսավորման աղբյուրներին՝ ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակով:

Փաստաթղթի էական մասը վերաբերում է նպատակների իրականացման եւ զարգացման ապահովման համար տեխնոլոգիաների փոխանակման բնագավառում համագործակցության նոր շրջանակ ձեւավորելուն: Սա եւս ուշագրավ նորովի մոտեցում է:

 

- Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում այդ 17 նպատակների եւ 169 թիրախների տեղայնացումը:

 

- Մենք ունենք ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության բավական մեծ փորձ, որ ձեւավորվել է ՄԱԿ-ին անդամակցելու գրեթե առաջին օրվանից: Տարիներ շարունակ Հայաստանում բավական ակտիվ գործում է ՄԱԿ-ի գրասենյակը, որի տանիքի տակ աշխատում են կառույցի առանձին ճյուղերը:

 

Միեւնույն ժամանակ, սակայն, մեր երկրում զարգացման քաղաքականությունը ձեւավորվում է կառավարության ծրագրի միջոցով, ազգային մակարդակով տարբեր բնագավառներում մշակված ռազմավարությունների եւ դրանց իրականացման միջոցով:

 

Օրինակ, ունենք Հայաստանի զարգացման ռազմավարությունը 2014-2025 թթ. համար, որի հիմքում դրված են 4 ընդգրկուն ուղղություններ: Սրանցից յուրաքանչյուրն, իր հերթին, պարունակում է ուղղություններ, որոնք այսպես թե այնպես առնչվում են մեր երկրի զարգացման հետ եւ, ըստ էության, փոխկապակցված են Կայուն զարգացման նպատակների հետ:

 

Յուրաքանչյուր երկիր, հանդիսանալով համաշխարհային համայնքի մաս, կրում է նաեւ միջազգային պարտավորություններ միաժամանակ՝ օգտվելով միջազգային համագործակցության ընձեռած հնարավորություններից՝ ազգային իր նպատակներն առաջ տանելու համար: Սա, ըստ էության, միջազգային համագործակցության հիմնական իմաստն է: Ի վերջո, 2030 օրակարգը քաղաքականության շրջանակ է եւ ուղեցույց, որ իմաստավորվում է ազգային մակարդակով: Գլոբալ եւ ազգային մակարդակների այս համատեղումը քաղաքականության իրականացման տեսանկյունից կարեւոր գործիք է:

 

Մենք համագործակցում ենք միջազգային մակարդակում, որպեսզի կարողանանք նպատակների համադրման, ֆինանսական, փորձագիտական եւ այլ միջոցներով այս համագործակցությունը ծառայեցնել մեր նպատակներին, ինչպես նաեւ համեմատական առումով տեսնել, թե ինչպես են մեր նպատակներն ու դրանց իրականացումը արտահայտվում գլոբալ մակարդակով:

 

- Նպատակների տեղայնացման ընթացքում լինո՞ւմ են դեպքեր, երբ երկրները փորձում են միավորվել մեկ կամ երկու նպատակի շուրջ եւ համատեղ աշխատել դրանք իրագործելու ուղղությամբ: Օրինակ, հնարավո՞ր է, որ Հայաստանն ու Վրաստանն ընտրեն մեկ կամ երկու նպատակ եւ որոշեն համատեղ ավելի համակարգված կերպով դրանք իրագործել:

 

- 2030թ. միտված Կայուն զարգացման օրակարգում համագործակցության տարածաշրջանային մակարդակի կարեւորությունը բավական հստակ ընդգծված է: Բանակցային գործընթացում Հայաստանը եւս առանձնահատուկ ուշադրություն է տվել տեքստում նման ձեւակերպումների մշակմանն ու ընդգրկմանը: Բացի այդ, օրակարգում առանձնացված են երկրների այլ խմբեր, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ եւ մարտահրավերներ: Օրինակ, դեպի ծով չունեցող 32 զարգացող երկրներից բաղկացած խմբի անդամները, որոնք ունենք համանման խնդիրներ, աշխատում են միասին, որպեսզի արտահայտեն խմբակից երկրների կարգավիճակին բնորոշ յուրահատուկ խնդիրները:

Զոհրաբ Մնացականյանը Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` Armenian Mission to UN

Հայաստանի զարգացման ծրագրում, օրինակ, մենք ուշադրություն ենք դարձնում նորարարությանն  ու տնտեսության զարգացման մեջ գործարարության պայմանների բարելավմանը: Կայուն զարգացումը փոխկապակցված է տնտեսական զարգացման հետ, որն էլ, իր հերթին՝ առողջ գործարարության հետ: Եկամտաբեր գործարարությունը կայուն զարգացման համար մեծ նշանակություն ունի: Մենք միակը չենք աշխարհում, որ նման մոտեցում ունենք, եւ աշխատում ենք ընդգծել նման մոտեցման կարեւորությունը:

 

Մյուս օրինակը վերաբերում է կրթության բնագավառին: Որակյալ կրթությունը կայուն զարգացման առավել հաջող ապահովման օրինակներից է: Այստեղ եւս աշխատում ենք տարբեր երկրների հետ, որպեսզի ընդգծված պահենք նման մոտեցումը կայուն զարգացման նպատակների ապահովման հարցում:

 

Ինչպես արդեն ասացի, մեր ներքին զարգացումը հիմնվում է մեր ներքին քաղաքականության վրա, որը բխում է կառավարության ծրագրից, ինչպես նաեւ ոլորտային տարբեր ռազմավարական ծրագրերից: ՄԱԿ-ը ներկայացված է Հայաստանում եւ հանդիսանում է մեր գործընկերներից մեկը՝ կայուն զարգացման նպատակներն ապահովելու համար:

 

Նախքան Կայուն զարգացման նպատակների ընդունումը հայկական կողմը ՄԱԿ-ի գրասենյակի հետ ստորագրել էր «2016-2020 թթ. Զարգացման աջակցության ծրագիրը», որը անհրաժեշտ է արդիականացնել եւ օգտագործել ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանին՝ մեր տարբեր նպատակների իրականացումն ապահովելու համար:

 

ՄԱԿ-ի աջակցությունն արտահայտվում է տարբեր ձեւերով, առաջին հերթին՝ քաղաքականության մշակման ոլորտում համապատասխան խորհրդատվության ապահովան միջոցով: Կան նաեւ համագործակցության ավելի շոշափելի ձեւեր, ինչպես օրինակ, Տավուշի մարզում գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղված մի շարք ծրագրերն են կամ սահմանների վերահսկման արդիականացման ծրագիրը:

 

ՄԱԿ-ն եւ դրա համապատասխան գործակալություններն ու հիմնադրամները, ինչպես օրինակ ՄԱԿ Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), Երեխաների հիմնադրամը, Բնակչության հիմնադրամը  եւ մյուսները հանդիսանում են որպես ծրագրերի իրականացման օպերատորներ, իսկ ֆինանսավորումը հատկացվում է տարբեր աղբյուրներից` ինչպես ազգային եւ ՄԱԿ-ի բյուջեներից (վերջինս ի վերջո ձեւավորվում է անդամ պետությունների, ներառյալ Հայաստանի տարեկան հատկացումներից), այդպես էլ զգալի մասով դոնոր պետությունների ու կազմակերպությունների կողմից: «2016-2020 թթ. Զարգացման աջակցության ծրագիրը» ենթադրում է, որ դրանում ընդգրկված ծրագրերի իրականացման համար` 5 տարվա կտրվածքով մեզ անհրաժեշտ է լինելու 120 մլն ԱՄՆ դոլար, սակայն այսօր հասանելի համարվող երաշխավորված ֆինանսավորումը կազմում է մոտ $ 35 մլն: Կարեւոր է միասին աշխատել ֆինանսավորման այդ բացը լրացնելու նպատակով միջոցներ ներգրավելու համար: Այս եւ հետագա ծրագրերի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հետ համագործակցության արդյունավետության գնահատումը վերաբերում է նաեւ դրան:

 

Զոհրաբ Մնացականյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին