Գարեգին Սարգսյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

3498 դիտում

Գարեգին Սարգսյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Դու հաստատ չես հավատա, երբ տեսնես, որ գրել եմ, որովհետև բոլորին հայտնի ճշմարտություն է . մեր տան գրողը դու ես: Բայց այս անգամ արի ու տես, որ փորձում եմ գրել ես՝ չգրողս, իմ գրողի մասին:

 

***

 

Թերթում եմ լուսանկարների ալբոմն ու ինձ բռնացնում այն մտքի վրա, որ մենք ընկերներ ենք  արդեն մի ամբողջ կյանք: Լուսանկարների միջից ինձ ժպտում ենք մենք մանկությունից, պատանեկությունից, երիտասարդությունից և դեռ ահագին դատարկ էջեր էլ կան ծերության համար: Հետաքրքիր է՝ բոլոր մարդիկ հիշում են իրենց առաջին հանդիպումը, լավ, գոնե առաջին ժամադրությունը, բայց ես չեմ հիշում: Երևի չենք ունեցել առաջին հանդիպում կամ չենք ծանոթացել երբևէ. մենք ճանաչել ենք իրար միշտ, բոլոր ժամանակներում, համենայն դեպս ինչ հիշում եմ ինձ, հիշում եմ և քեզ:

 

Երբ փորձում եմ տարիների հեռվում մտապատկերել որևէ մի դրվագ, ամենուր գտնում եմ քո ներկայությունը՝ դպրոցի աղմկոտ միջանցքներ, դասեր ու դասամիջոցներ, ավարտական երեկո ու դու՝ կարմիր շքեղ զգեստով, ընդունելության քննություններ ու քո անկառավարելի հուզմունքը, ես՝ քո ֆակուլտետի մասնաշենքի դիմաց կանգնած, զբոսանքներ անհայտ ուղղություններով, անսկիզբ, ու անվերջ զրույցներ ամեն ինչի ու միաժամանակ ոչինչի մասին:   Իրար  վստահած անհամար գաղտնիքներ, մտքեր, տագնապներ ու երազանքներ: Ծառայության երկու տարիներ, անբառ, լուռ զրույցներ հեռախոսի այս կողմից այն կողմը (հիմա արդեն մեր տանը՝ բազմոցի մեր անկյունում), անգամ դատարկ, բայց ամենախոս sms-ներ: Ի դեպ, այս վերջին սովորությունը երկուսս էլ պահպանել ենք:

 

***

 

Հետո նոր գույներ, ամենուր նոր գույներ, նախ` իմ կյանքում, հետո արդեն, քո թեթև ձեռքով, նաև իմ զգեստապահարանում: Անվերջ վեճեր դատարկ բաների շուրջ, երբ իմաստը ոչ թե  հաղթելու կամ պարտվելու մեջ է, այլ վիճելու բուն պրոցեսի: Հայացքների ու կարծիքների  տարբերություններ, նախասիրությոնների անհամատեղելություն, բայց արի ու տես… դու իմ ամենամտերիմ ընկերն ես: Երևի թե, մեր մասին են հիշել, երբ ասել են, թե հակառակ բևեռները միշտ ձգում են իրար: Իսկ ի±նչն է մեզ մոտ  ընդհանուր, (դե Նարեին չհաշված իհարկե)  երևի մեր  ընկերների 90%-ը:  Ու դու ոնց ես սիրում վիճել, թե Վ-ն ում ընկերն էր ի սկզբանե, Տ-նն առաջինը  քեզ է ճանաչել, թե ինձ, կամ Ն-ն ինձ է ավելի շատ սիրում, թե քեզ:  Ինձ թվում է, ինչքան էլ մեծանաս, այս մանկական խաղը քեզ չի ձանձրացնի:

 

 

Բայց անկեղծ ասեմ, ամենահաճելին, երբ քո մասին խոսելիս ասում են Գարիկի Արևը: Մեր ընկերներից մեկն էլ, հապավել, կարճ ու կոնկրետ ասում է  մեզ ԳԱրևիկ: Ու թվում է, թե այս երկու անունները վաղուց սերտաճել են իրար ու առանձին-առանձին այլևս իմաստ չեն արտահայտում:

 

***

 

Սուրճը դու խմում ես խիտ ու դառը, ես հակառակը՝ երեք գդալ շաքարավազով ու դու միշտ բողոքում ես, որ փոխարենը լավ է թեյ խմեմ: Դու խմում ես, արագ-արագ, ես՝ թողնում եմ, որ սառչի ու երբեմն էլ ընդհանրապես մոռանում եմ խմել: Ու դու  նեղանում ես, երբ տեսնում ես կիսադատարկ բաժակը, իսկ ես փորձում եմ արդարանալ. «Մի քիչն եմ թողել»:  «Մի քիչն ես խմել», -արագ ուղղում ես դու  ու խիստ տոնով ավելացնում «Սրանից հետո քեզ ոչ մի սուրճ»:  Ու այդպես ամեն երեկո, բայց նույն ոգևորությամբ ու «սպառնալիքով», ինչպես առաջին անգամ: Ոնց չես սիորւմ, երբ ուտելուց ջուր եմ խմում ու ամեն անգամ չես զլանում երկար-բարակ բացատրել դրա վնասակար ազդեցությունները, իսկ ես մեկ է հաջորդ անգամ նույն բանն եմ կրկնում:

 

***

 

Տան բոլոր անկյունները հիմա լցված են մեր աղջկա՝ Նարեի ծիծաղով ու սուր մտքերով: Նայում եմ ու երբեմն չեմ հավատում, որ նա մերն է:  Մի նեղացիր՝  դիմագծերն ավելի շատ իմն են, բայց  խառնվածքով ամբողջությամբ դու ես: Երբեմն, երբ երկուսով միավորվում եք իմ դեմ, զգում եմ՝ դիմադրելն անիմաստ է:

 

- Նարե ջան, խնդրում եմ,  լրագրող չդառնաս, երկուսիդ միաժամանակ ես չեմ դիմանա: 

 

- Չէ պապ, դու հանգիստ, ես նյութ գրել չեմ սիրում, ես բժիշկ եմ դառնալու՝ մանկաբույժ,- մխիթարում է չորսամյա աղջիկս: Դու իբրև թե չես լսում մեր զրույցը ու, քթիդ տակ ժպտալով, շարունակում ես չխչխկացնել համակարգչի ստեղնաշարը:

 

***

 

Մեր ընկերության մեջ ամենից շատ սիրում եմ այն պահերը, երբ ծանր աշխատանքային օրվանից հետո արագ-արագ, մի շնչով պատմում ես օրվա անցուդարձը, նույն արագությամբ ինձ հարցեր տալիս ու դժգոհում կարճ պատասխաններից:  Իսկ սուրճի լիքը ու կիսադատարկ բաժակների շուրջ միտքդ սկսում ես այսպես.

 

«Գար, հիշում ես 2004-ի ամռանն էր կարծեմ, որ...» ու սկսում ես պատմել ինչ-որ դրվագ ամենայն մանրամասնությամբ, վայրկյաններով, դեմքերով, դեպքերով ու գույներով՝ անգամ իմ հագուստի: Այդ պահերին ես այնքան  երջանիկ եմ. հենց այդ պահերին  է գիտակցությանս հասնում, որ իմ Ընկերն իմ Կինն է ընդամենը հինգ տարի, բայց իմ Կինն իմ Ընկերն է մի հավերժություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին