Սարգիս Ղազարյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

2488 դիտում

Սարգիս Ղազարյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Ամեն ինչ սկսվեց, երբ տեսա նրան՝ սև աչքեր, գալար-գալար իջնող վարսեր, հունական ժպիտ ու անմեղությամբ ճառագող, բարությամբ լի դեմք: Այդ ժպիտն իր ծով բարությամբ դարձավ մտքերիս ուղեկիցը, ու ես նրա պատկերը կոպերիս տակ տուն տարա: Հետո անքուն գիշերներ ու մի դժվարին ճանապարհ մինչև… Մինչև մտերմացանք, ու մի գեղեցիկ օր օղակեցինք նրա մատնեմատը: Մի քանի օրից ես պիտի բանակ գնայի:

 

Ավտոբուսը շարժվեց: Թվաց, թե սիրտս մնաց այնտեղ, ու անտես մի ուժ ինձ քաշում տանում էր իր հետ: Վերջին պահին ինձ նայեց սիրով լի մի հայացք, ու ես հասկացա, որ սա այն ուժն է, որն ինձ օգնելու է յուրաքանչյուր իրավիճակում: Այդ աչքերն ինձ անխոս ասում էին. «Մի վախենա, ես քեզ հետ եմ»: Ես, իհարկե, չէի վախենում, բայց կա մի անհանգստություն, որ բոլոր տղաներն ունենում են այդ ճանապարհն անցնելիս: Հայրենիքին ծառայելը դժվար չէ, դժվարն այն հեռավորությունն է, որ ծնում է կարոտ, դառնում է գունդ ու ժամանակ առ ժամանակ խեղդելու աստիճան սեղմում կոկորդդ: Այդ պահերին ինձ գգվում էր այդ հայացքն ու լուռ շշնջում՝ ես այստեղ եմ: Հետո բանակային կյանքին գումարվեց վիրահատությունս, և ամեն ինչ ավելի դժվարացավ: Երբ անզգայությունից հետո գիտակցությունս պարզվեց, առաջինն ինձ գգվեցին այդ աչքերը՝ արդեն իրական ու շոշափելի: Ես զգացի այդ ապրեցնող հպումն իմ ձեռքերին, դեմքին, աչքերին: Որքան լավ է, որ նա կար աշխարհում: Այդ հայացքի մեջ երբեք  տագնապ չկար, կար միայն սփոփող ու հուսադրող հանգստություն: Իմ հոսպիտալային օրերը նորից կրկնվեցին, բայց ես երբեք չանհանգստացա. ինձ հետ էր նա իր բարի, քնքնուշ, հուսադրող հայացքով:

 

Որքան երջանիկ էի այն օրը, երբ հարազատներիս հետ ինձ դիմավորողների մեջ կրկին տեսա այդ աչքերը: Անցավ մի տարի, ու ամառային արևոտ մի օր դհոլ-զուռնայի ուղեկցությամբ այդ բարությունն իր քնքուշ ժպիտով մեր տան մշտական բնակիչը դարձավ: Հարսնաքողի տակ մի ուրիշ թովչանք կար: Երբ հնչեց մեր առաջին պարի՝ մեր վալսի մեղեդին, այդ պահին պարի մեջ անգամ ես հասկացա, որ այդ ափ ափի սեղմումն ու պտույտները սկիզբն էին մեր միասնության ու տրամաբանական շարունակությունը եկեղեցում տրված խոստումներին՝ «տեր եմ», «հնազանդ եմ»:

 

Զգում էի, որ մեջքս ամրանում է: Մենք իրար թիկունք էինք դառնում: Ինձ հետ կհամաձայնեն նրանք, ովքեր ճիշտ ընտրություն են կատարել ու համատեղ կյանքի ընթացքում նայում են ոչ թե իրար, այլ նույն ուղղությամբ: Մեր պարտքն է պատնեշ ու պատվար լինել կնոջը ցանկացած իրավիճակում, բայց որքան լավ է, երբ քեզ էլ քաջալերում, դիմավորում, նոր լիցք ու ավյուն է տալիս մի փխրուն էակ: Մեր համատեղ կյանքի ընթացքում շատ խնդիրների ենք բախվել, բայց պատվով հաղթահարել ենք, քանզի միասին ենք եղել: Ամեն մարդ իր կյանքում ունենում է հուսահատության ու տխրության պահեր: Այդ հուսահատությունն ինձ պատեց վերջերս, երբ թվաց, թե նոր աշխատանքի ընդունվելու հարցազրույցս տապալել եմ: Ինձանից ուրիշ պատասխան էի ակնկալում հենց ինքս, բայց հուզմունքը խանգարեց ինձ, ու թվաց, թե ամեն ինչ խառնել եմ իրար: Գլխումս քաոս էր ու մի տեսակ դատարկություն: Տանն ինձ դիմավորեց նա, ու իմ  այլայլված դեմքն իր հանգստությունն առավ երբ ամեն ինչ պատմելուց հետո լսեցի նրա զվարթ ձայնը. «Դու շատ լավ ես պատասխանել, Սա´ք»: Ճիշտ է, հարցազրույցներն ըստ էության  նման են, նա շատ անգամ էր մասնակացել հարցազրույցների: Բայց որքան տարբեր են մասնագիտությունները: Մենք տարբեր մասնագիտություններ ունենք: Սակայն այդ օրը միայն այդ էի ուզում լսել՝ քաջալերանք ու բացատրություն, որ մնացածը ես աշխատանքի ընթացքում պիտի սովորեմ: Դա ուժ տվեց, որ կարողանամ մնացածը պարապել: Նա ճիշտ էր: Ես ընդունվեցի և հիմա աշխատում եմ: Մի ուրիշ տեսակ ուրախություն է, երբ քեզ սպասում է բանիմաց ու խելացի անձնավորություն, ով ուրախանում է քո հաջողություններով, կիսում տխրությունդ, սպասում է քեզ, երբ ուշանում ես ու լսափողի մյուս ծայրում մեր տասնամսական հրաշքի լեզվով կանչում է թոթովախոս, իսկ երբ տուն եմ մտնում, բլբլում է նրա փոխարեն՝ պատմի պապա: Իհարկե ամեն ինչ չէ, որ պատմում ես տանը: Ամեն ինչ պատմում ես մտերիմ ընկերոջդ, բայց  չասածդ էլ հավատարիմ, սրտացավ ընկերոջ նման հասկանում ու արդարացում է տալիս անգամ չպատմածիդ ու արածդ սխալներին, հրճվում է մանկան պես, բայց մանուկ չէ նա, այլ հասուն խելացի մի ընկեր:

 

Գուցե մարդիկ ծերության շեմին ավելի շատ բաներ են ունենում պատմելու, բայց հավատարմությունը տարիերի արդյունք չէ, այլ սիրո, հավատի, վստահության:

 

Աստծո ձեռքով են գրվում ճակատագրերը, ու Աստծո կամքով են միանում սրտերը: Հուսամ, որ բարեգութ Աստված մեզ համար համատեղ կյանքի երկար ճանապարհ է գծել, ու մենք կանցնենք այդ ճամփան փառքով, քանզի ես նրա ապահով նեցուկն եմ, իսկ իմ կինն իմ հավատարիմ ընկերը…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին