Ամալի Խաչատրյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը - Mediamax.am

2672 դիտում

Ամալի Խաչատրյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Ամալի Խաչատրյանը
Ամալի Խաչատրյանը

Ի՞նչ. ուրեմն պարտադիր պետք է կյանքդ մեկի համար զոհե՞ս, որ մարդասեր կոչվե՞ս,  կամ, օրինակ, ստիպված ես բոլոր հաճույքներից քեզ զրկել, քո անձնական ընտանիքը չկազմել, ու հազարավորների կյանքը փրկելով, քեզ ամբողջովին միայն աշխատանքիդ նվիրել, որ մարդասիրություն համարվի անգնահատելի արարքդ:

 

Չէ. ինձ ճիշտ հասկացեք, ամենևին նկատի չունեմ, որ վերոնշյալ անձնազոհները մարդասեր չեն, հենց նրանք ամենամարդասերներն են. ամեն մեկը չէ, որ նման քայլերի կգնա: Միտքս ավելի պարզ է` միայն նման անձնազոհ քայլերի արդյուքնում չէ, որ մարդասեր ես լինում, նույնիսկ օրվա ընթացքում 1-2-3 հոգու անկեղծ ժպիտ նվիրելն էլ մարդասիրական քայլ եմ համարում:

 

Ժպիտ կամ ծիծաղ. թվում է` չնչին երևույթներ են, կարող ես անգամ հայելու դիմաց կանգնել ու այս երկու բայերն ինքդ քեզ ցուցադրել: Ավելացնենք ածականներ. անկեղծ ժպիտ ու անհոգ ծիծաղ. գործը մի փոքր բարդացավ, այսպես մի՞գուցե ստիպողաբար հայելու դիմաց բայերին կյանք տալ չկարողանաս: Չի ստացվի, որովհետև անկեղծ ծիծաղն օր օրի է պակասում ու արժևորվում մեր երկրում: Այն երկրում, որտեղ հոգսերի շարքն անծայր է, որտեղ մարդիկ խեղդվում են սոցիալական խնդիրների տոթի մեջ, որտեղ մարդիկ պարզապես մոռանում են ժպտալ:

 

Նկատե՞լ եք` մետրոյում կամ որևէ երթուղայինում, երբ երեկոյան տուն ես վերադառնում, հայացքդ նույնիսկ շատ ջանալու դեպքում անգամ մեկ ժպիտ չի գտնում. բոլորը մտահոգ են, սուզված իրենց հիմար կենցաղային հոգսերում: Մեկն առանց գումար տուն չի ուզում վերադառնալ, մյուսի քունն անտանելի տանում է, որովհետև չի էլ հիշում` ո՞րերորդ գիշերն է աշխատանքի վայրում լուսացրել, որ ամսվա վերջ աշխատավարձն ստանա ու որդու դպրոցական գրքերի գումարը վերջապես վճարի, իսկ քո կողքին կանգնած աղջկա աչքերից արցունք է գալիս, որովհետև ամիսներ առաջ «միզանտրոպ» (ոչ մարդասեր) մարդու է հանդիպել: Սա քո ամենօրյա երթուղայինն է, սակայն, ասես, հիվանդանոցի սպասասրահ լինի: Եթե կյանքում գոնե մեկ անգամ այդ սպասասրահում եղես ես, ուրեմն վստահ եմ` կհաստատես ասածս. այնտեղ բոլոր բոլորը նույն դեմքի արտահայտությունն ունեն. սառած մի կետի են նայում, լուռ սպասում են ու հոնքերն անգիտակցաբար կիտում: Բայց սա, ախր, հիվանդանոց է, այնտեղ հաստատ ամեն օր չես լինում:

 

Քո ամենօրյա երթուղայինի օրինակը բերեցի, որ հասկանաս, թե Հայաստանում ինչքան արժեքավոր բան է անկեղծ ժպիտը: Ի՜նչ լավ կլիներ, եթե մետրոյում քեզ ժետոն վաճառող կինը ջերմ բարևեր ու ամեն անգամ ժպիտով ժետոնդ փոխանցեր, կամ աշխատանքի վայրում անվտանգության աշխատակիցը բարևդ սիրով ընդուներ ու բարի աշխատանքային օր մաղթեր, մտնեիր խանութ ու աշխատակցուհին ջանասիրաբար «մունաթ» չգար վրադ, երբ դու իրեն մթերքի ժամկետը հարցնելիս լինեիր: Պատկերացրեք, եթե նշածներիցս բոլորն իսկապես մարդասեր լինեին, ապա օրերն ինչքա՜ն դրական լիցքեր կունենային: Իհարկե, հասկանում եմ` մարդիկ քեզ ժպիտ չեն տալիս, որովհետև մինչև հոգու խորքը թաղված են առօրյա հոգսերում. իրենք էլ մեղավոր չեն, երկրում աշխատատեղերը քիչ են, հոգսերը շատ են, պատերազմող երկիր ենք ու այսպես շարքը մինչև տիերզերք կարող ենք շարունակել:

 

Գիտեք, սակայն, նույնիսկ այս խեղդվողների մեջ կան ժպիտ նվիրողներ, առանց որևէ շահի մարդկանց օր ջերմացնողներ, կամ պարզապես մարդասերներ: Ես ճանաչում եմ մեկին. իմ ավագ ընկերն է` Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պահակ Միշա պապին:

 

«Թումանյանի «շունն ու կատուն» ո՞վ է գրել». չկա մի երեխա, որ Միշա պապիկի կողքով անցնի ու այս հարցին չպատասխանի:  Հետո հաջորդում են մյուս խորհրդավոր անմիտ հարցերը, մայրիկները սկսում են ծիծաղել ու երեխաներին պատասխաններ հուշել,  շրջապատող մարդիկ նույնպես ժպիտներով հավաքվում են Միշա պապիկի շուրջը... Նա մի այսպիսի սովորություն էլ ունի. ներկայացումներից հետո մոտենում է օրվա հերոսներին ու ջերմ շնորհակալություն հայտնում կատարման համար, նկատել եմ` այդ պահին նույնիսկ ամենաշտապող արտիստը կանգնում, լսում ու լայն ժպտում է: Երբ ներկայացումը որևէ լուրջ խնդրի պատճառով չեղյալ են համարում, բարկացած հանդիսատեսին Միշա պապին նման ձևով է սփոփում. վերցնում է իր պաստառն ու կանգնում դռների մոտ (պաստառը ծալելու դեպքում տարբեր գրություններ կստանաս`  «Ձեզ համբերություն», «բարև ձեզ», «բարի գիշեր», «ցտեսություն»...): Բարկացած հանդիսատեսը, տեսնելով պապիկի հեքիաթային կերպարն ու պաստառը, անկեղծ ժպիտով է հեռանում: Հավատացնում եմ`որտեղ Միշա պապին հայտնվում է, 5 րոպե հետո բոլորը սկսում են անհոգ ծիծաղել: Այսպես, ամեն օր Միշա պապին օրական տասնյակ ժպիտ ու ծիծաղ է հավաքում ու օրն ավարտած համարում: Անտարբեր չէ, սիրում է մարդկանց, սիրում է նրանց ժպտալիս տեսնել, նույնիսկ պատրաստ է մի քանի անարժանների համար էլ ծաղրի առարկա դառնալ, միայն թե օրական իր ժպիտների քանակն ապահովի: Իսկ գիտեք` պապիկն ինչքա՜ն հոգսեր ունի. իր սեփական տունը չունի, ստացած աշխատավարձն անգամ իրեն չի բավարարում, մի քանի անգամ է ամուսնացել, երեխաներ շատ ունի (մնացածն անձնական է, շատ չեմ մանրամասնի…): Սակայն այս մարդն իր օրն սկսելիս աշխատանքի վայրում ժպտացնում է բոլորին, դուրս է գալիս զբոսնելու ու քաղաքացիների հետ շփվում, իսկ երթուղայինի մասին անգամ չեմ ուզում խոսել, պատկերացրեք` ուղևորը Միշա պապին լինի...

 

Ինչո՞ւ չենք կարող մենք էլ Միշա պապիկի  նման անտարբեր չլինել. դժվար բան չէ մարդասեր լինելը, բարի լիցքեր փոխանցելը, դժվար չէ անգամ «մունաթ» չգալը: Բարի օրվա պատճառ դառնալը, ժպիտ փոխանցելն ու ծիծաղ արթնացնելը նույնպես մարադասիրական քայլ եմ համարում. ոչ ոք քեզ չի ասում կյանքդ զոհիր, որ մարդասեր կոչվես, եթե նույնիսկ քեզ հաջողվի ստիպել օրական մեկ մարդու մոռանալ հոգսերն ու ժպտալ, հավատա` այդ դեպքում էլ ես մարդասիրություն ես անում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին