Անահիտ Բարսեղյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը - Mediamax.am

5426 դիտում

Անահիտ Բարսեղյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Անահիտ Բարսեղյանը
Անահիտ Բարսեղյանը

Երբ բժիշկներն ասացին, որ անզոր են և չեն կարող օգնել երեքամյա որդուս, աշխարհը փոխվեց: Անհետացավ ամեն ինչ` ձայները, ժամանակի զգացողությունը, բույրերը և երազանքները: Անգամ հույսը։

 

Բայց սերը մնաց: Եվ մարդիկ։ Տասնյակ, հարյուրավոր։ Գուցե, հազարավոր։ Մոտիկ և հեռավոր քաղաքներում, տարբեր աշխարհամասերում: Մարդիկ և իրենց անկեղծ ցանկությունը` օգնել որդուս: Մնացին մարդիկ և սերը:

 

Հենց այդ համակցությունն էլ հրաշք գործեց: Թռիչք, նոր հիվանդանոց և երկար պատերազմ: Դաժան պայքար: Սարսափելի վայրկյաններ, որոնք հավերժություն էին թվում:  Եվ մարդիկ, որոնք մեր կողքին էին`ծանոթ և անծանոթ: Կարեկցանք, որը հույս էր տալիս և սեր:

 

Պայքարի թեժ պահին, հաճախ, խորհրդավոր մանրուքները չես նկատում: Ողջ ջանքը, ռեսուրսները, ուշադրությունն ուղղված են արդյունքին: Միայն հետո ես հստակ գիտակցում`մարդու հանդեպ սերն է կյանքի հիմքը: Այդ լուսավոր էներգիան, որը իմաստ է տալիս մեր բոլոր արարքներին, մտքերին ու երազանքներին:

 

Այսօր, երբ մեծացած և առողջ տղայիս դպրոց եմ ճանապարհում` մտահոգվելով միայն վատ գնահատականների և համակարգչային խաղերով տարվածության մասին, անհանգստանալով արագ հեծանիվ վարելու համար, հստակ գիտակցում եմ․  հարկավոր է յուրաքանչյուր օր սերը վերադարձնել տիեզերքին: Այո, խոստովանում եմ, երեք երեխաների մայր լինելը հեշտ չէ և հաճախ ես ուզում հանգստանալ: Սակայն, որքան էլ հոգնած ես, միշտ հիշում ես․ այս պահին, իմ քաղաքում, քաղցկեղով հիվանդ երեխաներ կան, ում հարկավոր է հենց իմ սերն ու օգնությունը: Այդ կարող է դեղ լինել, հագուստ, տրանսպորտի տրամադրում, սնունդ, ուրախության պահերի պարգևում, կարեկցանք կամ էլ ուղղակի զրույց: Պետք է զուսպ և երախտագիտորեն վերադարձնել մարդկային սերը, որը ինձ էր ընծայվել հուսահատության պահին:

 

Մարդն անսահման, զարմանալի և բազմագույն տիեզերք է: Յուրաքանչյուր կյանք - կատարյալ ստեղծագործություն է։ Այն պարունակում է ուրախություն, կարեկցանք, ոգևորություն, ներշնչանք, տխրություն, երաժշտություն, ծիածան, անձրև, արևի շողեր և Արարատը պարուրող կապույտ երկինք:

 

Մարդը բարդ է, բայց և պարզ: Անընմբռնելի և հասկանալի: Եվ իհարկե, ամենադժվարը, թերևս մարդ լինելն և մնալն է։ Ոչ թե հերոս կամ վախկոտ, մեղավոր կամ անմեղ, այլ ուղղակի մարդ: Եվ սիրել մարդուն: Այնպիսին, ինչպիսին նա կա: Սիրել ողջ սրտով: Եվ այդ ժամանակ, աշխարհն անպայման կփոխվի դեպի լավը և սերը, անհրաժեշտ պահին, մեզ կվերադառնա հազարապատիկ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին