Ռուզաննա Ենգիբարյան. Մարդասիրություն․ Մարդ լինելու արվեստը - Mediamax.am

1801 դիտում

Ռուզաննա Ենգիբարյան. Մարդասիրություն․ Մարդ լինելու արվեստը


Ռուզաննա Ենգիբարյանը
Ռուզաննա Ենգիբարյանը

Նոյեմբեր էր ու ցուրտ։ Ծնողական ժողովը սովորականից ուշ վերջացավ եւ իր ետեւից թողեց միայն լարված նյարդեր ու հաստատ ոչ մի արդյունք։ Նորից ծնողների ոչինչ չասող դեմքեր, որոնք երեխա են լույս աշխարհ բերել եւ այդքանով համարում են իրենց դերը մարդկության առաջ կատարված։ Դաստիարակություն․․․ Դե դա էլ մնաց դպրոցի եւ ուսուցչի ուսերին։ Լարված նյարդերը թույլ չէին տալիս նրան զգալ ցուրտը, միայն ամայի ու լուռ փողոցն էր հուշում, որ սպասում է ձյան փաթիլներին, որոնք պիտի փարվեին սառած ասֆալտին մորը կարոտած փոքրիկների նման։ Անգամ անտուն շներն ու կատուներն էին ցրտից պատսպարվել նկուղներում կամ պատերի տակ։ Մի փոքր հեռվից լսվում էր կատվի ականջ ծակող մլավոց, որը խառնվելով ուղեղում պտտվող մտքերի, լարված նյարդերի ու քամու հետ, ստեղծում էր տհաճ մի մեղեդի։

 

- Երբեք երեխա չեմ ունենա, - մտածեց նա, եւ քիչ անց արտաբերեց – ավելի լավ է փողոցից վերցրած փիսիկ պահեմ։

 

Միտքը կարծես թե դուր եկավ նրան: Երիտասարդ աղջիկը կենտրոնացավ փափլիկ ու տաք փիսիկների մասին մտքի վրա։ Ժպտաց ինքն իրեն։

 

- Հաստատ, ես հո հասկանում եմ ինչ մեծ պատասխանատվություն է երեխա ունենալ եւ էլ ավելի մեծ պատասխանատվություն է Մարդ մեծացնել, Երջանիկ Մարդ։ Ափսոս շատերը դա երբեք չեն հասկանա․․․

 

Կատվի մլավոցը մեկ խեղդվում էր քամու սվսոցի մեջ, մեկ էլ, հանկարծ ճեղքելով սառը օդը, հասնում էր նրա ականջին։

 

․․․Կատու՞ ․․․ Իսկ եթե կատու չէ։ Մտածեց եւ հենց նույն վարկյանինել հեռու վանեց այդ միտքը։ Բայց ինչքան մոտենում էր ժանգոտ աղբարկղին այնքան սիրտը ավելի ուժեղ էր բաբախում։ Մլավոցը չէր դադարում արդեն։ Մլավոց։ Ցրտին ու սովին այլեւս չդիմացող կենդանու մահախոսականներ դա։ Նա քյլերը ուղղեց դեպի աղբարկղը։ Սառած ոտքերը չէին ենթարկվում նրան, իրենք էին որոշում կայացրել մոտենալ, պատճառը միայն իրենց էր հայտնի։ Մթի մեջ հնարավոր չէր ոչինչ զանազանել, միայն գարշահոտն էր հուշում թե ինչ կա ժանգոտ աղբարկղի խորքում։ Մլավոցը արդեն խեղդվում էր կենդանու կոկորդում եւ հազիվ էր լսվում։ Ահա կապտավուն մի բան շարժվեց․

 

- Պոչն է երեւի․․․- միտքը սառեց ուղեղում․․․

 

Ականջներում սկսվեց ինչ-որ դժոխային խժդժոց, հետո  սկսեց շատ պարզ լսել իր սրտի բաբախը․ հենց ականջներում, ուժեղ․․․ավելի ուժեղ․․․

 

Մանկիկ էր․․․

 

Նորածին։ Փոքրիկ։ Մերկ։ Վզին բինտի կեղտոտ մի կտոր կապած։ Արդեն կապտած եւ դողացող թաթիկներով։

 

Տաս օր։ Տաս անքուն գիշեր հիվանդանոցում։ Փոքրիկ բալիկ միացված սարքերին եւ խողովակներին։ Որ հրեշն է կարողացել եւ ինչ իրավունքով, քեզ կյանք տալ եւ որոշել այն խլել։ Պայքարիր՛ փոքրիկ։ Դու ուժեղ ես։ Պայքարն է, որ մեզ հասցրել է բանական էակ կոչվելու պատվին։ Իսկ նա ով քեզ հետ այսպես է վարվել բանական էակ կոչվելու իրավունք չունի։

 

Մայր՞։ Ոչ՛։

 

Արդեն Ճերմակած մազերով մի կին էր նա։ Կյանքի փորձը եւ, ով գիտե, միգուցե անքուն գիշերներն ու տառապանքները, հետք էին թողել բժշկուհու դեմքին։ Տաս օր նա էր փոքրիկի կողքին։ Տանը ոչ ոք չէր սպասում նրան։ Միակ զավակը վաղուց արդեն իր ընտանիքն ուներ եւ իր հոգսերը։ Իսկ ճերմակահեր կինը գտել էր իր նոր ընտանիքը, փոքրիկ թաթիկներով, խողովակներին միացված, դեռ նոր ապրել փորձող այդ էակին։

 

Հ․Գ․ Տարիներ անց փոքրիկը գտավ իրեն կյանք տված կնոջը։ Լսեց նրան․․․ու մոռացավ։ Ներեց՞։ Չգիտեմ։

 

Դեռ քանի կին ու աղջիկ է թողնելու, աղբարկղը նետելու իր երեխային․․Դեռ որքան պիտի լան մենակ մնացած մանկիկները, որ մեկնել լսի նրանց եւ տաքություն ու սեր նվիրի։

 

Դեպքը տեղի է ունեցել 1987 թվի ցուրտ նոյեմբերին, Երեւանում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին