Կապանում խոցելի խմբերին աջակցող Վիկտորյան - Mediamax.am

exclusive
2518 դիտում

Կապանում խոցելի խմբերին աջակցող Վիկտորյան


Վիկտորյա Աղաբեկյանը աջից չորրորդն է
Վիկտորյա Աղաբեկյանը աջից չորրորդն է

Լուսանկարը` Վիկտորյա Աղաբեկյանի արխիվից

Լուսանկարը` Վիկտորյա Աղաբեկյանի արխիվից

Վիկտորյա Աղաբեկյանը
Վիկտորյա Աղաբեկյանը

Լուսանկարը` Վիկտորյա Աղաբեկյանի արխիվից

Լուսանկարը` Վիկտորյա Աղաբեկյանի արխիվից


Հայաստանի մարզերում աշխատանքի հնարավորությունների եւ երիտասարդական ակտիվ կյանքի բացակայությունը շատ երիտասարդների է ստիպել կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել Երեւան: Մեդիամաքսը որոշել է խնդրին հակառակ կողմից անդրադառնալ եւ «Փոքր հայրենիքի նվիրյալները» հոդվածաշարով պատմել այն երիտասարդների մասին, որոնք ոչ միայն չեն հեռացել բնակավայրից, այլեւ իրենց մարզում փորձում են ստեղծել այն միջավայրը, որի կարիքն ունեն բոլորը: 

 

Վիկտորյա Աղաբեկյան, 33 տարեկան

Կապան, Սյունիք

 

2015-ին հիմնել եւ մինչ օրս նախագահում է «Զարգացման նախաձեռնություններ» տարածաշրջանային սոցիալ-տնտեսական ՀԿ-ն: Ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, կրթությամբ անգլերենի եւ իտալերենի մասնագետ է, նաեւ ուսուցիչ:

 

***

 

Երբ Երեւանում ավարտեցի ուսումս, չէի ուզում վերադառնալ Կապան: Այդ ընթացքում ամուսնացա, հետագայում ամուսնուս հետ վերադարձանք մեր ծննդավայր. նա նույնպես Կապանից է: Շատ դժվար էր երեւանյան ակտիվ կյանքից հետո ապրել փոքր ու կարծրատիպերով լի քաղաքում: Երեխաս արդեն մեծացել էր, երբ հասկացա՝ եթե ապրում եմ այստեղ, ուրեմն պետք է ինքնուրույն կայանամ եւ աշխատեմ քաղաքի փոփոխությունների համար: Ընտրեցի հասարակական ոլորտը, որը շատ դինամիկ է, հնարավորություն է տալիս հանդիպել տարբեր մարդկանց, տարբեր ծրագրեր իրականացնել եւ տարբեր խնդիրներ լուծել: Երբ քեզ հաջողվում է որոշ խնդիրների լուծման համար բանալիներ գտնել, քեզ ինքնաբավ ես զգում: 

Լուսանկարը` Վիկտորյա Աղաբեկյանի արխիվից

***

 

Չորս տարի առաջ հիմնել եմ «Զարգացման նախաձեռնություններ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է տարածաշրջանի երիտասարդների, նաեւ խոցելի խմբերի կարողությունների զարգացմամբ եւ համայնքային կյանքում նրանց մասնակցության ակտիվացմամբ: Կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, միջազգային կազմակերպությունների եւ դեսպանատների օժանդակությամբ իրականացնում ենք ծրագրեր՝ ուղղված խոցելի խմբերի կյանքի որակի բարելավմանը եւ նրանց հմտությունների զարգացմանը:

 

***

 

2017-ից սկսել եմ մեծ ուշադրություն դարձնել Կապանի լսողության խնդիրներ ունեցող անձանց: Հայաստանում Գերմանիայի դեսպանատան եւ Կապանի համայնքապետարանի օժանդակությամբ հիմնել ենք Կապանի խուլերի համայնքային կենտրոնը, որը մինչ օրս մեկ հարկի տակ է հավաքում լսողության խնդիրներ ունեցող երիտասարդներին եւ նրանց ընտանիքներին: Մեր կենտրոնում կազմակերպում ենք անգլերենի, արվեստի, ազգային պարերի եւ համակարգչային դասընթացներ, որոնք բաց են ոչ միային լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների, այլեւ համայնքի բոլոր բնակիչների համար: 

 

***

 

Մենք առաջինն էինք Կապանում, որ թիրախավորեցինք լսողության խնդիրներ ունեցող մարդկանց: Մեր ծրագրերից ամենակարեւորը ժեստերի լեզվի ուսուցումն էր: 

Լուսանկարը` Վիկտորյա Աղաբեկյանի արխիվից

2018-ին առաջին անգամ Սյունիքի մարզում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ վերապատրաստեցինք Կապանի 10 ուսուցիչների, որոնք եռամսյա դասընթացների ընթացքում տիրապետեցին հայերեն ժեստերի լեզվին: Այնուհետեւ վերապատրաստված երկու դասավանդողներ Կապանում ժեստերի լեզուն սովորեցրին մի շարք երեխաների, երիտասարդների, ուսուցիչների: Մեր դասընթացներին միացել էին անգամ այդ երեխաների ընտանիքի անդամները, թիրախավորել էինք նաեւ արտակարգ իրավիճակներում ծառայություն մատուցող աշխատակիցներին: Օրինակ, մի բուժքույր ունեինք, որը դասընթացից հետո սկսել է ակտիվ օգտագործել ժեստերի լեզուն: Երբեմն լսողության խնդիրներ ունեցող հիվանդներ են կանչ տալիս ու հաճելիորեն զարմանում են, որ բուժքույրը կարողանում է շփվել իրենց հետ:

 

***

 

Հիմա Կապանը շատ է փոխվել, զարգացել, հաճելի է աշխատել կապանցիների հետ, չնայած հարակից գյուղերում դեռ մնացել են կարծրատիպեր: Երբ սկսեցինք հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատել, հասկացանք, որ շատ ծնողներ ցանկանում էին թաքցնել այդ փաստը կամ ամաչում էին, որ իրենց երեխան պետք է ժեստերով խոսի: Մի տղա ունեինք, որի տատիկի հետ շատ երկար աշխատանքներ ենք տարել, որ թողնի երեխան միանա մեզ ու տիրապետի ժեստերի լեզվին, մինչդեռ երեխան դրա կարիքը շատ ուներ: Արդյունքում տղան բոլոր դասերին առանց բացակայելու հաճախեց: 

 

***

 

Այլ երկրներ կամ Երեւան տեղափոխվելու տարբերակներ ունեցել ենք, բայց ես հիմա ինձ շատ լավ ու հարմարավետ եմ զգում իմ հայրենի քաղաքում, որտեղ կարող եմ ունենալ իմ սեփական ներդրումը: 

Վիկտորյա Աղաբեկյանը Վիկտորյա Աղաբեկյանը

Լուսանկարը` Վիկտորյա Աղաբեկյանի արխիվից

Ես հավատում եմ ավելի պատասխանատու հասարակությանը, որտեղ յուրաքանչյուրը պետք է հասկանա՝ ինքն է պատասխանատու իր համայնքում տեղի ունեցող փոփոխությունների համար. միայն իշխանությունների վրա հույս դնելն ու սպասելն ամենասխալ բանն է: 

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ Վիկտորյա Աղաբեկյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին