Գավառի երիտասարդների համար հնարավորություններ ստեղծող Գրիգորը - Mediamax.am

exclusive
2713 դիտում

Գավառի երիտասարդների համար հնարավորություններ ստեղծող Գրիգորը


Լուսանկարը` Գրիգոր Դաշտոյանի արխիվից

Լուսանկարը` Գրիգոր Դաշտոյանի արխիվից

Լուսանկարը` Գրիգոր Դաշտոյանի արխիվից

Գրիգոր Դաշտոյանը
Գրիգոր Դաշտոյանը

Լուսանկարը` Գրիգոր Դաշտոյանի արխիվից


Հայաստանի մարզերում աշխատանքի հնարավորությունների եւ երիտասարդական ակտիվ կյանքի բացակայությունը շատ երիտասարդների է ստիպել կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել Երեւան: Մեդիամաքսը որոշել է խնդրին հակառակ կողմից անդրադառնալ եւ «Փոքր հայրենիքի նվիրյալները» հոդվածաշարով պատմել այն երիտասարդների մասին, որոնք ոչ միայն չեն հեռացել բնակավայրից, այլեւ իրենց մարզում փորձում են ստեղծել այն միջավայրը, որի կարիքն ունեն բոլորը:

 

Գրիգոր Դաշտոյան, 39 տարեկան

Գավառ, Գեղարքունիք

 

2012-ից ղեկավարում է «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ն: 2016-ին ընտրվել է Գավառ համայնքի ավագանու անդամ: Ավարտել է Գավառի պետական համալսարանը, կրթությամբ բնապահպան է: 2002-2015-ը աշխատել է «Քյավառ» հեռուստաընկերությունում որպես լրագրող, պրոդյուսեր, փոխտնօրեն: Եղել է նաեւ Հ2, Շանթ TV-ների եւ Նոյան տապան, Ա1+ ծառայությունների մարզային թղթակիցը:

 

***

 

2012-ին հիմնել եմ «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ն, իսկ 2017-ին երիտասարդական մի շարք կազմակերպությունների աջակցությամբ բացել ենք Գավառի երիտասարդական նախաձեռնությունների բազմաֆունկցիոնալ կենտրոնը: Գավառի քաղաքապետարանն է մեզ տարածք տրամադրել, որը պարտավորվել էինք վերանորոգել երեք տարվա ընթացում, սակայն մեկ տարում «Գեղարեգ»-ի կամավորների եւ նրանց բարեկամների օգնությամբ մեզ հաջողվեց հիմնովին վերանորոգել շենքը: Այժմ ունենք հրաշալի կենտրոն, որտեղ քաղաքի երիտասարդները զարգացնում են իրենց հմտությունները, իրականացնում են համայնքային ծրագրեր, զբաղվում են սոցիալական ձեռներեցությամբ:

Լուսանկարը` Գրիգոր Դաշտոյանի արխիվից

Մշտապես տարբեր թեմաներով դասընթացներ ենք կազմակերպում, որոնց շնորհիվ երիտասարդները ձեռք են բերում առաջնորդության, հաղորդակցվելու, բիզնես էթիկայի հմտություններ: 

 

***

Լուսանկարը` Գրիգոր Դաշտոյանի արխիվից

Հիմա Գավառի երիտասարդներն ավելի անկաշկանդ են, բարձրացել է նրանց իրազեկվածության աստիճանը: Նրանք ակտիվորեն ներգրավվում են համայնքային եւ մարզային կյանքում տեղի ունեցող բազմաթիվ ծրագրերում, հանրային լսումներ են նախաձեռնում, մասնակցում են ավագանու նիստերին: Համայնքներում երիտասարդական խմբերի հետ տարվող աշխատանքների արդյունքում բազմաթիվ ծրագրեր ներառվում են ինչպես հնգամյա զարգացման ծրագրում, այնպես էլ տվյալ տարվա համայնքային բյուջեներում:

 

Մենք պետք է օգնենք, որպեսզի մեր երիտասարդները հաջողության հասնեն: Մեր կազմակերպության հետ երկար տարիների ճանապարհ անցած կամավորները մրցունակ են աշխատաշուկայում, կարողանում են աշխատանք գտնել:

Գրիգոր Դաշտոյանը Գրիգոր Դաշտոյանը

Լուսանկարը` Գրիգոր Դաշտոյանի արխիվից

Տարիներ առաջ Գավառում լուրջ խնդիր ունեինք՝ աղջիկները մեծ դժվարությամբ էին մասնակցում հասարակական ծրագրերին, դժվար էր նրանց տանից դուրս հանելը: Երբեմն նաեւ ծնողներին էինք հրավիրում մեր ծրագրերին մասնակցելու, որ թողնեն իրենց աղջիկներին գիշերակացով միջոցառումների գալ մեզ հետ: Իսկ հիմա ձեռք ենք բերել այնպիսի վստահություն, որ շատ ծնողներ ասում են՝ եթե Դաշտոյանի հետ է մեր երեխան, ուրեմն հանգիստ ենք (ժպտում է.-հեղ):

 

***

 

Իմ երազանքներից է, որ մեր երիտասարդները չլքեն իրենց ծննդավայրը: Այստեղ դարձյալ ես իմ օրինակով եմ նրանց հետ կիսվում, փորձում կարծրատիպեր կոտրել: Ինչքան էլ գրավիչ լինեն առաջարկները, այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ ծննդավայրը, որտեղից սկսվել է ամեն ինչ, քո կարիքն ունի:

 

Ամալի Խաչատրյան 

Լուսանկարները՝ Գրիգոր Դաշտոյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին