Տաթեւում «անգլերենի դեսպան» Մարին - Mediamax.am

exclusive
3595 դիտում

Տաթեւում «անգլերենի դեսպան» Մարին



Հայաստանի մարզերում աշխատանքի հնարավորությունների եւ երիտասարդական ակտիվ կյանքի բացակայությունը շատ երիտասարդների է ստիպել կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել Երեւան: Մեդիամաքսը որոշել է խնդրին հակառակ կողմից անդրադառնալ եւ «Փոքր հայրենիքի նվիրյալները» հոդվածաշարով պատմել այն երիտասարդների մասին, որոնք ոչ միայն չեն հեռացել բնակավայրից, այլեւ իրենց մարզում փորձում են ստեղծել այն միջավայրը, որի կարիքն ունեն բոլորը:

 

Մարի Թեւոսյան, 21 տարեկան

Տաթեւ, Սյունիք

 

Տաթեւ համայնքի ղեկավարի խորհրդականն է: Գորիսի պետական համալսարանում ուսումնասիրել է պատմություն, այժմ մագիստրատուրայի ուսանող է, զբոսաշրջության կառավարում է սովորում։

 

***

 

Պլանավորում էի ավարտելուց հետո Երեւան տեղափոխվել. ցանկանում էի ուսումս շարունակել մայրաքաղաքում՝ ենթադրելով, որ մեծ քաղաքներում հնարավորություններն ավելի մեծ են։ Բայց երբ կանգնած էի ընտրության առաջ՝ տեղափոխվել, թե մնալ գյուղում, մտածեցի՝ լավ, եթե ոչ ես, ապա էլ ով:

 

Գիտեմ, որ ինձ նման մտածողների թիվը քիչ է, բայց մենք կանք ու ապացուցում ենք, որ հայրենիքը սկսվում է հենց մեզնից, մենք գիտենք, որ հզոր պետություն ունենալու համար հզոր գյուղերը կարեւոր նախապայման են։ Ես Շինուհայր գյուղից եմ, այն Տաթեւ խոշորացված համայնքի ամենամեծ բնակավայրն է եւ կենտրոնը:

 

***

 

Չորրորդ կուրսի ուսանող էի, երբ առաջարկ ստացա աշխատել համայնքապետարանում որպես համայնքի ղեկավարի խորհրդական: Բարեկամները, ծանոթները, աշխատակիցները՝ գրեթե բոլորը, այլ աչքով էին ինձ նայում. ասում էին՝ այս աշխատանքը տղամարդու համար է, ես ինչպես եմ համարձակվում տղամարդու գործ անել: Մեր համայնքում կարծում են, որ կինն ամենաշատը կարող է ուսուցիչ աշխատել, ամուսնանալ ու երեխաներ ունենալ: Ես գտել եմ նման կարծրատիպեր կոտրելու ամենալավ տարբերակը՝ անել հակառակը եւ ապացուցել, որ կարող ես:

 

***

 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2015-ին կազմակերպած «Համայնքը ես եմ» ճամբարին մասնակցելուց հետո իրականացրի համայնքային առաջին նախաձեռնությունս՝ կանանց հետ հանդիպումների արդյունքում փորձում էի բարձրացնել նրանց իրավագիտակցությունը եւ խթանել մասնակցությունը համայնքային կառավարմանը։

 

Հավաքներ էի կազմակերպում, տներ էի այցելում, հարցաթերթիկներ լրացնում: Արդյունքում մեծ հիասթափություն ապրեցի. որքան էլ բացատրում էի հավասար մասնակցելիության իրավունքը, նրանց կյանքում բան չէր փոխվում: Երբ հարցնում էի՝ ինչո՞ւ չեն առաջադրում իրենց թեկնածությունն ավագանու պաշտոնում, բոլորը մեջ էին բերում իրենց կին լինելու փաստը եւ ասում՝ տղամարդիկ իրենց մատով ցույց կտան:

 

***

 

Աշխատել սկսել եմ երրորդ կուրսից. Շինուհայրի միջնակարգ դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավարն էի։

 

Շաբաթը երկու անգամ ծրագրավորում էի դասավանդում. կամավորական սկզբունքով առաջարկեցի նաեւ անգլերեն դասավանդել: Կարծում եմ՝ ծրագրավորման լեզուների հետագա ուսումնասիրության համար անգլերենը շատ կարեւոր է: Մեկ տարուց ավել աշակերտների հետ անգլերեն եմ պարապել, այն մակարդակի էինք հասել, որ երեխաներն իրենց դպրոցներում մյուս աշակերտներին էին անգլերեն սովորեցնում:

 

***

 

Քանի որ Տաթեւ շատ զբոսաշրջիկներ են այցելում, համայնքի ակտիվ երիտասարդներով որոշել ենք անգլերենի դասընթացներ կազմակերպել տեղացիների համար առանց տարիքային սահմանափակման, որ բոլորը կարողանան շփվել զբոսաշրջիկների հետ, իրենց տներում հյուրընկալել նրանց եւ գումար վաստակել: Դասավանդման համար տարածք է տրամադրելու համայնքապետարանը, մնացած գործերը կամավորական սկզբունքով են արվելու: Ծրագիրն անվանել ենք Teach for Tatev, մյուս տարի իրականություն կդարձնենք այն: Շուտով կունենանք նաեւ մեր հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիր-նախագահը լինելու եմ ես:

 

***

 

«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես-ֆորումին ներկայացրել եմ իմ բիզնես-ծրագիրը Տաթեւում էկոտուրիզմի զարգացման վերաբերյալ: Նախատեսում ենք Հալիձորի անտառում ստեղծել էկոզբոսաշրջային հանգստի գոտի, որը կունենա ե՛ւ սոցիալական ազդեցություն (կստեղծվի մոտ 10-12 աշխատատեղ), ե՛ւ կստեղծի բնության պահպանության տնտեսական խթանում։ Հիմա մի փոքր հիասթափության փուլում ենք. ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է հողի նպատակային փոփոխություն, որի համար դիմել էինք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը եւ ստացել բացասական պատասխան։ Սակայն համոզված եմ, որ էկոզբոսաշրջային հանգստի գոտին վաղ թե ուշ իրականություն է դառնալու, որովհետեւ մենք պայքարելու ենք մինչեւ վերջ։

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ Մարի Թեւոսյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին