Վանաձորում մեդիագրագիտություն տարածող Վահեն - Mediamax.am

exclusive
2194 դիտում

Վանաձորում մեդիագրագիտություն տարածող Վահեն


Վահե Խաչիկյանը
Վահե Խաչիկյանը

Հայաստանի մարզերում աշխատանքի հնարավորությունների եւ երիտասարդական ակտիվ կյանքի բացակայությունը շատ երիտասարդների է ստիպել կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել Երեւան: Մեդիամաքսը որոշել է խնդրին հակառակ կողմից անդրադառնալ եւ «Փոքր հայրենիքի նվիրյալները» հոդվածաշարով պատմել այն երիտասարդների մասին, որոնք ոչ միայն չեն հեռացել բնակավայրից, այլեւ իրենց մարզում փորձում են ստեղծել այն միջավայրը, որի կարիքն ունեն բոլորը: 

 

Վահե Խաչիկյան, 25 տարեկան

Վանաձոր, Լոռի

 

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի ծրագրերի համակարգող: Ավարտել է Լոռու տարածաշրջանային պետական քոլեջը։

 

***

 

Կուրթան գյուղից եմ (Վանաձորից 22 կմ հեռու), 17 տարեկանից տեղափոխվել եմ Վանաձոր սովորելու նպատակով, ավարտելուց հետո մնացել եմ Վանաձորում ու կամավորական աշխատանքով եմ զբաղվել: 

 

Երեւան գալու հնարավորություններ շատ եմ ունեցել, բայց մտածում եմ, որ իմ առաքելությունը Լոռու մարզում է: Երկրի ողնաշարն են գյուղն ու մարզը, եթե չունենանք զարգացող մարզեր՝ գիտակից երիտասարդներով, երբեւէ չենք կարող երազել զարգացած երկրի մասին: Թավշյա հեղափոխության դեպքում էլ, ինչքան էլ Երեւանում բազմաթիվ մարդիկ փողոց դուրս եկան, եթե մարզերում չլիներ այդ ակտիվությունը, հեղափոխություն տեղի չէր ունենա:

 

***

 

«ՀԿ Կենտրոն»-ի «Վանաձոր Ինֆոտուն» ծրագրի համակարգողն եմ, որը միտված է լոռեցի երիտասարդի մեդիագրագիտության բարձրացմանը: Փորձում ենք երիտասարդներին ակտիվացնել ու ներգրավել հասարակական տարբեր գործունեություններում: Կազմակերպում ենք դասընթացներ, քննարկումներ, բանավեճեր՝ ինչպես ճիշտ օգտագործել համացանցը, ստուգել տեղեկատվությունը, զբաղվել քաղաքացիական լրագրությամբ: 

 

Հեղափոխության առաջին օրերին շատ քիչ մարդ էր Վանաձորում փողոց դուրս գալիս, որի զգալի մասը «Ինֆոտուն» ծրագրի երիտասարդներն էին: Նրանք գիտեին իրենց իրավունքները, պարտականությունները: Երբ լրատվամիջոցները դեռ չէին սկսել անդրադառնալ այստեղի իրադարձություններին, մեր երիտասարդներն էին պարբերաբար տեսանյութեր հրապարակում համացանցում: 

 

*** 

 

Մեր մարզի երիտասարդները տարբերվում են Երեւանի երիտասարդներից, ավելի սրտացավ ու նվիրված են, մտածում են հանրային շահի մասին, հատկապես նրանք, որ գիտակցում են՝ իրենք երկրում միայն սպառող չեն, այլ պատասխանատու են երկրի համար: 

 

Երեւանում հնարավորությունները շատ-շատ են, իսկ մարզերում ոչ միայն քիչ են, այլեւ հաճախ չկան, բայց ես վստահ եմ՝ որեւէ մեկը չի գալու մեր փոխարեն ստեղծի: Եթե մենք չունենք ժամանցի վայր, դա մեր խնդիրն է, ու մենք պետք է նման վայրեր հիմնենք: Քայլ առ քայլ, կրթելով ու ինքնակրթվելով կգիտակցենք, որ յուրաքանչյուր քայլ առաջինը մենք պետք է անենք, որ ավելի լավը դարձնենք մեր ու մյուսների կյանքը: 

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին