Ախուրյանում իրավիճակ փոխող Լեւոնը - Mediamax.am

exclusive
2379 դիտում

Ախուրյանում իրավիճակ փոխող Լեւոնը


Լեւոն Իգիթյանը
Լեւոն Իգիթյանը

Հայաստանի մարզերում աշխատանքի հնարավորությունների եւ երիտասարդական ակտիվ կյանքի բացակայությունը շատ երիտասարդների է ստիպել կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել Երեւան: Մեդիամաքսը որոշել է խնդրին հակառակ կողմից անդրադառնալ եւ «Փոքր հայրենիքի նվիրյալները» հոդվածաշարով պատմել այն երիտասարդների մասին, որոնք ոչ միայն չեն հեռացել բնակավայրից, այլեւ իրենց մարզում փորձում են ստեղծել այն միջավայրը, որի կարիքն ունեն բոլորը: 

 

Լեւոն Իգիթյան, 28 տարեկան 

Ախուրյան գյուղ, Շիրակ

 

«Ախուրյան համայնքային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ: Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար: Սովորել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում: 

 

***

 

Ախուրյանը 10 000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղ է, բայց ամբողջ համայնքում հասարակական կազմակերպություն կամ առհասարակ երիտասարդական կառույց չի եղել: Համայնքի պետական կառույցները դպրոցական կամ մանկապարտեզների հանդեսներն էին համարում որպես երիտասարդական միջոցառում: 2014-ին չորս ընկերներով հիմնել ենք «Ախուրյան համայնքային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ն, որը մինչեւ օրս համայնքի միակ հասարակական կազմակերպությունն է: 

 

Ինձ համար շատ դժվար էր խմբում աղջիկներ ներառելը կամ երիտասարդներին կամավորական աշխատանքների մեջ ներգրավելը, ասում էին՝ ինչի համար անվճար գործ անենք: Այս տարիների ընթացքում գյուղում մեզ հաջողվել է որոշ չափով կոտրել այդ կարծրատիպերը, շատ ծնողներ այլեւս չեն ասում իրենց աղջիկներին, թե ինչ գործ ունեն ինձ ու ՀԿ-ի մյուս տղա անդամների հետ: 

 

***

 

Երբ նոր էի մտնում հասարակական եւ ակտիվ քաղաքացիական կյանք՝ մասնակցում էի համայնքում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին՝ հատկապես ավագանու նիստերին: Առաջինն էի, որ որպես անհատ մասնակցել եմ ավագանու նիստերին, իսկ ավագանու որոշ անդամներ հաճախ ինձ սատարելու փոխարեն, լավ հայացքով չէին նայում: 

 

Այժմ կողմնակիցների մի մեծ խումբ ունեմ, որոնք մասնակցում են համայնքի գործընթացներին: ՀԿ-ի անդամներից մեկն այնքան էր մասնակցել մեր դասընթացներին, որ ստորագրահավաք էր արել համայնքում իր թաղամասի լուսավորության համար: Բնակչության մեկ տոկոսի չափով ստորագրահավաք իրականացնելով՝ հարցը ներառվել էր ավագանու օրակարգում եւ մտել ծրագրային փուլ: 

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին