Սեւան միջազգային երաժշտական փառատոն բերած Գոհարը - Mediamax.am

exclusive
2402 դիտում

Սեւան միջազգային երաժշտական փառատոն բերած Գոհարը


Գոհար Մնացականյանը
Գոհար Մնացականյանը

Հայաստանի մարզերում աշխատանքի հնարավորությունների եւ երիտասարդական ակտիվ կյանքի բացակայությունը շատ երիտասարդների է ստիպել կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել Երեւան: Մեդիամաքսը որոշել է խնդրին հակառակ կողմից անդրադառնալ եւ «Փոքր հայրենիքի նվիրյալները» հոդվածաշարով պատմել այն երիտասարդների մասին, որոնք ոչ միայն չեն հեռացել բնակավայրից, այլեւ իրենց մարզում փորձում են ստեղծել այն միջավայրը, որի կարիքն ունեն բոլորը: 

 

Գոհար Մնացականյան, 35 տարեկան 

Սեւան քաղաք, Գեղարքունիք

 

«Սեւան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ: «Բոհեմ» արվեստանոց-թեյարանի եւ «Սեւան» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն: Ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը:

 

***

 

Մի բաժակ ջուրը, որ մարդ կարող է լցնել մեծ կաթսայի մեջ, չունի նույն արդյունքն ու ազդեցությունը, ինչ՝ փոքր կաթսայի մեջ: Իմ օգուտը Սեւանում ավելի շատ է:

 

Ես պատասխանատվություն եմ զգում այն վայրի հանդեպ, որտեղ ինձ բախտ է վիճակվել ծնվել: Եթե այստեղ եմ ծնվել ու այս ժամանակ, ուրեմն հենց այստեղ էլ ու հիմա անելիք ունեմ: Տարիների ընթացքում ես գտել եմ այն հմայքն ու խաղաղությունը, որ ունեն միայն փոքր քաղաքները: Քաղաքը ոչ թե շենքերն են, փողոցները, այլ աշխարհագրական դիրքն ու մարդկանց կուտակումները: 

 

***

 

10 տարի առաջ երեք ընկերներով հիմնել ենք «Սեւան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը: Մինչ այդ երեքով մի ճամբարի խմբավարներ էինք, որի ավարտից հետո այլեւս ոչ մի հարթակ չունեինք հանդիպելու, նույնիսկ մի նորմալ սրճարան չկար Սեւանում, ինչն էլ մոտիվացրեց մեզ ստեղծել մի վայր, որտեղ երիտասարդները կարող են հավաքվել ու ստեղծագործել: 

 

Հարյուրավոր մեծ ու փոքր, կարեւոր ու անկարեւոր ծրագրեր ենք իրականացրել՝ հուշարձանների եւ դրանց հարակից տարածքների մաքրում, ցուցանակների տեղադրում, գրքահավաքներ, թեքահարթակների կառուցում, համայնքային միջոցառումներ, կրթական ծրագրեր: 

 

***

 

2015-ին հիմնել ենք «Սեւան» միջազգային երաժշտական փառատոնը: Այն մեկնարկել էր որպես մարզային փառատոն, դարձել համահայկական, իսկ չորրորդ տարում՝ միջազգային: Նախորդ տարի հյուրեր ունեինք Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, այս տարի ավելի շատ կլինեն: Այն ամենամեծ տոնն է մեր քաղաքում:

 

Մեր կազմակերպության ծրագրերից է նաեւ «Բոհեմ» արվեստանոց-թեյարան սոցիալական ձեռնարկությունը, որը հիմնել ենք 2017-ին՝ Եվրամիության աջակցությամբ: Այստեղի համերգների, ցուցահանդեսների, վարպետաց դասերի միջոցով քաղաքում ձեւավորում ենք կայուն մշակութային միջավայր: 

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին