Վայքը Եվրոպայի հետ մերձեցնող Արգիշտին - Mediamax.am

exclusive
4534 դիտում

Վայքը Եվրոպայի հետ մերձեցնող Արգիշտին


Արգիշտի Միքայելյանը
Արգիշտի Միքայելյանը

Հայաստանի մարզերում աշխատանքի հնարավորությունների եւ երիտասարդական ակտիվ կյանքի բացակայությունը շատ երիտասարդների է ստիպել կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել Երեւան: Մեդիամաքսը որոշել է խնդրին հակառակ կողմից անդրադառնալ եւ «Փոքր հայրենիքի նվիրյալները» հոդվածաշարով պատմել այն երիտասարդների մասին, որոնք ոչ միայն չեն հեռացել բնակավայրից, այլեւ իրենց մարզում փորձում են ստեղծել այն միջավայրը, որի կարիքն ունեն բոլորը: 

 

Արգիշտի Միքայելյան, 30 տարեկան 

Վայք, Վայոց Ձոր

 

Վայք հյուրանոցի եւ տուրիզմի կենտրոնի գործադիր տնօրեն: 2012-2016-թթ.-ը Վայք քաղաքի ավագանու անդամ։ Սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

 

***

 

2009 թվականին բանակից վերադառնալուց հետո, մասնակցելով մի քանի երիտասարդական ծրագրերի, հասկացա, որ եթե ուզում ես փոխել կյանքդ, պետք է ինքդ փոխվես ու պասիվ սպասողից դառնաս ակտիվ գործող։ 

 

Հիմնադրեցի «Վայքի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն։ Մի քանի հոգով սկսեցինք կազմակերպել միջոցառումներ ու քննարկումներ, ծրագրեր, որոնք մեր երիտասարդներին ազատ խոսելու, շփվելու, ինքնադրսեւորման հնարավորություններ էին տալիս։ Կազմակերպել ենք երկու միջազգային հավաքներ՝ Erasmus+ ծրագրի շրջանակներում։ Վայք են այցելել եվրոպական տարբեր երկրներից երիտասարդներ, շփվել են տեղացիների հետ։ Կազմակերպել ենք նաեւ քաղաքացիական ու բնապահպանական թեմաներով ճամբարներ։ 

 

Մեր քաղաքում ու մարզում դժվար չէ գործունեություն ծավալելը։ Գրեթե ամեն ինչ էլ հնարավոր է։ Հիմնական խնդիրը երիտասարդների արտահոսքն է:

 

***

 

Փոքր բնակչություն ունեցող համայնքում հաճելի է, որ բոլորը ճանաչում են բոլորին, օգնում, համագործակցում եւ ապրում որպես մի մեծ ընտանիք։ Մեզ մոտ այնքան շատ են տեսարժան վայրերն ու դեռեւս «թաքնված գանձերը», որ անընդհատ նոր բաներ բացահայտելու, հիանալու եւ հպարտանալու տեղ կա։ Մինչդեռ մեծ քաղաքներում շատ դժվար է. ես ինձ զգում եմ որպես բոլորից մեկը՝ չտարբերվող ու չճանաչված։

 

Տարբեր ծրագրերով, ուսումնասիրության նպատակներով, մի շարք երկրներում եմ եղել՝ ԱՄՆ-ից մինչեւ Չինաստան, հիացել եմ, ուսումնասիրել եմ, հետ եմ վերադարձել, փորձել եմ ամեն տեղից ստացածս կիսել մարդկանց հետ ու իրականացնել իմ համայնքում։ Երբեք չեմ մտածել այլ երկիր տեղափոխվելու մասին. բարի նախանձով ցանկացել եմ, որ իմ երկիրն էլ զարգացած լինի։ Սովորաբար, ամեն ճամփորդությունից հետո, գրի եմ առնում փոքրիկ, բայց իմ կարծիքով կարեւոր գաղափարները, որոնք հնարավոր է իրականացնել մեր համայնքներում, ու արդեն ունեմ համայնքի զարգացման իմ տեսլականը:

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին