Շիրակցուն կաղապարներից դուրս հանող Ամալյան - Mediamax.am

exclusive
3370 դիտում

Շիրակցուն կաղապարներից դուրս հանող Ամալյան


Ամալյա Թումասյանը
Ամալյա Թումասյանը

Հայաստանի մարզերում աշխատանքի հնարավորությունների եւ երիտասարդական ակտիվ կյանքի բացակայությունը շատ երիտասարդների է ստիպել կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել Երեւան: Մեդիամաքսը որոշել է խնդրին հակառակ կողմից անդրադառնալ եւ «Փոքր հայրենիքի նվիրյալները» հոդվածաշարով պատմել այն երիտասարդների մասին, որոնք ոչ միայն չեն հեռացել բնակավայրից, այլեւ իրենց մարզում փորձում են ստեղծել այն միջավայրը, որի կարիքն ունեն բոլորը: 

 

Ամալյա Թումասյան, 27 տարեկան

Գյումրի, Շիրակ

 

«Լոֆթ Գյումրի» կենտրոնի գործադիր տնօրեն: Սովորել է Շիրակի պետական համալսարանում եւ Գիտությունների ազգային ակադեմիայում: 

 

***

 

Մագիստրատուրան սովորել եմ Երեւանում, ունեցել եմ եւ ունեմ բավական լավ առաջարկներ աշխատելու, բայց վերադարձել եմ Գյումրի, քանի որ քաղաքս իմ կարիքն ունի։ Անչափ հպարտ եմ, որ կարողացել եմ սեփական ամբիցիաներս կողք դնել՝ քաղաքիս համար։ Միգուցե մի պահ գա, որ տեղափոխվեմ այլ քաղաք, բայց ոչ հիմա։ 

 

17 տարեկանից եղել եմ հասարակական ակտիվ կյանքի եռուզեռի էպիկենտրոնում, մասնակցել եմ բազմաթիվ դասընթացների թե Հայաստանում, թե արտերկրում, ներկայացրել եմ Հայաստանը տարբեր ծրագրերում։ Վերջին տարիներին աշխատել եմ մի շարք միջազգային կառույցներում՝ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամում:

 

***

 

Արդեն երկու տարի է «Լոֆթը» մշակույթ է ձեւավորում Գյումրիում։ Ինքս ականատես եմ եղել, թե ինչպես է շիրակցին դուրս գալիս կաղապարներից եւ անում բաներ, որոնք, միգուցե, հնարավորություն չի ունեցել անելու։ Ամեն անգամ, երբ տեսնում եմ՝ ինչպես է գյումրեցի երիտասարդը համադասարանցիների համար սուրճ կամ թեյ պատրաստում, հյուրասիրում է «Լոֆթի» պատահական այցելուին, հրավիրում է ծնունդի տորթ համտեսելու կամ ուղղակի թենիս խաղալու, հասկանում եմ, որ առաջին հայացքից սովորական թվացող երեւույթները մշակույթ են ձեւավորում։ 

 

Ավելի քան 400 միջոցառում, 22 խոշոր նախագիծ ենք անցկացրել, որոնց մեծ մասը ուղղված են երիտասարդների ներգրավմանն ու ժամանցի ապահովմանը։ 

 

***

 

Իհարկե, բարդ է մարզում գործունեություն ծավալելը, ամենախնդրահարույց մարզն է Շիրակը, որը վստահ եմ՝ փոքր, բայց վստահ քայլերով առաջ կգնա։ Բայց երբեմն, երբ շատերը խոսում են հաջողության բանաձեւից, մարքեթինգային գործիքներից, բիզնեսի զարգացման մեխանիզմներից, ուզում եմ ականջներին շշնջալ, որ գան Գյումրի. այստեղ «ուրիշ մոլորակ է»։ 

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին