Վահրամ Տեր-Մաթեւոսյան. Հայաստանը հանգրվան չէ, սա մեր երկիրն է - Mediamax.am

exclusive
10575 դիտում

Վահրամ Տեր-Մաթեւոսյան. Հայաստանը հանգրվան չէ, սա մեր երկիրն է

Նախագծում ներկայացվող մարդիկ պատմում են արտասահմանում ուսանելու եւ ապրելու դժվարությունների եւ առավելությունների մասին, Հայաստան վերադառնալու դրդապատճառների մասին:

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը ընտանիքի հետ:
Վահրամ Տեր-Մաթեւոսյանը ընտանիքի հետ:

Լուսանկարը` Անձնական արխիվից:

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

Լուսանկարը` Անձնական արխիվից:

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Հարվարդի համալսարանի Քենեդիի կառավարման դպրոցում:
Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Հարվարդի համալսարանի Քենեդիի կառավարման դպրոցում:

Լուսանկարը` Անձնական արխիվից:

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը որդու հետ:
Վահրամ Տեր-Մաթեւոսյանը որդու հետ:

Լուսանկարը` Անձնական արխիվից:


Մեդիամաքս-ը շարունակում է Get Back! հատուկ նախագիծը, որն իրականացվում է Հայկական Գիտական Համագործակցություն (ARMSCOOP) ցանցի հետ համագործակցությամբ:

 

Նախագծում ներկայացվող մարդիկ պատմում են արտասահմանում ուսանելու եւ ապրելու դժվարությունների եւ առավելությունների մասին, Հայաստան վերադառնալու դրդապատճառների մասին:

 

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը պատմաբան է, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս եւ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող:

 

Կրթություն է ստացել Շվեդիայի Լունդի համալսարանում (մագիստրատուրա) եւ Նորվեգիայի Բերգենի համալսարանում (դոկտորանտուրա, PHD): Fulbright ծրագրի շրջանակներում սովորել է Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում:

 

1999 թ., երբ ավարտում էի ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, ցանկություն առաջացավ արտերկրում շարունակել մագիստրական կրթությունս։ Այն ժամանակ ընդունված էր դիմել Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարան: Դիմեցի այնտեղ, սակայն պատասխանը բացասական էր: Մերժումից հետո հասկացա, որ պետք է շատ ավելի համակարգված մոտենալ հարցին եւ առավել մանրամասն ծրագրել արտասահմանյան բուհ դիմելու ողջ գործընթացը:

 

Այն ժամանակ՝ 90-ականների վերջին, սակավ էին տեխնոլոգիաներն ու հնարավորությունները: Ստիպված էինք գնալ ու գրանցվել հանրային գրադարանում, որպեսզի շաբաթվա ընթացքում գեթ մեկ անգամ 30 րոպեով մեզ անվճար ինտերնետ տրամադրվեր: Էլեկտրոնային ամբողջ նամակագրությունը եւ ինտերնետային բոլոր գործերը պետք է հասցնեինք անել այդ կես ժամվա ընթացքում: Անգամ այսօր, երբ հանդիպում եմ Հանրային գրադարանի այն ժամանակվա աշխատակիցներին, շնորհակալություն եմ հայտնում, քանի որ շատ դեպքերում համակարգչի առջեւ թույլատրում էին նստել նախատեսվածից փոքր-ինչ ավելի, որն անգնահատելի օգնություն էր:

 

Ինձ միշտ հետաքրքրել են սկանդինավյան երկրներն ու ցանկություն առաջացավ հենց այնտեղ շարունակել ուսումս: Ի վերջո, դիմեցի Շվեդիայի Լունդի համալսարանի Արեւելյան եւ հարավարեւելյան Ասիայի ուսումնասիրությունների ծրագրին։ Ուսումնառության ընթացքում դաշտային ուսումնասիրությունների համար մեկնեցի Ինդոնեզիա, որտեղ հարցազրույցներ ունեցա այդ երկրի ազդեցիկ իսլամական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Շվեդիայում սովորեցի գիտական ուսումնասիրության այբուբենը։

 

20-ամսյա մագիստրոսական ծրագիրն ավարտելուց հետո, վերադարձա Հայաստան: Թեեւ Լունդի համալսարանի պատմության ֆակուլտետն ինձ առաջարկեց շարունակել ուսումը եւ PHD-ն (դոկտորանտուրա) այնտեղ անել, Հայաստանում անավարտ գործեր ունեի: Մոտ 1 տարի աշխատեցի հարազատ Գյումրիի վերականգման ծրագրերից մեկում, որն իրականացվում էր «Ուրբան ինստիտուտի» կողմից:

 

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

Լուսանկարը` անձնական արխիվից:

 

Շուտով հասկացա, որ գիտությունը միակ կենսական տարածքն է, որտեղ կարող եմ ինքնադրսեւորվել: Նախ Հայաստանում պաշտպանեցի թեկնածուական թեզս։ Հետո սկսեցի հետաքրքրվել նրանով, թե որտեղ կարող եմ դոկտորանտուրա սովորել: Որոշեցի կրկին Սկանդինավիայի ուղղությամբ ընտրություն կատարել ու դիմեցի Նորվեգիայի Բերգենի համալսարանի Իսլամական եւ մերձավոր արեւելյան ուսումնասիրությունների կենտրոն: Ընդունվեցի եւ սկսեցի առավել խորը ուսումնասիրություններ կատարել՝ «Քեմալիզմի գաղափարախոսության զարգացման առանձնահատկությունները հանրապետության շրջանում» թեմայով:

 

Այդ համալսարանում համաշխարհային վաստակ եւ համբավ ունեցող գիտնականներ կային: Իմ գիտական ղեկավար Քնութ Վիքորը (Knut Vikør) հայտնի իսլամագետ է, սուդանագետ:

 

Նորվեգիայում ապրեցի 5 տարի: Ուսանելուն զուգահեռ նաեւ դասավանդել եմ։ Նորվեգիայի կառավարությունը հստակ քաղաքականություն ուներ, որի համաձայն օտարերկրացիների մայրենի լեզվի ուսումնասիրումը դպրոցներում պարտադիր էր: Բերգենի քաղաքապետարանին կից գործող համապատասխան վարչությունում աշխատել եմ որպես հայոց լեզվի եւ պատմության ուսուցիչ: Մինչեւ հիմա սերտ կապի մեջ եմ այնտեղ ապրող հայ ընտանիքների հետ։

 

Ավարտելով դոկտորանտուրան՝ վերադարձա Հայաստան: Թեեւ արդեն աշխատում էի ՀՀ Արեւելագիտության ինստիտուտում որպես գիտաշխատող, որոշեցի համատեղությամբ աշխատել նաեւ Պաշտպանության նախարարությունում: Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը նոր էր հիմնվել եւ առաջարկ ստացա ներգրավվել նրա աշխատանքներում: ՊՆ-ում աշխատելու պատճառներից մեկը նաեւ այն էր, որ թեեւ որպես պատմական գիտությունների թեկնածու ազատվել էի զինվորական ծառայությունից, սակայն, որոշեցի, որ արտերկրում ուսանելուց հետո պետք է անպայման ընդունեմ պաշտպանական գերատեսչությունում աշխատելու հրավերը։ Իմ աշխատանքը զորամասում էր, զինվորական հրամանատարության ներքո եւ զինվորական ծառայությանը հնարավորինս մոտ պայմաններում։ Ավելին, «երկու տարվա» փոխարեն աշխատեցի/ծառայեցի 4․5 տարի։

 

Այնտեղ իմ հետազոտական ուղղվածությունը մի փոքր ընդլայնվեց եւ Թուրքիայից բացի սկսեցի զբաղվել Հարավային Կովկասի անվտանգության հարցերով, ինչպես նաեւ՝ ազգային անվտանգության խնդիրներով։ Ստացածս փորձառությունը հսկայական էր, սակայն 2011թ. որոշեցի վերադառնալ գերազանցապես գիտակրթական ասպարեզ եւ սկսեցի դասավանդել Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: 

 

2008 թ. դիմեցի Fulbright Scholar Program ծրագրին: Դիմումս հավանության արժանացավ ԱՄՆ դեսպանատան, այնուհետեւ ԱՄՆ պետքարտուղարության կողմից եւ 9 ամիս անցկացրեցի Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում: Այնտեղ մասնակցել եմ բավական կարեւոր գիտահետազոտական ծրագրերի, եւ այն փորձը, որը բերել եմ Բերքլիից, մինչ այսօր շատ պետք է գալիս:

 

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Հարվարդի համալսարանի Քենեդիի կառավարման դպրոցում:

Լուսանկարը` անձնական արխիվից:

 

Ի՞նչ է տալիս դրսում սովորելը

 

Արտերկրում ուսումնառությունից մարդիկ տարբեր ակնկալիքներ ունեն։ Ոմանց համար այն անվիճարկելի անհրաժեշտություն է, ոմանց համար կյանքում նոր փուլ սկսելու հնարավորություն, շատերի համար էլ արտերկրում ուսանելը կարեւոր պահանջ է հետագայում Հայաստանում արագ հաջողության հասնելու համար:

 

Քիչ չեն նաեւ նրանք, ովքեր Հայաստանում ստացած կրթությունը համարում են անբավարար, հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում, ինչպես իրենք են ասում, «դրսում մի լավ տեղ սովորել»։ Թեեւ կան դեպքեր, երբ մարդիկ արտերկրում ստանում են կրթություն, սակայն վերադառնալով այդքան էլ հաջողակ չեն հայաստանյան աշխատաշուկայում։ Վստահ եմ, նաեւ որ արտերկրում սովորելու ենթակայական պատճառներից է նաեւ մշակութային գործոնը։ Շատ դիմորդների մոտ ցանկություն կա ծանոթանալ նոր մշակույթի եւ ավանդույթների հետ, դրանց կրողների հետ՝ նոր փորձի եւ գիտելիքի կրող դառնալու համար:

 

Շատ է խոսվում նրա մասին, որ արտերկրում ուսանած երիտասարդները պետք է ներգրավվեն պետական եւ հանրային կառավարման ոլորտներում: Եթե մեկ տասնամյակ առաջ նման անձինք սակավաթիվ էին, ապա մեր օրերում իրավիճակն այլ է, թեեւ նրանց ներկայացվածությունը տակավին շարունակում է փոքր մնալ: Վստահ եմ, որ այդպիսի մարդիկ իրենց աշխատավայրերում կարող են եւ փոխում են եղանակը: Իսկ եթե շատ դեպքերում արդյունքները բավարար չափով տեսանելի չեն, ապա պատճառները լրիվ այլ տեղ պետք է փնտրել։ Ամեն դեպքում իրենք որոշակի աշխատաոճի եւ որակների կրող են, ինչն անհնար է չնկատել: Մի քանի տարի այլ միջավայրում ապրելով, նրանք չէին կարող իրենց հետ նոր ասելիք չբերել, որը նորություն է հայաստանյան պետական կառավարման համակարգի համար:

 

Ինչպիսի՞ մեխանիզմներ կան, որպեսզի այդ ամենը խրախուսվի: Հարկավոր է, նախ եւ առաջ, տվյալների բազա ստեղծել թե ո՞վ, որտե՞ղ, ի՞նչ է արել: Վստահ եմ, որ հստակ պետական ուղղորդված քաղաքականության անհրաժեշտություն կա դրսում սովորած ուսանողների փորձառության հաշվառման հարցում: Իհարկե, կան ուսանողների միություններ, բայց շատ ավելի արդյունավետ կլինի, որ նրանք աշխատեն ու պետությունը որոշակի կերպով համագործակցի նրանց հետ: Այդ կառույցներն իրականում կարող են շատ կարեւոր դեր կատարել՝ ոչ միայն համակարգող մարմին լինելով դրսում սովորած ու սովորող ուսանողների միջեւ, այլեւ Հայաստանի եւ արտերկրյա կրթական եւ պետական հաստատությունների միջեւ:

 

Արտասահմանում սովորած ուսանողները՝ մարդկային մեծ ռեսուրս են: Նրանք դրսում ստեղծում են տարբեր մակարդակի կապեր, ծանոթություններ, եւ այդ ամենը հարկավոր է խելամիտ օգտագործել:

 

Ինչո՞ւ որոշեցի վերադառնալ Հայաստան

 

Անկեղծ ասեմ, որ իմ առջեւ մնալու կամ վերադառնալու երկընտրանք երբեք չի եղել: Մի պահ անգամ խնդրում էի որոշ ազգականներիս չգալ ինձ օդանավակայան դիմավորելու, քանի որ նրանց տված առաջին հարցը պետք է լիներ` «ինչո՞ւ չմնացիր»:

 

Հարկավոր է վերադառնալ, քանի որ մարդիկ որոշակի պարտավորություններ ունեն այն միջավայրի ու այն իրականության նկատմամբ, որից սերել են: Մենք պետք է նախ փորձենք վերադարձնել մեր երկրին, հասարակությանը, համայնքին եւ միջավայրին այն ամենը, ինչը ձեռք ենք բերել նրանց շնորհիվ, հետո նոր միայն կամ զուգահեռաբար ձեռնամուխ լինենք նորի արարմանը։

 

Հարմարվողականությունը եւ անհասցե քննադատությունը տեղապտույտ է եւ անվերջ ինքնահաստատման դրսեւորում։ Փոքր գործերի հանրագումարում է արարվում մեծը։

 

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը որդու հետ:

Լուսանկարը` անձնական արխիվից:

 

Կարծում եմ, մասնագիտությանս առանձնահատկությունները եւս թելադրել են իմ որոշումների մեծ մասը։ Պատմաբանի աշխարհընկալումներն ու պետականության նկատմամբ դատողությունները տանում են դեպի պատմական գործընթացների եւ խորքային խնդիրների համակարգային ընկալումը: Ի վերջո, հասկանում ես, որ մեր երկիրը դարերի ընթացքում չի կայացել, որովհետեւ հայը Հայաստանում չի ապրել, հայը Հայաստանին հեռվից է սիրել: Հայաստանը հանգրվան չէ, սա մեր երկիրն է, այն մեր գոյության եւ զարգացման կենսատարածքն է։

 

Իհարկե, Հայաստանում կան խնդիրներ, իհարկե, արտերկրի հարմարավետ կյանքից հետո դժվար է հեշտությամբ համակերպվել մեր իրականության մեջ առկա մեծ թվով խնդիրների, աղքատության, անարդարության եւ հոռի բարքերի հետ։ Սակայն եթե կա հաստատակամություն, ապա դժվարությունները մեզ պետք է գոտեպնդեն։

 

Հայաստանում հաջողության հասնելու կարեւոր նախապայմաններից մեկն է մրցունակ լինելը։ Իմ ոլորտում մրցունակ լինելու համար, կարծում եմ, հարկավոր է 3-4 տարին մեկ անգամ արտերկրում երկարաժամկետ (6-12 ամիս) վերապատրաստում անցնել ու վերադառնալով, փորձել ստացած գիտելիքները կիրառել Հայաստանում: Դա կարեւոր է այն առումով, որ ստուգում ես քո գիտելիքները ու մրցակցության աստիճանը ոչ թե կարճաժամկետ ծրագրերի կամ գիտաժողովների ընթացքում, որոնք թեեւ նույնպես կարեւոր են, այլ ավելի երկարատեւ ժամանակահատվածում:

 

Վահրամ Տեր-Մաթեւոսյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին