Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարը եւ Թուրքիայի արտգործնախարարը պարտավորվել են միասին աշխատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնագրի առաջխաղացման համար։
Այս մասին ասվում է ԱՄՆ եւ Թուրքիայի կառավարությունների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Վաշինգտոնում կայացած ամերիկա-թուրքական ռազմավարական մեխանիզմի յոթերորդ հանդիպման արդյունքներով։
«Հարավային Կովկասում պետքարտուղար Բլինքենը եւ նախարար Ֆիդանը պարտավորվել են միասին աշխատել՝ առաջ մղելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հավասարակշռված եւ կայուն խաղաղության համաձայնագիրը, որը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը եւ բարգավաճմանը», - ասվում է փաստաթղթում:
Նախորդ շաբաթ Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հարցերը Վաշինգտոնում քննարկել էին նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քուրթ Քեմփբելն ու Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը:
«Նրանք քննարկել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցության հետագա ընդլայնման ուղիները՝ տարածաշրջանային եւ համաշխարհային առաջնահերթություններին համապատասխան։ Քեմփբելը եւ Աքչապարը հատուկ ուշադրություն են դարձրել Կենտրոնական Ասիայում տնտեսական համագործակցությանը, Հարավային Կովկասում խաղաղության հասնելուն եւ Ասիայում եւ նրա սահմաններից դուրս միասին աշխատելու այլ հնարավորություններին», - ասված էր ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: