Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանն իրադրությունը սրելու եւ Լեռնային Ղարաբաղը հայաթափելու հետեւողական քաղաքականություն է վարում»:
«Ադրբեջանի գործելակերպն այդպես է ընկալվում նաեւ միջազգային հանրության կողմից: Ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունված 2256 բանաձեւն է: Դրա 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական եւ սպառնալից հռետորաբանությունից, կոչ է անում Ադրբեջանին մերժել նման հռետորաբանությունն ու քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում հանրային եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ ատելության հանցագործությունների դեմ պայքարելու համար։
ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւը կարեւոր փաստաթուղթ է՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով: Հայաստանի ԱԳՆ-ն հետեւողական կլինի բանաձեւի դրույթները նախարարական կոմիտեի՝ ԵԽ գործադիր մարմնի օրակարգում պահելու համար»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ հունիսի 28-ին չորս հայ զինծառայողի կյանք խլած սադրանքի նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու, ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելն է:
Նրա խոսքով՝ այս օրերին Հայաստանի պատվիրակությունը խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ ԱՄՆ-ում շարունակում է բանակցություններն Ադրբեջանի պատվիրակության հետ.
«Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, եւ մեր կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների եւ բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: