Երեւան։ Մեդիամաքս։ Հունիսի 22-ին Ստրասբուրգում կայացած «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովում» թեմայով հրատապ բանավեճի ավարտին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձեւ է ընդունել, որում «ծայրահեղ մտահոգություն» է հայտնել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ անցման ընդհատման եւ տարածաշրջանին էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումների միտումնավոր դադարեցման կապակցությամբ։
Ամբողջապես Ճանաչելով Ադրբեջանի մտահոգությունը՝ ապահովելու իր տարածքի եւ իր սահմանների անվտանգությունը, «Վեհաժողովը ապշած է այն փաստից, որ վերջինիս ղեկավարությունը չի ընդունում ներկա իրավիճակից բխող շատ լուրջ մարդասիրական եւ մարդու իրավունքների հետեւանքները»:
Ընդունելով բանաձեւը, որը հիմնված է Փոլ Գավանի պատրաստած զեկույցի վրա, Վեհաժողովն ընդգծել է, որ Ադրբեջանը «պարտականություն ունի պաշտպանելու եւ ապահովելու իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում ապրող բոլոր մարդկանց անվտանգությունը»: ԵԽԽՎ-ն նշել է, որ միջազգային հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի եւ մարդու իրավունքների եւ մարդասիրական հետեւանքների վրա «անհրաժեշտ է Ադրբեջանին այս պատասխանատվության մասին հիշեցնելու համար»:
Ընդունելով, որ Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի բացակայությունը «շատ ավելի լայն հարցի մի մասն է», Վեհաժողովը համոզմունք է հայտնել, որ «միայն մարդասիրական արձագանքը բավարար չէ, եւ որ անհրաժեշտ է քաղաքական լուծում»: Այն շտապ կոչ է արել լուծել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության խնդիրները Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության եւ միջազգային չեզոք ներգրավման միջոցով խաղաղության հասնելու ցանկացած մեխանիզմի պարագայում:
Նշելով, որ Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է շտապ «կիրառի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով», Վեհաժողովը կոչ է արել Ադրբեջանին շտապ կատարել այդ որոշումը։
Վեհաժողովը «ծայրահեղ անհանգստություն» է Ադրբեջանի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով հայերի դեմ օգտագործվող «թշնամական եւ սպառնալից հռետորաբանությունից» եւ կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել նման հռետորաբանությունից եւ քայլեր ձեռնարկել ատելության խոսքի դեմ պայքարելու համար:
ԵԽԽՎ-ն նաեւ կոչ է արել Ադրբեջանին հրավիրել Եվրոպայի Խորհրդի պատվիրակությանը այցելել Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ՝ փաստահավաք առաքելության նպատակով՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: