Փաշինյան. Պուտինն առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում - Mediamax.am

3501 դիտում

Փաշինյան. Պուտինն առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում


Լուսանկարը` kremlin.ru (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ բրյուսելյան եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները «կարեւոր են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականցման ու սահմանների դելիմիտացիայի համար»։

«Հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար կոնկրետ հիմքերի նույնականացումը եւ համաձայնեցումը։

 

Մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարությամբ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության շուրջ Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ երկխոսության կարեւորությունը՝ միջազգային հանրության հետ համագործակցված: Այս գործընթացն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական եւ համապարփակ կարգավորման ու տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման համար, հետեւաբար այն մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նշել է, որ թեեւ բանակցություններում որոշակի առաջընթաց է արձանագրվում, Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի սահմանին։

 

«Ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը եւ սահմանագծի ապառազմականացումը։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության դրսեւորում է, որն ակներեւ է դարձնում Լաչինի միջանցքում եւ ԼՂ-ում միջազգային առաքելության լեգիտիմությունը, ինչը քննարկում ենք մեր միջազգային բոլոր գործընկերների հետ»,- ասել է նա։

 

Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մայիսի 25-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ. «Հայկական կողմն ընդունել է առաջարկը»։

 

Նա նշել է, որ հունիսի 1-ին Քիշնեւում նախատեսված է հնգակողմ հանդիպում, որին ներկա կլինեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, ինչպես նաեւ՝ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

 

«Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաեւ հոկտեմբերին՝ Գրանադայում։

 

Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին