FT. Փաշինյանը եւ Ալիեւը կհանդիպեն Բրյուսելում - Mediamax.am

3138 դիտում

FT. Փաշինյանը եւ Ալիեւը կհանդիպեն Բրյուսելում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ The Financial Times-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջիկա կիրակի օրը կհանդիպեն Բրյուսելում՝ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

 

Պարբերականը նշում է, որ այս տեղեկատվությունը հաստատել են երեք լավատեղյակ աղբյուրներ: Նրանցից մեկը նշել է, որ Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարեւոր նշան կլինի»՝ ավելացնելով, որ ԵՄ եւ ԱՄՆ միջնորդական ջանքերը փոխլրացնում են միմյանց:

 

The Financial Times-ը գրում է, որ հունիսի 1-ին Քիշնեում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը, Ալիեւը եւ Միշելը կարող են հանդիպել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնի հետ:

 

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը The Financial Times-ին ասել է, որ իր երկիրը դրական է վերաբերվում է Շառլ Միշելի միջնորդությանը, «քանի որ ԵՄ-ն թաքնված օրակարգ չունի»: Նա ավելացրել է, որ ԵՄ նախաձեռնած գործընթացի շնորհիվ հնարավոր է եղել մշակել «առանցքային հայեցակարգեր» բանակցությունների եւ դրանք կառուցվածքի համար:

Հաջիեւը նշել է, որ Բաքուն ճկուն է Մոսկվայում, Վաշինգթոնում կամ Բրյուսելում հանդիպումներ անցկացնելու հարցում, քանի որ, նրա խոսքով, արդյունքի հասնելու համար գործընթացը պետք է հնարավորինս «ներառական» լինի:

 

«Ռուսաստանը կարող է արդյունավետորեն մասնակցել տարածաշրջանում խաղաղության կառուցմանը: Միեւնույն ժամանակ, հստակ է, որ Ռուսաստանը շատ զբաղված է Ուկրաինայի պատերազմով», - ասել է Հիքմեթ Հաջիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին