«ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա եւ կառավարի Հայաստանի ակնկալիքները» - Mediamax.am

exclusive
3498 դիտում

«ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա եւ կառավարի Հայաստանի ակնկալիքները»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Նիդեռլանդների Միգազգային հարաբերությունների ինստիտուտը (Clingendael) «Եվրոպական Միությունը Հարավային Կովկասում» ծավալուն հետազոտություն է հրապարակել:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ հետազոտության եզրափակիչ՝ «Եզրակացություններ եւ առաջարկություններ» հատվածից:

 

ԵՄ հատուկ ռազմավարություն Հարավային Կովկասի համար

 

Այստեղ, մասնավորապես, նշվում է, որ «ի լրումն Արեւելյան գործընկերության կամ կոնկրետ թեմաների վերաբերյալ իր քաղաքականության փաստաթղթերին, ԵՄ-ն պետք է նաեւ հատուկ ռազմավարություն մշակի Հարավային Կովկասի համար»:

 

«Այս ռազմավարությունը պետք է հստակ ուրվագծի ԵՄ-ի նպատակները եւ դրանց իրագործման ուղիները: Այն պետք է հստակ կենտրոնանա անվտանգության, ինչպես նաեւ (աշխարհա)քաղաքական, տնտեսական եւ նորմատիվ հարթությունների վրա:

ԵՄ-ն պետք է զգալիորեն ամրապնդի իր ներկայությունը Հարավային Կովկասի երեք երկրներում։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Այն, մասնավորապես, պետք է ձգտի ավելի ներդաշնակեցնել Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ հատուկ ներկայացուցչի եւ Եվրոպական խորհրդի նախագահի, Վրաստանում եւ Հայաստանում երկու դաշտային գործողությունների եւ իր անդամ երկրների երկկողմ ջանքերը», - նշում են հետազոտության հեղինակները:

 

ԵՄ-ն չպետք է ենթարկվի «երկկողմանիության» ռեֆլեքսներին

 

«Ձգտելով լինել անկողմնակալ միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ու ընդունելով հակամարտության բարդությունը, ԵՄ-ն չպետք է ենթարկվի «հավասար հեռավորության» եւ «երկկողմանիության» ռեֆլեքսներին։ Այն հատկապես պետք է զսպի Ադրբեջանի՝ ուժով իր կամքը Հայաստանին պարտադրելու ջանքերը։ Ուստի, ԵՄ-ն պետք է խուսափի Բաքվի մոտ տպավորություն ստեղծել, որ աչք կփակի Հայաստանի վրա հետագա հարձակումների վրա՝ ելնելով առեւտրային շահերից: ԵՄ-ն պետք է շարունակի ակտիվորեն նպաստել սահմանի սահմանազատմանը եւ լինել ավելի պարտադրող՝ ադրբեջանական զորքերը հայկական տարածքից դուրս բերելու իր պահանջներում», - ասվում է հետազոտության մեջ:

 

Ադրբեջանից Նախիջեւան տրանսպորտային կապը

 

«ԵՄ-ն պետք է ապահովի, որ Հայաստանը պատշաճ կերպով կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ ապահովելու Ադրբեջանից Նախիջեւան տրանսպորտային կապը։ Այն կարող է դեր խաղալ բանակցություններում, փորձագիտական գնահատական տալ տրանսպորտային կապի ձեւերի վերաբերյալ, ինչպես նաեւ ֆինանսական ներդրումներ կատարել ճանապարհային եւ երկաթուղային երթուղիների կառուցման համար:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

ԵՄ-ն շահագրգռված է դրա իրագործմամբ ոչ միայն այն պատճառով, որ այն կամրապնդի Բաքվի եւ Երեւանի միջեւ համագործակցությունը, այլեւ Միջին միջանցքի առեւտրային ուղին ամրապնդելու տեսակետից: Այս համատեքստում ակնհայտորեն ԵՄ-ի շահերից է բխում աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ սահմանի վերաբացմանը», - գրում են փորձագետները:

 

ԵՄ առաքելության «վճռորոշ դերը»

 

«Վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելությունը (EUMA) կարող է վճռորոշ դեր խաղալ եւ պետք է օժտված լինի բավարար ռեսուրսներով եւ ճկունությամբ՝ իր մանդատը իրականացնելու համար, նույնիսկ եթե Ադրբեջանը եւ Ռուսաստանը դեմ լինեն դրան: ԵՄ-ն պետք է հստակեցնի Ադրբեջանին, որ EUMA-ն իր՝ որպես միջնորդի դերակատարության էական մասն է, եւ պետք է խրախուսի Բաքվին ոչ միայն ընդունել առաքելությունը, այլեւ ակտիվորեն համագործակցել նրա հետ՝ թույլ տալով մուտք ունենալ դեպի սահմանի ադրբեջանական կողմը։

 

«ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա»

 

Պահպանելով մի կողմից ինքնիշխան Հայաստանի տարածքի եւ Լեռնային Ղարաբաղի՝ որպես Ադրբեջանի անբաժան մասի իրավական եւ քաղաքական տարբերությունը, մյուս կողմից՝ ԵՄ-ն չպետք է աչք փակի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավիճակի վրա։ Որպես իր միջնորդական ջանքերի մի մաս, ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա, որպեսզի այն առաջարկի էթնիկ հայերին վստահելի եւ միջազգայնորեն վերահսկվող պայմանավորվածություն, որը երաշխավորում է նրանց անվտանգությունը եւ հարգում է նրանց իրավունքները:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լաչինի միջանցքով դեպի Հայաստան շարունակական մուտքը եւ ատելության խոսքի դեմ պայքարի միջոցները պետք է լինեն այս պայմանավորվածության անբաժանելի մասը, հատկապես ռուս խաղաղապահների հեռանալուց հետո։ ԵՄ-ն պետք է ձգտի ինքնուրույն վերահսկել այս պայմանավորվածության իրականացումը` որպես Ադրբեջանի հետ իր շարունակական քաղաքական եւ մարդու իրավունքների երկխոսության անբաժանելի մաս:

 

«ԵՄ-ն պետք է կառավարի Հայաստանի ակնկալիքները»

 

Հայաստանում ԵՄ-ն պետք է երկարաժամկետ ներդրումներ կատարի օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների կառուցվածքային ամրապնդման համար։ Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից դժվար թե արագ փոխվի, եւ ԵՄ-ն պետք է կառավարի Հայաստանի ակնկալիքներն այս առումով, բայց ԵՄ-ն կարող է եւ պետք է երկար դերակատարում ունենա այստեղ։ ԵՄ-ն կարող է օգտագործել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) եւ Ռուսաստանից Հայաստանի հիասթափությունից ստեղծված հնարավորությունների պատուհանը՝ իրականացնելու որոշ կառուցվածքային բարեփոխումներ, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում երկիրն ավելի քիչ խոցելի դարձնելու ռուսական միջամտությունից, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների եւ ապատեղեկատվության հակազդման, էներգետիկ անվտանգության եւ արդյունավետության, ինչպես նաեւ անվտանգության ոլորտի բարեփոխումների բնագավառներում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին