Բաքվում պնդում են, որ Փաշինյանը խաղաղ գործընթացին «հարված է հասցրել» - Mediamax.am

2876 դիտում

Բաքվում պնդում են, որ Փաշինյանը խաղաղ գործընթացին «հարված է հասցրել»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այhան Հաջիզադեն այսօր ասել է, որ Երեւանը շահագրգռված չէ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորմամբ։

«Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, քանի որ դեմ է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառող կետերին, ոչ կառուցողական մոտեցում է ցուցաբերում` առաջ քաշելով «միջազգային մեխանիզմների» եւ «երաշխիքների միջազգային ինստիտուտի» մասին գաղափարներ։

 

Այն փաստը, որ հայկական կողմը, որը հրաժարվել էր խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններից անցած դեկտեմբերին, տարբեր պատրվակներով հակադրվում է ԵՄ միջնորդական ջանքերին, վկայում է, որ նա մտադիր է շարունակել բանակցությունները խոչընդոտելու պրակտիկան, որը իրականացնում էր շուրջ 30 տարի», - ասել է Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները։

 

Նա ասել է, որ իր հայտարարություններով Փաշինյանը «հարված է հասցրել խաղաղ գործընթացին» եւ «որը ամենակոպիտ կերպով խեղաթյուրում է պատմական փաստերը»։

 

«Հակաադրբեջանական արշավը, որը Փաշինյանը վարում է՝ խուսափելով տարբեր միջազգային հարթակներում իր ստանձնած պարտավորություններից եւ սեփական խոստումներից, նրա հռետորաբանությունը, որը զրոյացնում է խաղաղության պայմանագրի բանակցությունները եւ միջազգային միջնորդների ջանքերը, Հայաստանի համար լավ բան չեն խոստանում»,- ասել է Հաջիզադեն։

 

Նրա խոսքով, «Փաշինյանի կողմից ներկայիս Հայաստանի տարածքից ադրբեջանցիներին բռնի տեղահանելու փաստի ժխտումը վկայում է տասնամյակներ շարունակ Հայաստանի կողմից իրականացվող էթնիկ զտումների համակարգված եւ նպատակաուղղված քաղաքականությունը արդարացնելու մտադրության մասին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին