Փաշինյան. Բաքուն է խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը - Mediamax.am

696 դիտում

Փաշինյան. Բաքուն է խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Մարտի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում ելույթ է ունեցել Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդում:

Ներկայացնում ենք հատվածներ ելույթից (ենթավերնագրերը մերն են):

 

Առաքելությունը վճռորոշ դեր կխաղա

 

Հայաստանի խնդրանքով ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի տարածքում երկու տարի ժամկետով նոր, լիարժեք քաղաքացիական առաքելություն (EUMA) տեղակայել։

 

Առաքելությունը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության եւ տարածաշրջանում կայունության ապահովման գործում, ինչպես նաեւ ներկա իրավիճակի մասին ԵՄ-ում մեր գործընկերներին եւ նրա անդամ երկրներին ժամանակին եւ հուսալի զեկուցելու գործում։

 

Շրջափակումը հանգեցրել է հումանիտար աղետի

 

Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակած է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։

 

Շրջափակումը հանգեցրել է հումանիտար աղետի։ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերը զրկված են բնական գազի, էլեկտրաէներգիայի, սննդի, բժշկական եւ այլ կենսական մատակարարումներից։

 

2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջեց ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

 

Ցավոք, Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել ԱՄԴ-ի որոշումը, եւ Լաչինի միջանցքով երթեւեկությունը շարունակում է մնալ խաթարված։

 

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում։

 

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը

 

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետեւյալ երեք հիմնական ուղղություններով. համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակում եւ սահմանագծում եւ անվտանգություն:

 

Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ կձեւավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն եւ ներգրավվածություն:

 

«Արեւմտյան Ադրբեջան»

 

Վերջերս Ադրբեջանի նախագահը ներկայացրեց մի նոր նախաձեռնություն, որը կոչվում է «Արեւմտյան Ադրբեջան»։ Գիտեք դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» է՝ զուգահեռ ասելով, թե մենք ուզում ենք խաղաղություն եւ այլն։ Սա շատ տարօրինակ իրավիճակ է։

 

Հարաբերությունները Թուրքիայի հետ

 

Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Մենք հույս ունենք ամբողջությամբ բացել մեր ընդհանուր սահմանը, որը միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին Թուրքիայի կողմից։

 

Մենք ունենք առաջ շարժվելու մի քանի փոքր, բայց հուսադրող նշաններ: Մեր երկրների հատուկ ներկայացուցիչները 2022 թվականի հուլիսին պայմանավորվել են օդային բեռնափոխադրումներ հաստատելու շուրջ եւ երրորդ երկրների քաղաքացիների համար միջպետական սահմանները բացել։

 

Հունվարին վերացվել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը, եւ մենք հուսով ենք, որ շուտով կբացվի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։

 

Վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանն արագ արձագանքեց։ Ես զանգահարեցի նախագահ Էրդողանին ցավակցություն հայտնելու համար եւ առաջարկեցի մեր աջակցությունը։ Դրանից հետո տուժած շրջաններ ուղարկեցինք մարդասիրական օգնություն եւ փրկարարական խումբ։ Շատ կարեւոր է փաստել, որ մարդասիրական օգնության երկու շարասյուն Թուրքիա է մտել սահմանային կամրջով, որը 30 տարի շարունակ փակ է եղել։ Մեր փրկարար ջոկատը Հայաստան է վերադարձել այդ նույն կամրջով։

 

Հայաստանի արտգործնախարարն այցելեց Թուրքիա, հանդիպեց իր գործընկերոջը եւ վերահաստատեց հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու մեր պատրաստակամությունը։ Թեեւ վերջին շփումները, իհարկե, զուտ մարդասիրական բնույթի էին, մենք, այնուամենայնիվ, ուրախ կլինենք տեսնել նաեւ քաղաքական արդյունքներ։

 

Կարեւոր նրբությունները

 

Կարծում եմ, որ այժմ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է, որովհետեւ Ադրբեջանը մշտապես հորդորում է Թուրքիային չհաստատել հարաբերություններ Հայաստանի հետ։ Գուցե ես չպետք է դա ասեի, բայց ցանկանում եմ, որ դուք իմանաք այդ գործընթացի շատ կարեւոր նրբությունները։ Մենք պատրաստ ենք հենց այսօր բացել սահմանը։

 

Քաղաքական եւ անվտանգության երկխոսությունը

 

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի նոր կարեւոր ձեւաչափի մասին՝ Քաղաքական եւ անվտանգության երկխոսությունը, որի անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ անցյալ հունվարին Երեւանում։ Հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի եւ որոշակի ոլորտներում մեր համագործակցության խորացման հեռանկարների շուրջ քննարկումը ոչ միայն ժամանակին էր, այլեւ զգալիորեն հարստացրեց ԵՄ-ի հետ մեր տարաբնույթ գործընկերության օրակարգը:

 

Չնայած բոլոր մարտահրավերներին, մենք հավատում ենք, որ մեր անվտանգային ճարտարապետությունը չի կարող լինել համապարփակ առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության: Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է։ Մենք շարունակելու ենք բարեփոխումները, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին՝ նպատակ ունենալով ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին