«Ռուսաստանն այսօր չի կարող Ադրբեջանին չափից շատ նյարդայնացնել» - Mediamax.am

4275 դիտում

«Ռուսաստանն այսօր չի կարող Ադրբեջանին չափից շատ նյարդայնացնել»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (Chatham House) Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լոուրենս Բրոերսը զուգահեռներ է տեսնում Ուկրաինայի՝ որպես արհեստական ազգի մասին ռուսական դիսկուրսի եւ Հայաստանի մասին ադրբեջանական դիսկուրսի միջեւ:

«Ադրբեջանն արդեն որոշ ժամանակ առաջ է տանում է այն թեզը, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հին ադրբեջանական հողի վրա, եւ այդ միտումը գնալով ուժեղանում է: Բոլորովին վերջերս Ալիեւը հայտարարեց Արեւմտյան Ադրբեջանի գիտահետազոտական ինստիտուտ բացելու մասին, իսկ Արեւմտյան Ադրբեջան ասելով` նա նկատի ունի Հայաստանի Հանրապետությունը։ Մենք կարող ենք զուգահեռներ տեսնել Ուկրաինայի՝ որպես արհեստական, կեղծ ազգի մասին ռուսական դիսկուրսի եւ Հայաստանի մասին ադրբեջանական դիսկուրսի միջեւ: Սա հայ-ադրբեջանական հակամարտությունը դուրս է բերում գոյաբանական մակարդակի», - ասել է Բրոերսը՝ գերմանական Spiegel ամսագրին տված հարցազրույցում:

 

Խոսելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին, փորձագետն ասել է, որ

«Բաքուն փորձում է ցույց տալ, որ ռուսներն ի վիճակի չեն իրացնել իրենց մանդատը եւ խաղաղապահներին հիմնականում ներկայացնում է որպես օկուպացիոն ուժ, որը թույլ չի տալիս Ադրբեջանի մուտքը Լեռնային Ղարաբաղ»։

 

«Ռուսաստանի դիրքը էապես թուլացել է ուկրաինական պատերազմի պատճառով, ինչը Ադրբեջանին հնարավորություն է տվել մարտահրավեր նետել Ռուսաստանի հաստատած խաղաղությանը։ Ի վերջո, ռեժիմի անվտանգությունն Ադրբեջանում ամենաբարձր արժեքն է, եւ Ալիեւի ռազմավարությունը պայմանավորված է նրանով, թե որն է լավագույն միջոցն իր ռեժիմի անվտանգության ապահովման համար: 2020թ. նոյեմբերի զինադադարից երկու տարի անց տեսնում ենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ երթուղին, որը կլիներ Ադրբեջանի հիմնական օգուտն ու փոխհատուցումը ռուս խաղաղապահների տեղակայման համար, չի իրագործվել: Սրա հետեւանքով Բաքուն կարող է մեծացնի ճնշումը Հայաստանի վրա», - ասել է Լոուրենս Բրոերսը:

 

«Այս պահին Ռուսաստանն ունի Ադրբեջանի կարիքը` հիմնականում Թուրքիայի հետ հարաբերությունների, նաեւ հյուսիս-հարավ հաղորդակցության ուղիների, Իրանի հետ հարաբերությունների, դեպի Ծոցի երկրներ եւ Հնդկաստան մուտք ունենու տեսանկյունից: Ռուսաստանն այսօր այն վիճակում չէ, որ Ադրբեջանին չափից շատ նյարդայնացնի եւ Բաքվում դա գիտեն», - նկատել է բրիտանացի փորձագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին