Ռիքերը հեռացավ, ԱՄՆ-ը կշարունակի խթանել Երեւանի եւ Բաքվի երկխոսությունը - Mediamax.am

5459 դիտում

Ռիքերը հեռացավ, ԱՄՆ-ը կշարունակի խթանել Երեւանի եւ Բաքվի երկխոսությունը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը թողել է իր պաշտոնը։

Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

 

Նա նշել է, որ երբ Ֆիլիպ Ռիկերը համաձայնեց ստանձնել պաշտոնը 2022 թվականի օգոստոսին, նրա հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նա կաշխատի մինչեւ տարեվերջ։

 

«Դեսպան Ռիքերի աշխատանքը արագացրեց մեր ներգրավվածությունը եւ օգնեց ստեղծել կառուցվածքային գործընթաց՝ խնդրահարույց տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», - ասել է Փրայսը:

 

Նա ընդգծել է, որ Ռիքերի հեռանալը կասկածի տակ չի դնում Հարավային Կովկասում խաղաղ ապագա ապահովելու ԱՄՆ հանձնառությունը։

 

«Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը եւ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ երկխոսությանը եւ լուծումների որոնմանը Լեռնային Ղարաբաղին առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին», - ասել է Փրայսը:

 

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը չի հստակեցրել՝ կպահպանվի արդյո՞ք Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։

 

«Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինքենն անձամբ է ներգրավված այս գործընթացում: Ակնկալում եմ, որ առաջիկա օրերին նա հնարավորություն կունենա հեռախոսով զրուցել Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ։ Այդ ջանքերում մեծ դերակատարություն ունի նաեւ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը»,- ասել է Փրայսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին