«Եվրամիությունը պետք է օգնի Հայաստանին պահպանել ինքնիշխանությունը» - Mediamax.am

2655 դիտում

«Եվրամիությունը պետք է օգնի Հայաստանին պահպանել ինքնիշխանությունը»


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս։ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) փորձագետ Ստեֆան Մայսթերը կարծում է, որ Եվրամիությունը պետք է օգնի Հայաստանին պահպանել ինքնիշխանությունը։

DGAP-ի Միջազգային կարգի ու ժողովրդավարություն ծրագրի ղեկավար Մայսթերն այդ մասին գրում է «Պարադիգմայի փոփոխություն. ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները Ուկրաինայի պատերազմից հետո» հոդվածում։

 

«ԵՄ-ն պետք է ավելի շատ ներգրավվածություն դրսեւորի եւ ավելի կոշտ պայմաններ առաջադրի, որպեսզի կանխի Վրաստանի հեռացումը Եվրոպայից եւ օգնի Հայաստանին պահպանել ինքնիշխանությունը եւ մնալ ժողովրդավարացման եւ բարեփոխումների ուղու վրա»,- ասել է փորձագետը:

 

«Ռուսաստանը պետք է դիտվի որպես լուրջ սպառնալիք համաշխարհային անվտանգությանը։ Ուկրաինայի դեմ պատերազմն արագացնում է հետխորհրդային տարածքի քայքայումը, ինչը միաժամանակ մարտահրավեր եւ հնարավորություն է ԵՄ-ի համար։ Ռուսաստանն այլեւս չի կարող ավտորիտար կայունություն ապահովել տարածաշրջանում, ինչը երեւաց 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում, երբ Ադրբեջանն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աջակցությամբ օգտագործեց իր ռազմական գերազանցությունը Հայաստանին այսպես կոչված ավտորիտար խաղաղություն պարտադրելու համար»,- գրում է Ստեֆան Մայսթերը։

 

Նրա խոսքով, Ուկրաինայի պատերազմի հետեւանքով ԵՄ-ի հարեւանության եւ ընդլայնման քաղաքականությունը թարմացման կարիք ունի։

 

«ԵՄ-ին անհրաժեշտ է ռազմավարություն՝ ամրապնդելու իր դերն ու նպատակները Արեւելյան Եվրոպայում, Արեւմտյան Բալկաններում, Հարավային Կովկասում եւ Սեւծովյան տարածաշրջանում»,- նշել է Գերմանիայի արտաքին գործերի խորհրդի փորձագետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին