«Ադրբեջանը զբաղված է եռակողմ հայտարարության տեքստի մանիպուլյացիայով» - Mediamax.am

1369 դիտում

«Ադրբեջանը զբաղված է եռակողմ հայտարարության տեքստի մանիպուլյացիայով»


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը տապալվում են Բաքվի ռազմատենչ հռետորաբանությամբ եւ ռազմական գործողություններով:

Ներկայացնում ենք հատվածներ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Ալեն Սիմոնյանի ելույթից:

 

Սեպտեմբերյան ագրեսիան

 

2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը եւ հրադադարի ռեժիմը, լայնածավալ զինված ագրեսիա են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Ադրբեջանի հարձակողական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ եւ ռազմագերիներ, ինչպես նաեւ կան մի քանի հազար տեղահանվածներ: Ունենք զոհեր խաղաղ բնակչության շրջանում, զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Այս հարձակումներին նախորդել են ագրեսիայի գործողություններ 2021 թ. մայիսին, հունիսին եւ նոյեմբերին:

 

Արձանագրվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ անզեն ռազմագերիների գնդակահարման, բռնության, գերեվարված հայ զինծառայողների մասնատման սարսափելի դեպքեր: Ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել են հայ կին զինծառայողների մարմինների նկատմամբ խոշտանգումների եւ անարգանքի լուսանկարներ ու տեսանյութեր: Ցավոք, միջազգային հանրության կողմից դատապարտված այդ հանցագործությունները լայն հավանություն են ստացել ադրբեջանական հասարակությունում: Այս համատեքստում անհրաժեշտ է պատշաճ միջազգային հետաքննություն անցկացնել, իսկ այդ ոճրագործությունները կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ցավոք, միջազգային եւ տարածաշրջանային կառույցների կողմից միանշանակ եւ հասցեական արձագանքի բացակայությունը, ի պատասխան իր պարտավորությունների չկատարման, թույլ տվեց Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը:

 

Անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ

 

Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ ԱՊՀ ամբողջ տարածքում երկարաժամկետ եւ արդար խաղաղության հաստատմանը. սպառնալիքների եւ հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է: Արդյունավետ բանակցային գործընթացի համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը եւ բոլոր հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակումը:

 

«Միջանցքային» մանիպուլյացիա

 

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ձգտում ենք հարաբերություններ հաստատել տարածաշրջանում գործընկերության հիման վրա: Եվ կարծում ենք, որ սահմանի սահմանազատման եւ հետագա սահմանագծման աշխատանքները պետք է հիմնվեն ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, որոնց համաձայն խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները պետական սահմաններ են դարձել արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

 

Հայաստանը պատրաստ է բացել եղածը եւ նոր կոմունիկացիաներ կառուցել՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են:

 

Ադրբեջանը մշտապես խոսում է ինչ-որ միջանցքի մասին, որի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա: «Միջանցք» բառը հիշատակվում է բացառապես Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում եւ որեւէ առնչություն չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, եւ այդ պայմանավորվածությունների բոլոր զուգահեռները համարում ենք մանիպուլյացիա:

 

Ցավոք, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի մանիպուլյացիան վերածվել է Ադրբեջանի քաղաքականության, եւ դա արտացոլվում է նրանում, որ հակառակ այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրած հայտարարության մեջ հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին