Գրիգորյանը արդյունավետ է համարում Հաջիեւի հետ հանդիպումը - Mediamax.am

3729 դիտում

Գրիգորյանը արդյունավետ է համարում Հաջիեւի հետ հանդիպումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ հանդիպումը գնահատել է «արդյունավետ»:

Այդ մասին նա հայտարարել է  «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում:

 

«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման թեմաները: Դրանք առնչվում են ապաշրջափակման, դելիմիտացիայի, սահմանային անվտանգությանը, որոնք տարածաշրջանին բերում են կայունություն եւ խաղաղություն»,-ասել է Արմեն Գրիգորյանը:

 

Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են փոխկապակցված չորս օրակարգ՝ մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցերը:

 

«Այս ամենի հետ փոխկապակցված կա խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ»,- ասել է նա:

 

Արմեն Գրիգորյանը մատնանշել է երկու հիմնական գործոն, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել դադարեցնել կրակը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական վերջին բախումների ժամանակ: Ըստ նրա՝ դրանք հայկական բանակի պատասխան գործողություններն ու ամերիկյան կողմի ներգրավվածությունն էր:

 

«Պետքարտուղար Բլինքենի անձամբ ներգրավվումը, ով մի քանի զանգ է ունեցել Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաեւ այլ մակարդակներում ԱՄՆ ինտենսիվ ներգրավվածությունը փորձել է կանգնեցնել էսկալացիան»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

 

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում եւ իր հետ բերում հավելյալ անվտանգության երաշխիքներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին