Կայացել է Միրզոյանի, Բայրամովի եւ Բլինքենի հանդիպումը - Mediamax.am

3553 դիտում

Կայացել է Միրզոյանի, Բայրամովի եւ Բլինքենի հանդիպումը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ, հաղորդում են ԱԳՆ-ից:

 

ՀՀ ԱԳ նախարարը կարեւորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։

 

Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։

 

Հանդիպման սկզբում Էնթոնի Բլինքենը, մասնավորապես, ասել է.

 

«Մեզ ոգեւորում է այն փաստը, որ մարտերը դադարեցվել են եւ վերջին մի քանի օրերի ընթացքում որեւէ նոր ռազմական գործողություններ չեն եղել։

 

Վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հետ իմ վերջին հեռախոսազանգերի ընթացքում երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Ուժեղ, կայուն դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն: Կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով: Միացյալ Նահանգները պատրաստ է անել ամեն ինչ՝ աջակցելու այդ ջանքերին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին