Պուտինն ասել է, որ «երկու միլիոնից ավել հայ» է եկել Ռուսաստան - Mediamax.am

2988 դիտում

Պուտինն ասել է, որ «երկու միլիոնից ավել հայ» է եկել Ռուսաստան


Լուսանկարը` ria.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ Ռուսաստան է եկել «ավելի քան երկու միլիոն հայ»։

Վլադիվոստոկում ընթացող Արեւելյան տնտեսական ֆորումի նիստի վարողը նշել է, որ Հայաստանը բախվել է Ռուսաստանից աշխատանքային միգրանտների հոսքի հետ եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են նրանք ինտեգրվում հասարակության մեջ եւ ինչ դեր են խաղում երկրի տնտեսության մեջ։

 

«Կներե՛ս, Նիկոլ, մինչ Նիկոլը կսկսի պատասխանել, ուզում եմ ասել, որ ավելի շատ հայեր Ռուսաստան են եկել։ Ավելի քան երկու միլիոն մարդ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը չի հստակեցրել, թե իր նշած թիվը որ ժամանակահատվածին է վերաբերում։

 

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը իր քաղաքացիների տեղափոխումը Հայաստան ընկալում է որպես ազատ տեղաշարժ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։

 

«Շատերը Հայաստան են եկել, որպեսզի կարողանան աշխատավարձ ստանալ, քանի որ նրանք, փաստացի գտնվելով Ռուսաստանում, աշխատում են արտասահմանում։ Հուսով եմ, որ դա Ռուսաստանում ընկալվում է որպես շարժում ԵԱՏՄ-ի ներսում։ Եվ ԵԱՏՄ-ն ստեղծվել է հենց այն նպատակով, որպեսզի ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժ լինի»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով, Հայաստանից ռուսաստանցիների վերադարձի հավանականությունը «շատ ավելի մեծ է, քան Ֆրանսիայից կամ ԱՄՆ-ից»։

 

 Վլադիմիր Պուտինն իր հերթին ասել է.

 

«Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ ձեռնտու է ռուսական բիզնեսին։ Եթե պայմաններն այնպես են դասավորվել, որ հիմա մարդկանց, հիմնականում, ՏՏ մասնագետներին, ավելի հարմար եւ ավելի հանգիստ է այնտեղ աշխատելը, թող աշխատեն։ Լիովին համաձայն եմ Նիկոլ Վովաեւիչի հետ, որ, իրոք, Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ, ամեն ինչ մոտ է։ Երեւանում կարելի է աշխատել, իսկ ապրել Մոսկվայում, ոչինչ չի խանգարում»։

 

«Մեկնածներից շատերն արդեն վերադարձել են, հասկացել են, որ այստեղ ոչ մի սարսափելի բան չի կատարվում, ամեն ինչ կայուն է։ Եթե ինչ-որ մեկին դուր է գալիս աշխատել Հայաստանում, խնդրե՛մ»,- ավելացրել է Պուտինը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին