Փաշինյանը Բլինքենին՝ մեր հանրությունն աջակցում է խաղաղության օրակարգին - Mediamax.am

4405 դիտում

Փաշինյանը Բլինքենին՝ մեր հանրությունն աջակցում է խաղաղության օրակարգին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է իր նվիրվածությունը խաղաղության օրակարգին եւ ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը:

Հուլիսի 25-ին կայացած քննարկմանը Փաշինյանն ու Բլինքենն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրին:

 

Կառավարությունից հայտնում են, որ «Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին»:

 

Նրանք քննարկել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Բլինքենը ողջունել է Հայաստանի վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը եւ ԱՄՆ պատրաստակամությունն արտահայտել՝ աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

 

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը եւս հաղորդագրություն է հրապարակել հեռախոսազրույցի մասին, որում, մասնավորապես, ասված է.

 

«Պետքարտուղարը զրուցել է Հայաստանի վարչապետի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Պետքարտուղարն առաջարկել է Միացյալ Նահանգների օգնությունը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության կապերի դյուրացման համար։ Պետքարտուղարը խրախուսել է երկկողմ երկխոսության շարունակությունը եւ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում։ Նա վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին եւ նշել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից եւ պատրաստ երկկողմանի հիմունքներով եւ համախոհ գործընկերների հետ միասին ներգրավվել՝ օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին