Միրզոյան․ Բաքուն դեռ շարունակում է հայատյաց հռետորաբանությունը - Mediamax.am

3489 դիտում

Միրզոյան․ Բաքուն դեռ շարունակում է հայատյաց հռետորաբանությունը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ «2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետցնցումները դեռեւս ազդում են Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի վրա»։

Այս մասին նա ասել է հնդկական «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում՝ նշելով, որ «մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն եւ լարված, ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո շատ հարցեր դեռեւս լուծված չեն»:

 

«Պաշտոնական Բաքվից դեռ շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ։ Դեռեւս հոգեբանական տեռոր է իրականացվում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, ինչպես, օրինակ, բարձրախոսներով հնչեցվող կոչերը՝ լքելու իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ստիպել, որ լքեն, կամ գազամատակարարման դադարեցումը եղանակային ծանր պայմաններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռեւս հրադադարի խախտումներ են տեղի ունենում: Վերջին դեպքը մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ներխուժումն է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ։ Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, եւ Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,- ասել է նա։

 

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Արարատ Միրզոյանն ասել է, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։

 

«Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, եւ նույնն ակնկալում ենք թուրքական կողմից։ Չնայած բոլոր ռիսկերին եւ փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, եւ Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին