ՌԴ դեսպանություն. «ԱՄՆ-ն եւ դաշնակիցները չեն բացատրում, թե ինչ են անում Հայաստանում» - Mediamax.am

6285 դիտում

ՌԴ դեսպանություն. «ԱՄՆ-ն եւ դաշնակիցները չեն բացատրում, թե ինչ են անում Հայաստանում»


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել է, որ «մենք դեռ հարցեր ունենք՝ կապված կենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ Հայաստանի փոխգործակցության մասին տեղեկությունների վերաբերյալ, այդ թվում՝ ռազմական գերատեսչությունների միջոցով»։

Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը մայիսի 18-ին «Կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության մասին» վերնագրված հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

«Ս.թ. մայիսի 16-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ուշադրություն է դարձրել նախկին ԽՍՀՄ տարածքում կենսաբանական անվտանգության ապահովման խնդիրներին։

 

Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական ծրագրի մասին տեղեկատվությունը լայն արձագանք է առաջացրել։ Կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության վերաբերյալ դեսպանության կողմից ԶԼՄ-ներից ստացվող հարցերի առնչությամբ ցանկանում ենք նշել հետեւյալը.

 

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է արդյունավետ փոխշահավետ համագործակցություն Հայաստանի հետ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում։ Դրա ակտիվացմանը նպաստել էր 2021 թվականի մայիսին կենսաբանական անվտանգության ապահովման փոխըմբռնման երկկողմ միջկառավարական հուշագրի ստորագրումը։

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում իրականացվում են մի շարք հաջողված ծրագրեր, որոնց արդյունքում ապահովվում է սանիտարահամաճարակային իրավիճակի արդյունավետ մոնիտորինգ, տեղեկատվության փոխանակում, կարեւոր գիտական հետազոտությունների անցկացում, Հայաստանի լաբորատոր ցանցի կատարելագործման գործում տեխնիկական եւ մեթոդական աջակցության տրամադրում եւ մասնագիտացված մասնագետների պատրաստում։ ՄԻԱՎ-ի դեմ պայքարում երկկողմ համագործակցության շնորհիվ Հայաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որտեղ վերացվել է ՄԻԱՎ-ի փոխանցումը մորից երեխային։ Ռուսաստանի կողմից փոխանցված շարժական լաբորատորիաների օգտագործմամբ համատեղ աշխատանքը թույլ է տվել կանխել ժանտախտի եւ այլ վտանգավոր վարակների տարածումը Հայաստանի տարածքում բնական օջախներից։

 

Միեւնույն ժամանակ, կենսաանվտանգության մասին հիշյալ հուշագրի կատարման համատեքստում մենք դեռեւս ունենք հարցեր՝ կապված կենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ Հայաստանի փոխգործակցության մասին ստացվող տեղեկատվության վերաբերյալ, այդ թվում, ռազմական գերատեսչությունների գծով։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Վրաստանում գտնվող եւ իր կողմից ֆինանսավորվող Լուգարի անվան կենտրոնն ուղղորդում է մանրէաբանության եւ համաճարակաբանության ոլորտում Հայաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ համատեղ գիտական հետազոտությունների ակտիվացմանը։ Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաեւ արեւմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնք Պենտագոնի շահերից ելնելով կենսաբանական հետազոտություններ են իրականացնում Անդրկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաեւ Հայաստանում կառույցների առկայությունը, որոնք մասնակցել են կենսանախագծերին Ուկրաինայում։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչ են անում Հայաստանում՝ ռուսաստանյան սահմաններին անմիջական հարեւանությամբ։ Այս գործոնը, անշուշտ, մեր կողմից հաշվի է առնվում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին