Ռուսաստանը նախատեսում է ակտիվորեն օգտագործել «3+3» ձեւաչափը - Mediamax.am

3336 դիտում

Ռուսաստանը նախատեսում է ակտիվորեն օգտագործել «3+3» ձեւաչափը


Լուսանկարը` Reuters


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա) պահանջված եւ խոստումնալից մեխանիզմ է»։

«Մեր ծրագրերում է այն ակտիվորեն օգտագործել Հարավային Կովկասի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ համագործակցությունը զարգացնելու համար։ Նման համագործակցության տրամաբանությունը ենթադրում է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, քաղաքական հակասությունները չսրող եւ փոխադարձ վստահության բարձրացմանը նպաստող հարցերի հավաքական դիտարկում։

 

Տարածաշրջանի բոլոր երկրների ներգրավվածությունն այս գործընթացում բարենպաստ պայմաններ է ստեղծում երկխոսության հաստատման համար, օրինակ՝ Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի միջեւ՝ առեւտրի, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացման միջոցով։ Հարավային Կովկասի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ համագործակցության լրացուցիչ հնարավորությունները կապված են տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացահայտման, նոր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հետ։

 

Երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Մենք ակնկալում ենք, որ այն կանցկացվի մինչեւ առաջին կիսամյակի ավարտը», - ասել է Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին